ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Կյունին կազմակերպել էր ընդունելությունՙ Կանանց տոնի առիթով: Հյուրերին նվիրելով ծաղիկներ, դեսպանն իր շնորհավորանքի խոսքում նշեց. «Կանանց տոնը բնական է, որ Ֆրանսիայի դեսպանատանը պիտի կայանար, քանի որ հանրապետության հռչակվելուց ի վեր Ֆրանսիայի խորհրդանիշը կնոջ դեմքն է, իսկ հավերժ երիատասարդ ու գեղեցիկ Մարիանի կիսանդրին տեղադրված է ֆրանսիական յուրաքանչյուր քաղաքապետարանում...»: Պրն դեսպանն իր խոսքում մեջբերեց տկն Ստայելի վրդովված խոսքն այն մասին, որ «պետական եւ քաղաքացիական գործերից կանանց հեռացնելը ճիշտ է: Ոչինչ ավելի հարկադրված չէ նրանց բնական կոչումին, քան այն, ինչը տղամարդկանց հետ մրցակցության հարաբերություններ կտա նրանց, իսկ ինքնին փառքը կնոջ համար կլինի միայն երջանկությունից պոռթկացող վիշտը»:
Անրի Կյունին նշեց, որ Հայաստանում գտնվելով ավելի է համոզվում, որ «կանանցով են զարգացում ապրելու հասարակությունները: Մեղմությունը նրանց ուժն է, նրանց նվիրվածությունըՙ մեր պաշտպանվածությունը, նրանց առեղծվածըՙ մեր հավատքը: Մասիս սարի փեշերին հանգրվանած այս փոքր երկրին հայ կանայք խոստանում են խաղաղություն, բանիմացություն եւ խելամտության ապագա» եւ իր խոսքն ավարտեց Վոլտերի խոսքերով. «Աստված կանանց ստեղծել է տղամարդկանց ձեռնասուն դարձնելու համար»:
Ընդունելության ժամանակ տեղի ունեցավ փոքրիկ համերգ «Նոր անուններ» պատանի երաժիշտների կատարմամբ: Հնչեցին Ա. Խաչատրյանի, Շոպենի, Խ. Ավետիսյանի, Ռոսինիի, Ռիմսկի Կորսակովի, Ֆ. Լիստի եւ Ստ. Շաքարյանի ստեղծագործությունները:
Մ. Մ.