Կարճատեւ հանգստից հետո Լինարեսի մրցաշարի մասնակիցները վերսկսեցին պայքարը: Առաջին շրջանի հանդիպումներն անցկացվեցին Մեքսիկայում, իսկ ահա երկրորդ կեսի մրցախաղերն արդեն անցկացվում են իսպանական Լինարես քաղաքում:
Երկրորդ շրջանը Լեւոն Արոնյանը սկսեց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ մրցախաղով: Առաջին շրջանում Լեւոնը սպիտակներով պարտության էր մատնել մրցակցին: Այս անգամ սպիտակներով խաղացող Ռաջաբովին հաջողվեց դիմագրավել Լեւոնի գրոհներին եւ խաղաղ դաշն կնքել: Հաջորդ տուրում Արոնյանը սպիտակներով մրցեց Վասիլի Իվանչուկի հետ, որից միակ պարտությունն էր կրել առաջին շրջանում: Լեւոնին չհաջողվեց ռեւանշի հասնել Իվանչուկի նկատմամբ: Գրանցվեց ոչ-ոքի:
10-րդ տուրում մեծ հետաքրքրությամբ էր սպասվում Արոնյանի մրցախաղն աշխարհի չեմպիոն Վեսելին Թոփալովի հետ: Հիշեցնենք, որ առաջին շրջանում նրանց միջեւ կայացած պարտիան շատ համառ բնույթ էր կրել եւ երկարատեւ պայքարից հետո ավարտվել էր ոչ-ոքի: Այս անգամ սպիտակներով խաղացող Վեսելին Թոփալովը հաղթանակ տոնեց: Նշենք, որ Թոփալովը գերազանց է սկսել 2-րդ շրջանը` փորձելով հետ բերել առաջին շրջանում կորցրածը: Անցկացրած բոլոր երեք պարտիաներում էլ Թոփալովը հաղթանակ է տոնել: Բացի Արոնյանից, նա պարտության է մատնել նաեւ Պյոտր Սվիդլերին ու Էթիեն Բաքրոյին:
Հաջող մրցելույթների շնորհիվ աշխարհի չեմպիոնը զգալիորեն բարելավեց մրցաշարային իրավիճակը եւ 10 տուրից հետո 5,5 միավորով Լեւոն Արոնյանի եւ Թեյմուր Ռաջաբովի հետ բաժանում է 2-4-րդ տեղերը: Արոնյանը մրցաշարում իր 2-րդ պարտությունը կրեց:
Ինչ խոսք, երկրորդ շրջանում պայքարի լարվածությունը հասել է գագաթնակետին: Աղյուսակը գլխավորում է Պետեր Լեկոն, որն առայժմ անպարտելի է եւ իրեն հետապնդողներից առաջ է անցել մեկ միավորով: Լեկոն 2-րդ շրջանի բոլոր երեք մրցախաղերն էլ ավարտել է ոչ-ոքի` միավորը կիսելով Վալյեխոյի, Ռաջաբովի եւ Սվիդլերի հետ: Նա արդեն զգում է իրեն հետապնդողների շնչառությունը, ուստի մնացած պարտիաներում պետք է ավելի համարձակ գործի, խաղա հաղթանակի վճռականությամբ, այլապես հնարավոր է զրկվի գլխավոր մրցանակից:
Մրցաշարի առաջին կեսում հաջող հանդես եկած Պյոտր Սվիդլերը 5 միավորով 5-րդ տեղում է: Մյուս երեք մասնակիցները` Վասիլի Իվանչուկը, Էթիեն Բաքրոն եւ Ֆրանսիսկո Վալյեխոն վաստակել են 4-ական միավոր:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ