«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#40, 2006-03-04 | #41, 2006-03-07 | #42, 2006-03-08


ՔԱՆԻ ԴԵՌ ՉԻ ԲԱՐՁՐԱՑԵԼ ԻՆՔՆԱԹԻՌ, ՋՈՆ ԷՎԱՆՍԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԻՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանում Մ. Նահանգների դեսպան Ջոն էվանսի հետ կանչվելուն երեկ առաջինը արձագանքեց «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը: Նա պատահական ու անսպասելի չի համարել Մ. Նահանգների այդ քայլը, քանի որ այդ մասին խոսակցությունները սկիզբ են առել անցած տարվա փետրվարի 19-ին Կալիֆոռնիայի Բերքլի համալսարանում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Էվանսի համարձակ ելույթից հետո: «Ես խորապես ուսումնասիրել եմ եւ այսօր այն կանվանեմ Հայոց ցեղասպանություն: Կարծում եմ, մենք, Մ. Նահանգների կառավարությունը, պարտական ենք ձեզՙ մեր երկրի երիտասարդ քաղաքացիներին, ավելի անկեղծ ու ազնիվ քննարկելու այդ խնդիրը: Որպես այդ հարցը ուսումնասիրած մեկը, որեւէ կասկած չունեմ կատարվածի վերաբերյալ: Իմ կարծիքով, ամերիկացիներիս վայել չէ բառախաղով զբաղվել այստեղ: Ես հավատում եմ, որ իրերը պետք է կոչել իրենց անուններով», իր ելույթի ժամանակ ասել է Էվանսը: Հայոց ցեղասպանությունը համարելով 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը նա հավելել է. «Ես վստահեցնում եմ ձեզ, որ մենք պատրաստվում ենք լավ աշխատել այս խնդրի վրա»: Նա նաեւ հայտնել է, որ ինքը խորհրդակցել է Պետդեպարտամենտի իրավական խորհրդատուի հետ, եւ նա իր հերթին հաստատել է, որ 1915 թվականի դեպքերը «սահմանվել են որպես ցեղասպանություն»:

Սասունյանը անդրադարձել է նաեւ Էվանսի հայտարարությանը հաջորդած թուրքերի եւ ադրբեջանցիների բողոքներին, հիշեցնելով, որ վերադասի կարգադրությամբ Էվանսը հետագայում հարկադրված եղավ «հստակեցումներ» մտցնել իր հայտարարության մեջ: Էվանսը առաջացած «թյուրըմբռնումը» մեղմելու համար հայտարարեց, որ «ցեղասպանություն» տերմինն օգտագործելով արտահայտել է իր «անձնական» մոտեցումը: Դրանից հետո Էվանսից պահանջվել է իր խոսքում նոր «ուղղում» մտցնելՙ «Հայոց ցեղասպանության վերաբերյալ Մ. Նահանգների քաղաքականություն» արտահայտությունը փոխարինելով «Հայերի ողբերգության վերաբերյալ Մ. Նահանգների քաղաքականությունը»:

Էվանսն այդ «ուղղումները» արել է Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի բողոքից հետո: Մի քանի ամիս անց, ինչպես հիշեցնում է Սասունյանը, Պետդեպարտամենտը ճնշում է գործադրում Մ. Նահանգների օտար ծառայությունների միության վրա, վերջինից պահանջելով անսովոր քայլ անելՙ չեղյալ հայտարարել Էվանսին «Կառուցողական անհամաձայնություն» պարգեւը հանձնելու արարողությունը, որ նախատեսված էր հունիսի 17-ին: «Դա ուղղակի հեգնանք է, որ դեսպան Էվանսը զրկվեց «անհամաձայնություն» պարգեւից պաշտոնական Ամերիկային չհնազանդվելու համար: Այդ ընթացքում նա անսպասելի հրավիրվեց Վաշինգտոնՙ իր ղեկավարների հետ խորհրդակցելու», գրում է Սասունյանը:

Ըստ «Կալիֆոռնիա կուրիերի» խմբագրի, Հայաստանի բարձրաստիճան ղեկավարներին իրեն հետ կանչելու Վաշինգտոնի որոշման մասին Էվանսը հայտնել է անցած շաբաթ, տեղեկացնելով, որ իրեն փոխարինելու է Տաջիկստանում Մ. Նահանգների դեսպան Ռիչարդ Հոուգլանդը:

Սասունյանը հայտնում է, որ ամերիկյան տեղեկացված աղբյուրները հաստատել են Էվանսին հետ կանչելու իրական պատճառըՙ Հայոց ցեղասպանության մասին բաց ու համարձակ խոսելը:

«Դեսպան Էվանսը դրսեւորել է սկզբունքային դիրքորոշումՙ դրա համար զոհաբերելով իր դիվանագիտական կարիերան: Նույնիսկ եթե արդեն շատ ուշ է Մ. Նահանգների որոշումը փոխելու, բոլոր հայերը, մասնավորապես ամերիկահայերը պետք է արտահայտեն իրենց զայրույթը Հայոց ցեղասպանության մասին ճշմարտություն ասելու համար հայտնի դեսպանի հանդեպ Նահանգների պատժիչ արարքի դեմ: Եթե հայերն այս դեպքում լռեն, այլեւս ոչ մի ամերիկյան դիվանագետ, շատ լավ իմանալով, որ վտանգելու է իր կարիերան, այլեւս համարձակություն չի ունենա խոսելու Հայոց ցեղասպանության մասին, այլեւս ոչ ոք ուշադրության չի արժանացնի այս խնդիրը», գրում է Հարութ Սասունյանը:

Երեկ լրագրողները հնարավորություն ունեցան ուղղակի աղբյուրիցՙ պրն Էվանսից ճշտելու իր հետկանչման մասին տեղեկությունը: ԱՄՆ դեսպանատանը փոխպետքարտուղարի տեղակալ Մեթյու Բրայզայի հետ ասուլիսին (տեսնել վերեւի սյունակը) ներկա էր նաեւ դեսպանը, որն իրեն ուղղված հարցմանը պատասխանեց. «Մենք բոլորս մեր երկրի նախագահին ենք ծառայում: Ես հույս ունեմ, որ ոչ ոք չի սպասում, որ որեւէ մի դեսպան մնա մեկընդմիշտ: Փաստացի, ես չգիտեմ, թե երբ եմ Հայաստանում իմ պաշտոնավարումն ավարտելու: Եվ ես դեռ աշխատանքից դուրս գալու փաստաթղթեր չեմ ներկայացրել: Եվ առայժմ այստեղ եմ գտնվում ու կշարունակեմ այստեղ այս առաքելության ղեկավարը մնալ այնքան ժամանակ, քանի դեռ չեմ բարձրացել ինքնաթիռ ու երկրից չեմ հեռացել»:

Իր հերթին, Մեթյու Բրայզան նշեց, որ Էվանսին հետ կանչելու հարց չկա եւ նա հիանալի դեսպան է: ԱՄՆ-ի համար հաջողություն է, որ Ջոն Էվանսը Հայաստանում է, եւ նրա հեռանալը կլինի հնարավորինս ուշ:

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4