ՀՀ որակի տեսչությունն ավարտեց թուրքական արտադրության ապրանքների ստուգումները: Հիշեցնենք, որ ընտրանքային այս միջոցառման պատճառը թուրքական «Սաֆարի» շոկոլադի սալիկի շուրջն առաջացած կասկածներն էին: Շոկոլադի փաթեթավորման վրա իբրեւ արտադրող երկիր նշված էր նաեւ Բաքուն: Հետազոտություններից պարզվեց, որ արտադրող թուրքական ֆիրման պարզապես մասնաճյուղ ունի Ադրբեջանում:
Հետազոտվել են թուրքական արտադրության 45 անուն ապրանքներ, որոնք վաճառքի էին ներկայացրել 42 տնտեսվարող սուբյեկտներ: Առավել հավաստի տվյալներ ապահովելու համար 103 փորձանմուշներ փորձարկվել են միանգամից մի քանի` «Ստանդարտների ազգային ինստիտուտ», «Առողջապահության ազգային ինստիտուտ», «Վանաձոր-թեստ», «Գյումրի-թեստ» ՓԲԸ-ների, «ՀՀ փորձագիտական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության, «Պարեն» գիտաարտադրական միավորման հավատարմագրված լաբորատորիաներում:
Հայաստանի շուկաներում անորակ ու կեղծված արտադրանքի մեջ քաղցրավենիքը, հատկապես թուրքականը, հատուկ տեղ է զբաղեցնում, ինչը հաստատվել է ոչ միայն այս, այլեւ սպառողների միությունների հետազոտություններով:
Ուսումնասիրությունների ժամանակ պարզվել է, որ «Սաֆարի», «Դերբի», «Նուսս», «Շոկ», «Տոյ-տոյ», «Էլվան-շոկ», «Աիրվեյս», «Աերո-շոկ», «Դինաստիա», «Սոլեն-ֆոֆրեշ», «Միս-բիս-դինաստիա» շոկոլադե սալիկները պատրաստված են ոչ թե կակաոյի, այլ բուսական յուղով: Ստանդարտի պահանջներին համապատասխան, շոկոլադի արտադրության ժամանակ արգելվում է օգտագործել կակաոյի յուղի փոխարինիչներ: Այսինքն, շոկոլադի անվան տակ սպառողին մատուցվում է այլ բաղադրակազմով քաղցրավենիքի անհայտ տեսակ:
Սա հարվածում է ոչ միայն համեմատաբար էժան թուրքական տեսակը նախընտրող գնորդի գրպանին ու առողջությանը, այլեւ տեղական արտադրողի շահերին:
Ի լրումն, «Աերո-շոկ» շոկոլադի բաղադրության մեջ հայտնաբերվել է նաեւ ալյուր, որ նույնպես անթույլատրելի է: Ոչ միայն ամռան շոգերին, երբ քաղցրավենիքը որպես կանոն վաճառվում է պահպանման ու ջերմային ռեժիմի խախտումներով, այլեւ հիմա, երբ եղանակը մեղմացել է, մեր վաճառակետերից որակյալ շոկոլադ գնելը խիստ կասկածելի է: Իբրեւ անցանկալի հատկանիշ, դրանց բաղադրությանն ավելանում են նաեւ ամռանը ձեռք բերած որակները: Եթե սրանց էլ գումարենք վերը նշված անթույլատրելի փաստը, պարզ է դառնում, որ թուրքական շոկոլադը, իբրեւ քաղցրավենիքի տեսակ, առանց երկմտելու պիտի դուրս մղենք մեր սննդից:
Պահածոյացված «Ֆրեշ-պիաս» ոլոռը տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չի համապատասխանել ֆիզիկա-քիմիական ցուցանիշներով: Պղտոր հեղուկ, ծլած հատիկներ, որոնք խառնելիս փխլվում են. այսպիսին են ստուգման արդյունքները:
Իսկ «Դանթե», «Բեբետո», «Տիկ-տակ» կոնֆետների, «Ակվաքող», «Գոլֆրեշ», «Պենսիլ-գում», «Օլա-բոլա», «Բուբլ-գում» մաստակների, «Լա-մոնտ» վաֆլիի, «Sokella» շոկոլադե կրեմի մակնշման ցուցանիշները չեն համապատասխանել տեխնիկական պահանջներին: Արտադրանքի վրա նշված չեն եղել պիտանելիության ժամկետները, էներգետիկ արժեքը, զտաքաշը: Հիշեցնենք, որ Սպառողների իրավունքների պաշտպանության միության անցած տարի կատարած ուսումնասիրությունների ժամանակ էլ բացահայտվեց, որ ժամկետանց ապրանքների մեջ ռուսականի կողքին գերակշռում է նաեւ թուրքականը:
Ստուգվել է նաեւ «Թարա» օճառը: Ըստ նորմաների, ճարպաթթուների զանգվածը 1 հատիկ օճառի մեջ պիտի լինի 100 գրամ կամ 64-ից ոչ պակաս, փաստացի եղել է 7,5 գրամ: Այսինքն, թուրք արտադրողն այս դեպքում էլ, ինչպես շոկոլադեղենի, գործել է նույն` էժան հումքով գերշահույթ ստանալու սկզբունքով:
Որակի տեսչությունը կարգադրագրեր է գրել նշված արտադրատեսակների իրացումը արգելելու վերաբերյալ: Թուրքական «էլվան» ընկերության արտադրանքը ներմուծող եւ մեծածախ առեւտուր իրականացնող «Հասմիկ Մանուկյան» անհատ-ձեռնարկատիրոջից պահանջվել է դադարեցնել արտադրանքի վաճառքը, սպառողներին տեղեկացնել այդ մասին եւ նրանցից հետ վերցնել վաճառվածը:
Որակի տեսչությունը 2,3 մլն դրամի սահմաններում վարչական տուգանքներ է կիրառել պատասխանատու անձանց նկատմամբ: Ստուգումները դեռ չեն ավարտվել:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ