«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#39, 2006-03-03 | #40, 2006-03-04 | #41, 2006-03-07


ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԸՙ ԱՂԵՏԻ ԳՈՏԻ

Հայաստանի տարածքի ընդամենը 11,2%-ն է անտառածածկ: Երեւանում անտառածածկ է տարածքի միայն 2%-ը: Սրանք բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի տրամադրած տվյալներն են, որոնք նա հրապարակեց երեկ տեղի ունեցած Երեւանի կանաչ գոտիների առնչությամբ խորհրդարանական լսումների ընթացքում: Թվերն ինքնին խոսուն են, բայց անզեն աչքով էլ իրավիճակի բարդությունը ակնհայտ է, թեկուզ մտերիմ-դրկիցների առողջական վիճակի գնահատականը տալու ճանապարհով: Վերջին 10 տարիներին Հայաստանում 2 անգամ ավելացել է ասթմայով հիվանդների թիվը:

«Երեւանը մոտեցել է էկոլոգիական աղետին: Երեւանի Կենտրոնը արդեն էկոլոգիական աղետի գոտի է», իրատեսորեն եւ մասնագիտական ուսումնասիրությունների հիմքով այսօրվա Երեւանի էկոլոգիական վիճակը գնահատեց բնապահպանության նախկին նախարար Կարինե Դանիելյանը: Նրա տեղեկացմամբ, 300 երեւանաբնակի շրջանում անցկացված հարցման արդյունքում պարզվել է, որ մայրաքաղաքի էկոլոգիական մեծագույն պրոբլեմը հարցվածների 90%-ը համարում է կանաչ գոտիների վերացումը, օդի, ջրի աղտոտվածությունը, իսկ պատճառն, ըստ հարցվածների, քաղաքաշինական սխալ քաղաքականությունն է: Մինչդեռ կառուցապատման ներկայիս խտությունը ամենեւին էլ չի պարտադրվում կամ բացատրվում բնակչության բնական աճով, որը 1986-ին 1000 բնակչին 18,3 երեխա, 1990-ինՙ 16,3, 2004-ինՙ 3,68 երեխա պատկերն ունի: Սակայն ակնհայտ է, որ Երեւանի կենտրոնը «էլիտար» կոչված շենքերով կառուցապատելու ծրագիրը մեծ հաշվով ամենեւին էլ երեւանաբնակի համար չի: Այն ավելի շատ բիզնես ծրագիր է եւ հենց շահույթ ապահովելու նպատակով էլ մեկնարկել է: «Կենտրոնում հողը թանկ է եւ ափսոս է կանաչի տակ թողնելը, շռայլություն է» մայրաքաղաքի նախկին գլխավոր ճարտարապետի միտքը հիշեցնելովՙ Կարինե Դանիելյանը այն հանցավոր մոտեցում համարեց եւ հավաստիացրեց. «Այսօր քաղաքի կենտրոնում հողը թանկ է, վաղը հավասարվելու է զրոյի: Ապրել այնտեղ հնարավոր չի լինի»: Արդեն իսկ ջրի, օդի աղտոտվածությունը, աղմուկի առողջությանը վնասող չափը, էլեկտրամագնիսական ազդեցությունները մեծապես արտահայտված են մայրաքաղաքի կենտրոնում: Բայց այս պատկերը զուգահեռ է ողջ հանրապետությունում արտանետումների կտրուկ կրճատման փաստին, ինչը հիմք է տալիս մասնագետներին ասելու, որ Երեւանը կորցրել է օդային ավազանի ինքնամաքրման ունակությունը: Սա քաղաքը կանաչ գոտիներից զրկելու տրամաբանական հետեւանքն է: Բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչության պետի տեղակալ Մարզպետ Քամալյանի տեղեկացմամբ 1991-95 թվականներին Հայաստանում հատվել է շուրջ 200 հազար ծառ, 1998-2004 թվականին էլ ծառահատումներն իրականացվել են մասսայական շինարարության համար: Քամալյանի կարծիքով այսօր անհրաժեշտ է բնապահպանական ոլորտի օրենսդրության բարելավում, քանի որ եղածն ընդունվել է հիմնականում 90-ականների սկզբին եւ այսօրվա պայմաններում նշանակությունը կորցրած է: Եվ չնայած ընթացիկ տարում բնապահպանության ոլորտին հատկացված բյուջետային միջոցները կազմում են 1 միլիարդ 326 միլիոն դրամ, ինչը 2002-ի համեմատությամբ 4 անգամ ավելին է, այնուամենայնիվ ոլորտի ավելի արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտը չէ, ըստ բնապահպանության նախարարի: Թերեւս սա էլ հաշվի առնելով պետք է եղածի վրա դողայինք, ավերելու փոխարեն:

Ինչեւէ, խնդրին առնչվող տարբեր ոլորտների մեկական մասնագետ չէ, որ ահազանգում է ստեղծված իրավիճակի առնչությամբՙ պնդելով, որ քաղաքաշինության նման տրամաբանությամբ Երեւանը կառուցապատելով քաղաքը զրկվում է քամիների միջոցով օդային ավազանի մաքրման բնական միջոցից, ինչի հնարավորությունն առանց այն էլ մեծ չէ գոգավոր դիրքում գտնվելու պատճառով: Բացի այդ հիմնականում կիսաանապատային տարածքում Երեւանին ուղղակի անհրաժեշտ են կանաչ գոտիներն ու ջրավազանները, բնակությունը օձերին ու կարիճներին չզիջելու համար:

Փաստելով, որ Երեւանի կանաչապատումը միշտ էլ հետ է ընկել ծրագրիցՙ փոխքաղաքապետ Կամո Արեյանը վստահեցրեց, որ Երեւանի 22 հազար հեկտար տարածքից ներկայիս կանաչապատ 4446 հեկտարը պետք է դառնա համարյա կրկնակիՙ 9339 հեկտար, ի հաշիվ հիմնականում Դավիթաշեն, Էրեբունի, Նորք-Մարաշ, Շենգավիթ եւ անգամ Կենտրոն համայնքների ազատ տարածքների (զարմանալի էՙ Կենտրոնում դեռ չզոհաբերված տարածքներ կան) եւ Երեւանի վարչատարածքային բաժանման օրենքի համաձայն, այլ բնակավայրերից մայրաքաղաքին տրված տարածքների: Գուցե, ի վերջո, Երեւանը զերծ պահվի կիսաանապատացման հեռանկարից:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4