«Ես դժվարանում եմ հավատալ պրահյան գործընթացի ավարտին: Կարծում եմ, որ կան հույսեր եւ հնարավորություններ ղարաբաղյան խնդրում պայմանավորվածության հասնելու համար: Սակայն ժամանակը սուղ է», «Ազերիթաջ» գործակալությանը հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մանը:
Մանը նշել է, որ համանախագահները երկու երկրներում էլ ընդունելի քաղաքական պատուհանների հույս ունենալով, փորձում են օգտվել դրանից. «Պրահյան գործընթացը սկսվեց 2004 թ.-ի գարնանը: Այդ տարվա վերջին մենք քննարկումներից անցանք բանակցություններ վարելուն: Այս տարվա ընթացքում բանակցություններ վարելուց հետո մենք որոշակի արդյունքներ ենք սպասում համանախագահների որոշումներից»:
Խոսելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Ռամբուեում տեղի ունեցած հանդիպման մասին, Մանը հայտարարել է, որ երկու կողմերը մեծ առաջընթաց են գրանցել, սակայն կան մի շարք լուրջ, չլուծված հարցեր: «Մենք ենթադրում էինք, որ այդ բացթողումները կլրացվեին Ռամբուեում, եւ մենք առաջ կշարժվեինք: Դա տեղի չունեցավ, եւ մենք ափսոսում ենք, որ այդպես եղավ», ասել է ամերիկացի համանախագահը:
Մանի խոսքերով, ղարաբաղյան հակամարտության երկու կողմերը ներկայացված են լուրջ եւ վճռական մարդկանցով: «Այդ պատճառով ես դեռեւս հույս ունեմ, որ հատկացված ժամանակահատվածում մեզ կհաջողվի առաջընթաց գրանցել»: Իսկ հատկացված ժամանակահատված ասելով պետք է հասկանալ 2006 թվականը, մինչեւ տարեվերջ, երբ երկու կողմերը մուտք կգործեն քաղաքական սեզոնը: Համանախագահները հավատում են, որ պայմանավորվածության պետք է հասնել այս տարի: Ընդ որում, ըստ Մանի, եթե 2006 թ.-ին պայմանավորվածություն ձեռք չբերվի, նման խորությամբ բանակցությունների հասնելու համար կողմերին անհրաժեշտ կլինի մի քանի տարի:
Ինչ վերաբերում է Վաշինգտոնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպմանը, ապա, ըստ Սթիվեն Մանի, դա միջնորդների հերթական հանդիպում է, որը թույլ կտա առավել խորությամբ գնահատել Ռամբուեում տեղի ունեցածը եւ նախանշել առաջիկա քայլերը: «Ըստ իս, մենք գտնվում ենք այն փուլում, երբ դրական ուղղությամբ իրավիճակը փոխելու համար անհրաժեշտ է ոչ միայն նախարարների, այլեւ ժողովուրդների կամքը», հայտարարել է Սթիվեն Մանը:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ