Ուրանի շահագործումը վաղաժամ է
«Գազի սակագների թանկացումը անպայման կազդի հանքարդյունաբերության ձեռնարկությունների արտադրանքի գնի վրա», երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության բնօգտագործման էկոնոմիկայի եւ հանքարդյունաբերության վարչության պետ Արթուր Աշուղյանը: Նրա հավաստմամբ, ավելի շատ կտուժեն ցեմենտի արտադրության գործարանները եւ ձուլարանները: Մասնավորապես, ըստ վարչության պետի, ցեմենտի ինքնարժեքի մեջ 32-42 տոկոսը գազին է բաժին հասնում, իսկ թանկացումից հետո դա կդառնա 50-60 տոկոս, ինչը ցեմենտի գինը կարող է թանկացնել մոտ 15 տոկոսով: Սա նշանակում է, որ հայկական ցեմենտի արտահանման համար լուրջ խնդիրներ կառաջանան, քանի որ գնի բարձրացման պատճառով արտաքին շուկայում կարող է դառնալ անմրցունակ:
Մինչ այդ Արթուր Աշուղյանը ներկայացրեց ոլորտի 2005 թ.-ի գործունեության արդյունքները, որից պարզ դարձավ, որ արտադրանքի ծավալներն անցյալ տարի ավելացել են մոտ 30 մլրդ դրամով եւ կազմել 248 մլրդ դրամ: Իրացումն ավելացել է 43 տոկոսով, արտահանումըՙ 18 տոկոսով: Ոլորտում աշխատողների թվաքանակը կազմել է 10345 մարդ, միջին աշխատավարձըՙ 80 հազար դրամ: Այս տարվա հունվար ամսվա տվյալները հետեւյալն էինՙ թողարկվել է 14,3 մլրդ դրամի արտադրանք, իրացվելՙ 13,8 մլրդ դրամի արտադրանք, որից արտահանումը կազմել է 7,3 մլրդ դրամը: Ոլորտի աշխատողների միջին աշխատավարձը կազմել է 90 հազար դրամ նախորդ տարվա 80 հազարի փոխարեն:
Հայաստանում ուրանի հանքերի առկայության վերաբերյալ լրագրողների հարցին Արթուր Աշուղյանը պատասխանեց, որ այդ մասին հայտարարությունը հայտնվել է «Գլոբալ գոլդ» ընկերության կայքէջում, ըստ որի ուրանի հանքավայրեր են առկա Գետիկի ավազանում: Վարչության պետը հաստատեց, որ ուրանի հանքեր այդ վայրում կան, սակայն խոսքն առայժմ հետախուզական աշխատանքներ սկսելու մասին է, որպեսզի պարզվեն այդ հանքերի շահագործման հնարավորությունն ու արդյունավետությունը: «Այդ հանքերի նշանակության մասին դեռ վաղ է խոսելը», նշեց վարչության պետը, ավելացնելով, որ հետախուզում իրականացնող ընկերությունը դեռեւս չի դիմել առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությանը հանքավայրը շահագործելու թույլտվություն ստանալու համար:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ