Օրերս գրողների միության ղեկավարության աջակցությամբ «Զորավար Անդրանիկ» հայոց համազգային միությունը հոծ հանդիսականների ներկայությամբ նշեց Մեծն Անդրանիկի ծննդյան 141-ամյակը:
Ցերեկույթը յուրօրինակ հոբելյանական էր, միության կողմից անցկացվող 20-րդը («Զորավար Անդրանիկ» ՀՀԲ միության հիմնադրման 1987 թվից սկսած), եւ հուսով եմ, որ մշտապես կնշվի, քանզի կա հայ ազգը:
Արարողությանը առանձնակի ջերմություն հաղորդեց սփյուռքահայ, ծնունդով կիլիկիացի, Սորբոնի համալսարանի իրավագիտության եւ կինոռեժիսորական ֆակուլտետների շրջանավարտ, արցախյան պայքարի կամավոր ազատամարտիկ, առասպելական հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի ռազմի ընկեր, այժմ Երեւանում մշտապես բնակվող Սարգիս Հացպանյանի ելույթը:
Ցերեկույթի արարողությանը համահունչ ընծաներ էր տրամադրել միության վարչության անդամ հրապարակախոս, գրող, արձակագիր Ռոբերտ Կարայանը, որի ցանկությամբ էլ ներկաներին նվիրվեցին իր հեղինակած գրքերը:
Հագեցած օրվա ավարտին սովորականի պես վերլուծելով անցած օրը (այց Եռաբլուրՙ հերոսի գերեզմանին, այց հուշարձանին, արարողություն գրողների տանը) նորից մտորումների մեջ ընկա... ամեն բան կարծես ճիշտ էր, բայց չէ որ կա մատաղ սերունդ, երիտասարդություն, որոնք այսօրվա կենցաղային հորձանուտում չեն ստանում անգամ նվազագույն տեղեկություններ ազգային արժեքների մասին, էլ ուր մնաց մասնակից լինեն...
Հույս էի փայփայում, որ գոնե հաջորդ օրերին լրատվական միջոցներից կտեղեկանայի որեւէ մի դպրոցում կամ բուհում անցկացված Զորավարին վերաբերող որեւէ հանդիսավոր արարողության մասին, քանզի դեռ թարմ է հիշողությանս մեջ, թե ինչպես են թուրքերը ազգովին մեծարում իրենց էնվերներին, թալեաթներին, մասնավորապես Աթաթուրքին` ում ծնունդը վերածում են համազգային խնդության (ինքս եմ ականատես եղել)... իսկ մեր հերոսի հուշարձանի շրջակայքը աղբանոց է:
Հարկավոր են ջանքեր, մեծ ջանքեր ազգային ոգին պահելու համար, ու քիչ է անհատների քարոզը, անգամ բավարար չէ ընտանիքի դաստիարակությունը:
Անհրաժեշտ է պետական կառավարում ազգային բարոյական արժեքների պահպանման, սերմացման եւ ապագա սերունդներին լիարժեք փոխանցման համար:
Առանց անցյալի ապագա չկա, ճանաչենք մեր հերոսներին, պատվենք նրանց հիշատակը, որ գալիք սերունդն էլ հայ մնա եւ Հայաստան ունենա:
ՆՈՐԱՅՐ ՄՈՒՇԵՂՅԱՆ, «Զորավար Անդրանիկ» միության նախագահ