«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#39, 2006-03-03 | #40, 2006-03-04 | #41, 2006-03-07


ԵՎ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ ԳՈԲԵԼԵՆԻ ՄԵՂԵԴԻՆ

1950-ական թվականներին մենք, երբ երիտասարդ էինք, հաճախ էինք Սունդուկյանի անվան թատրոն գնում: Բայցՙ ոչ թե ներկայացում դիտելու: Գնում էինք Փափազյանին, Վաղարշյանին, Ներսիսյանին, Գուլազյանին, մյուս մեծերին տեսնելու:

Զարմանալի զուգահեռ: Երբ 1984 թվականին Լենինականի թատրոնի ճեմասրահի պատին տեղադրվեց արդի հայ գոբելենիՙ որմնագորգի հիմնադիր Կարապետ Եղիազարյանի եւ նրա հետեւորդ Հասմիկ Ղազարյանի «Երգ Հայաստանի մասին» գոբելենը, հանդիսականը այնուհետեւ թատրոն էր գնում դիտելու Կարոյի ու Հասմիկի մեծածավալ այդ աշխատանքը:

Ոչ միայն այդ. Կարապետ Եղիազարյանի տաղանդի փայլատակման մեկ վառ օրինակ էլ կարելի է տեսնել Երեւանի շախմատիստի տան պատերին. այստեղ եւս նրա չորս մեծածավալ գոբելեններն են, որոնք նույնպես գեղեցկություն ու հմայք են տալիս տան հանդիսասրահին:

Այսպես կարելի է շատ թվարկել գոբելենի մեծ վարպետի կատարած աշխատանքները, որոնց սահմանները հասնում են Մոսկվա եւ Ռուսաստանի այլ վայրեր, Ուկրաինա, Ղրիմ...

Վերջին աշխատանքը, որ Հ. Սարգսյանի հետ կատարեց օրերս Երեւանում, կյանքի 74-րդ տարում իր մահկանացուն կնքած վարպետը, Կոտայքի մարզի Թեղենիկ գյուղի Սրբոց նահատակաց նորակառույց եկեղեցու համար 5 մետր բարձրությամբ եւ 3 մետր լայնությամբ վարագույրն էրՙ Մայր Աթոռ ս. Էջմիածնի միաբան Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի պատվերով, որի հայթայթած միջոցներով է կառուցվել այդ հոգեւոր կենտրոնը: Մինչեւ եկեղեցում տեղադրելը, վարագույրը ներկայացվել էր Հայաստանի նկարչի տանը բացված ցուցահանդեսներից մեկում եւ արժանացել մասնագետների բարձր գնահատականին, այցելուների հիացմունքին:

Ի դեպ, այն հավանել էր նաեւ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: Ինքըՙ հեղինակը, շփումների մեջ էր Վեհափառ Հայրապետի հետ, կատարել է Նորին Սրբության որոշ պատվերներ, իր սիրած հոգեւոր թեմայով ծրագրեր էլ ուներ, որոնք, ավաղ, մնացին անկատար:

Կարապետ Եղիազարյանը ծնվել է Երեւանում, որտեղ եւ նկարչություն է սովորել: Լենինգրադում 1950-ական թվականների ուսման ընթացքում խորացել է որմնագորգի ասպարեզում եւ, մերժելով տեղում մնալու փափուկ առաջարկներըՙ բնակարան, աշխատանք եւ այլն, ուսումն ավարտելուց հետո վերադարձել է Երեւան, որպեսզի ստեղծի հայկական գոբելենի դպրոցը: Այժմ այդ դպրոցը կա եւ անուն է վաստակել ոչ միայն Հայաստանում, այլեւ նրա սահմաններից դուրս:

Ըստ Հասմիկ Ղազարյանի վերջերս հրապարակած «Հայկական որմնագորգ» պատկերագրքի, Եղիազարյանի գործի արժանավոր շարունակողներն են ինքըՙ հեղինակը, Եղիազարյանի երկու դուստրերըՙ Մարինան եւ Անուշը, Կառլեն Ավետիսյանը, Նելլի Ասատրյանը, Արուսյակ Պարոնյանը, Միքայել Պետրոսյանը եւ ուրիշներ, 20-ից ավելի պրոֆեսիոնալ արվեստագետներ:

Կ. Եղիազարյանի եւ նրա դպրոցի արվեստը բարձր գնահատականների է արժանացել: Այսպես, Մոսկվայի «Դեկորատիվնոյե իսկուսստվո» ամսագրում (1974թ., թիվ 3), անդրադառնալով Կ. Եղիազարյանի «Աղերս խաղաղության» աշխատանքին, ռուս հայտնի արվեստաբան Նիկիտա Վորոնովը գրել է. «Դա, անշուշտ, մեզանում սյուժետային գորգի լավագույն նմուշներից է: Նման աշխատանքների գոյությունը կրկին հաստատում է, որ դեկորատիվ արվեստի լեզուն եւ հնարքները ճիշտ, տակտով եւ, իհարկե, տաղանդավոր կիրառելու պարագայում ոչ միայն չեն նվազեցնում ստեղծագործության գաղափարապատկերային իմաստավորումն ու սյուժետային բովանդակությունը, այլեւ ընդհակառակը, ուժեղացնում են դրանք, դարձնում առավել ներազդող»:

Գոբելեն ստեղծելը տառապալից աշխատանք է: Երեւի մի օր դա նկատի ուներ Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, որը տողերիս հեղինակի հետ շրջելով Կ. Եղիազարյանի ցուցահանդեսում, ասաց. «Մարդը հրաշալի գեղանկարիչ է, թե ինչո՞ւ է գոբելեն գործում, չեմ հասկանում»:

Հանրապետության վաստակավոր նկարիչ Կարապետ Եղիազարյանի գեղանկարչությունը նույնպես բարձր են գնահատում մասնագետները: Բայց շատ ափսոս, որ ինչպես գույների, այնպես էլ գոբելենի «եղիազարյանական մեղեդին» կանգ առավ մի պահ: Բայց այն կշարունակվի իր ստեղծած դպրոցի վարպետների գալիք բոլոր գույներում ու պատկերներում:

ՎԱՆԻԿ ՍԱՆԹՐՅԱՆ, ԱՐՄԵՆՊՐԵՍԻ թղթակից-«ԱԶԳԻ» համար


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4