«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#40, 2006-03-04 | #41, 2006-03-07 | #42, 2006-03-08


ԹՈՒՐՔԻԱՆ ԿԱՐՈՂ Է ՕԳՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

Եթե Ադրբեջանն ու Թուրքիան ռազմական դաշինք կնքեն, Թուրքիան կարող է օգնել ադրբեջանական կողմին ռազմական գործողություններ վերսկսելու դեպքում: Այս մասին, ադրբեջանական «Ազերիպրես» գործակալության հաղորդմամբ, հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Թուրան Մորալին: Թուրքիայի դեսպանը հիշեցրել է, որ ներկա դրությամբ երկու երկրների միջեւ դեռեւս ռազմական դաշինք ստեղծելու պայմանագիր չի կնքվել: Մորալին ընդգծել է, որ ճիշտ չի համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական կարգավորումը: «Ամեն դեպքում, կողմերը պետք է ձգտեն խաղաղության», հայտարարել է Թուրքիայի դեսպանը:

Մորալիի խոսքերով, ներկա դրությամբ, համաձայն Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ կնքված ռազմական համագործակցության պայմանագրի, Թուրքիան տարատեսակ օգնություն է ցույց տալիս Ադրբեջանի զինված ուժերին: «Թուրքիան Ադրբեջանի հետ համատեղ տարբեր ծրագրեր է իրականացնում: Մենք այս տարի եւս պատրաստվում ենք օգնություն ցույց տալ ինչպես տարբեր բնույթի ծրագրերի իրագործման, այնպես էլ այլ կարգի հարցերում, նաեւ կշարունակենք ծրագրերի իրագործումը: մենք օգնություն ցույց կտանք տեխնիկա տրամադրելով, զինավարժություններ անցկացնելով եւ այլն», մանրամասնել է դեսպան Մորալին:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4