«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#40, 2006-03-04 | #41, 2006-03-07 | #42, 2006-03-08


ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՆԱՆՑ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆ Է` ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՍԵՐՆ ՈՒ ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆԸ

Այսօր աշխարհը նշում է կանանց տոնը, որը բերում է միայն գարնանը բնորոշ գեղեցկություն եւ ուրախություն: Հայրերը, եղբայրները եւ ամուսինները որքան էլ զբաղված լինեն, շտապում են շնորհավորել իրենց կանանց, քույրերին եւ աղջիկներին: Ծաղիկները, քաղցրեղենը, օծանելիքը կամ այլ նվերները տղամարդկանց ամենաջերմ վերաբերմունքի եւ սիրո արտահայտությունը կարող են լինել կանանց եւ աղջիկների համար, ովքեր այնքան սպասում եւ կարեւորում են տղամարդկանց վերաբերմունքն ու սերը: Մեծ են նաեւ հայ կանանց եւ աղջիկների սպասելիքները, որոնք համոզված են, թե տղամարդիկ հնարավոր ամեն բան պետք է անեն իրենց շրջապատող սիրելի եւ գեղեցիկ էակներին հաճելի պահեր պարգեւելու համար: Ավելին, նրանք հուշում են տղամարդկանց, թե ինչ են սպասում նրանցից` իհարկե, չկորցնելով ըմբռնման հատկությունը եւ չմոռանալով սոցիալական վիճակը:

Սուսաննա Զաքոյան- Մեր հայ կանայք բոլորը թող առողջ լինեն եւ գեղեցիկ: Այսօր ահա քայլում ենք փողոցում եւ տեսնում ենք, թե մեր կանայք որքան գեղեցիկ են, եւ ես ցանկանում եմ, որ ամբողջ տարին նրանք այդպես գեղեցիկ լինեն: Ցանկանում եմ, որ այս օրը նրանք անցկացնեն իրենց ամենահարազատ մարդկանց` ամուսինների, ընկերների, եղբայրների հետ, գնան մի տեղ կամ տանը հավաքվեն, նշեն եւ ոչ մի պարագայում չմոռանան: Մեր սպասելիքները տղամարդկանցից մեծ են, եւ ես վստահ եմ, որ նրանք մեզ անուշադրության չեն մատնի: Կարծում եմՙ մեր տղամարդիկ շատ շնորհքով են:

Նարինե (ուսանողուհի)- Մարտի 8-ի կապակցությամբ բոլոր հայ աղջիկներին եւ կանանց ցանկանում եմ ամենակարեւորըՙ երջանկություն, կանացիություն, բարություն ու ժպիտ, որովհետեւ հարգելի կանայք, աղջիկներ, մեզ կփրկի միմիայն սերն ու ժպիտը: Ես խորհուրդ կտամ կանանց այդ օրը թողնել իրենց բոլոր հոգսերը, առօրյա գործերը եւ օրը իրոք վայելել, գնան զբոսնելու կամ որեւէ սրճարան, ամենակարեւորըՙ սիրած անձնավորության հետ, որպեսզի օրն իրոք գեղեցիկ անցնի: Տղամարդկանցից ակնկալում ենք, որ նրանք որեւէ ջանք չխնայեն, որ կանանց տոնը կազմակերպեն գեղեցիկ, որովհետեւ ի վերջո դա նաեւ նրանց տոնն է եւ գոնե այդ օրը անմոռանալի դարձնեն կանանց համար:

Նադյա Միրայան, ծաղկավաճառ- Եթե մարդը մի քիչ ապրումներով հարուստ է լինում, ամեն ինչն էլ լավ է լինում, իսկ եթե ապրումներդ, ապրելակերպդ վատ է լինում, դու ոչինչ էլ չես հասկանում կանանց միջազգային օրվանից: Էն տղամարդիկ են կանանց տոնը հիշում, ովքեր հնարավորություն ունեն, իսկ ովքեր էլ չունեն, իրենց կանանց մոտ գլխիկոր են մնում: Եթե ամուսիններն ու տղամարդիկ չեն կարողանում իրենց կանանց շնորհավորել, համ իրենք են իրենց աչքից ընկնում, համ մեզ մոտ են վատ զգում, այսինքնՙ սոցիալականը շատ մեծ դեր ունի: Իսկ մաղթանքները, իհարկե, շատ են, ամենակարեւորըՙ հայ կանայք լինեն առողջ եւ երջանիկ:

Մայր եւ դուստր Աչոյաններ-Շնորհավոր մեր բոլոր կանանց եւ աղջիկների տոնը` առողջություն, երջանկություն եւ սեր նրանց: Թող միշտ ժպտան նրանք եւ ցանկալի է, որ այս տոնը լավ նշվի` անկախ նրանից, թե սոցիալական վիճակն ինչպիսին է:

Սիրելի տղամարդիկ, մի մոռացեք, որ կանանց համար ամենակարեւորը ձեր ջերմությունն է ու սերը: Մի վարանեք ձեր սիրելիին գոհացնելու համար, իսկ սահմանափակ հնարավորությունները թող չընկճեն ձեզ, որովհետեւ ձեզ շրջապատող կանայք հասկացող եւ ըմբռնող են ու ձեր ուշադրության ամենափոքր դրսեւորումն էլ կգնահատվի եւ երկար կհիշեցնի ձեր սիրո մասին:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4