«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#40, 2006-03-04 | #41, 2006-03-07 | #42, 2006-03-08


ՄԱՐՏԻ 18-ԻՆ ԲԵՌԼԻՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ «ԹԱԼԵԱԹ ՓԱՇԱՅԻ ԱՐՇԱՎԸ» ՁԱԽՈՂՎԵՑ

Թուրքերը նույն օրը երթի են դուրս գալու Ֆրանսիայի Լիոն քաղաքում

«Ազգը» դեռեւս փետրվարի սկզբներին առանձին հրապարակումներով անդրադարձել էր «Մեծ նախագիծ-2006»-ի թուրքական նախաձեռնությանը, իսկ մարտի 2-ի համարում տեղեկացրել էր, որ Թուրքիայում իշխող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության պատգամավորները պաշտոնապես հրաժարվել են մասնակցել «Թալեաթ փաշայի արշավին», որը նախագծի շրջանակներում նախատեսվում էր մարտի 18-19 իրականացնել Բեռլինում:

Հատկանշական է, որ պատգամավորների օրինակին հետեւել են Գերմանիայում գործող թուրքական կազմակերպությունները, որոնց թվում են Գերմանիայի թուրքական կազմակերպությունների համակարգող խորհուրդը, Եվրոպայի թուրք-իսլամական միությունը, «Գորշ գայլերին» հարող թուրքական ֆեդերացիան, ինչպես նաեւ մինչ այդ արշավի կազմակերպման պատասխանատվությունն ստանձնած «Բեռլինի թուրքական համայնքը»:

Այս ամենը հիմքը է տալիս ենթադրելու, որ Բանվորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքի նախաձեռնած արշավը ձախողվել է: Ըստ երեւույթին կձախողվի նաեւ «Մեծ նախագիծ-2006»-ը: Հարկ է սակայն նշել, որ առաջիկա օրերին նախատեսվող թուրքական նախաձեռնությունները «Թալեաթ փաշայի արշավով» չեն սահմանափակվում: Մարտի 18-ին Լիոնում բնակվող թուրքերը երթի են պատրաստվում բողոքարկելու քաղաքի հրապարակներից մեկում քաղաքապետարանի որոշմամբ Մեծ եղեռնի հուշարձանի կառուցումը:

«Զաման» թերթի մարտի 7-ի համարի տվյալներով, Լիոնի թուրքական միությունները քաղաքապետարանի որոշումը կասեցնելու նպատակով նույնիսկ դիմել են դատարան, բայց ապարդյուն, իսկ քաղաքապետարանը մերժել է հուշարձանի կառուցումը կասեցնելու նրանց պահանջը, որից հետո վերջիններս որոշել են բողոքի երթ կազմակերպել Լիոնում:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4