Երեւանում հողի առուվաճառքը ամենախոստումնալից բիզնեսն է դարձել
Երեկ մինչեւ ժամը 15-ը Մանուկ Գասպարյանը ժամանակ էր տվել բուսաբանական այգու տարածքը գրաված ձախորդ գործարարներին, որպեսզի նրանք այդտեղից հեռացնեն շինարարական տեխնիկայի վերջին հետքերը: Նրանք արդեն հասցրել էին այստեղ 11 փոս փորել: «Ժողովրդավարական ուղի» նորամանուկ կուսակցության ղեկավարը շատ հպարտ է, որ կարողացավ խափանել նրանց սեւ գործը, եւ հատուկ ասուլիս էր հրավիրել շնորհակալություն հայտնելու վարչապետին, տարածքային ենթակառուցվածքները համակարգող նախարարին, լրատվամիջոցների մի փոքրիկ հատվածի, որոնք անմիջապես արձագանքեցին իր ահազանգին:
Ուրբաթ օրը վարչապետի հրահանգով կասեցվել է շինարարությունը: Ավելին, նրա անմիջական հովանավորությամբ մինչեւ մարտի վերջ կվերականգնվի Քանաքեռից դեպի բուսաբանական այգի ոռոգման համակարգը: Գյուղնախարարին էլ հանձնարարվել է տնկիներով ապահովել ապրիլին բուսաբանական այգում կազմակերպվելիք ծառատունկը: Դրան մասնակցելու կոչ արվեց նաեւ լրագրողներին:
Ի դեպ, ծրագիրը փակելու հանձնարարական է եղել նաեւ նախագահի աշխատակազմից:
Մանուկ Գասպարյանը հայտնեց, որ իրեն հաջողվել է փրկել ոչ միայն այդ 5 հա-ն: Պարզվում է, եւս 20 հա նախատեսել էին էլիտար հյուրանոցի շինարարության համար: Հեղինակները, սակայն, իրենց ձեռնարկը ներկայացնում էին էկոտուրիզմ զարգացնելու վարագույրի տակ:
Մանուկ Գասպարյանը չհայտնեց, թե ովքեր են «ազգագրական» հյուրանոց -տնակների այդ խորհրդավոր տերերը, ակնարկելով միայն, որ նրանք միջին տրամաչափ օլիգարխներ են: Նրանցից 7-ի անունները նա հասցրել է ճշտել, պարզել, որ ամեն մեկը մայրաքաղաքում եւս 4-5 տեղ հողեր ունի: «Չինովնիկների եւ օլիգարխների մի տեսակ է առաջացել, ում մոտ փողի ավելցուկ է առաջացել: Եվ հող առնելը Երեւանում մոդա է դարձել: Հիմա հողի գները բարձրանում են Մոնումենտի, Քանաքեռի կողմերում: Հետո 100 մլն դոլարի կարող էին վաճառել այդ հողերը»:
Այնուամենայնիվ, ինչո՞վ բացատրել օպերացիայի երջանիկ ավարտը, երբ մենք նման պատմությունների տխուր վերջաբանների բազմաթիվ նախադեպեր ունենք: Ասենք, օրինակ, «Հաղթանակ» զբոսայգում կառուցված «Golden palase» հյուրանոցը, որի համար երկար մենամարտեցին էկոլոգիական կազմակերպությունները` գործը նույնիսկ դատարան հասցնելով: Հավանաբար, այս անգամ այգու կանաչի ոչնչացման հեղինակները փոքր տրամաչափի, ուրեմն եւ հեշտ հաղթահարելի չինովնիկներ էին: «Ազգի» այս հարցադրում-կարծիքին Մանուկ Գասպարյանը լիովին համաձայն էր:
Մանուկ Գասպարյանը անդրադարձավ նաեւ Մոնումենտի բարձունքում կառուցվելիք Կանադական թաղամասին, որի շուրջը եւս ժամանակին աղմուկ բարձրացավ, եւ աղմուկի հեղինակներից մեկն էլ ինքն էր: 3 տարի է անցել, եւ այստեղ ոչ մի կառուցապատում չի եղել, որովհետեւ, ըստ պատգամավորի` «այստեղի 1000-1200 քառ. մետրը պատրաստվում են 150-200 հազար դոլարով մաս-մաս վաճառել»:
Մյուս ճակատը, ուր Մանուկ Գասպարյանը 2 օրից պատրաստվում է ճակատամարտել, գազի սակագներն են: Հայտնի է, որ մարտի 10-ին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում քննարկվելու է գազի սակագնի խնդիրը: «Գազի գինը պետք է հաստատվի մաքսիմում 70-75 դրամի սահմաններում», հայտարարեց նա, իր ասելով` հենվելով տնտեսագետ Էդվարդ Աղաջանովի հաշվարկների վրա: «Աղետ կլինի, եթե բնակչության համար 1000 խմ գազի գինը դառնա 240 դոլար: Դա «Հայռուսգազարդի» կամայական հաշվարկների արդյունքն է»:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ