Արտոն ու իր նվագախումբը հավատում ու սիրում են հանդիսատեսին
Ապրիլի 7-ին Լոնդոնում տեղի կունենա «Բի Բի Սիի» համաշխարհային երաժշտական մրցանակաբաշխությունը: 12 հոգանոց ժյուրին ողջ աշխարհից ներկայացված 40 երաժիշտներից եւ երաժշտական խմբերից արդեն ընտրել է 9 լավագույններին, որոնք իրենց կատարումներով կգեղեցկացնեն լոնդոնյան տոնը: Ամենից կարեւոր անվանակարգիՙ «Աշխարհի մրցանակի» հաղթողի անունը դեռ հրապարակված չէ: Այդ մրցանակին կարժանանա ինտերնետային քվեարկության արդյունքում ամենից շատ ձայներ հավաքած խումբը: Հայտնի է, որ 40 թեկնածուներից ամենից շատ ձայներ հավաքած 4 լավագույններից մեկը «Հայկական նավատորմի նվագախումբն է»: Նվագախմբի ղեկավար Արտո Թունջբոյաջյանն ասում է, որ հաղթանակները ճանաչում են բերում, սակայն իր համար ամենից մեծ մրցանակը հանդիսատեսի համակրանքն ու սերն է: Արտոն արդեն մրցանակաբաշխության հրավերը ստացել է, սակայն մինչ Լոնդոն մեկնելը շարունակում է իր գործըՙ երգը: Արդեն մի քանի տարի էՙ եթե Արտոն Հայաստանում է, ուրեմն մինչ կեսգիշեր նվագախմբին կարելի է լսել կատարողների եւ իրենց երգի երկրպագուների համար հարազատ դարձած Ավանգարդ ֆոլկ ակումբի փոքրիկ բեմահարթակում:
Մեծ բեմահարթակի նախագիծ եւս կա: Նույնիսկ մի քանի անգամ այնտեղ համերգներ են տեղի ունեցել, սակայն Արտոն չի շտապում: «Ամեն ինչ կամաց-կամաց, ասում է: Միայնակ կարող ես գործ սկսել, սակայն միայնակ ավարտելը մի քիչ դժվար է: Նոր սարքավորումներով ու հարմարություններով ենք մեծ դահլիճը պատրաստելու, թատերականացված համերգներ, բարեգործական ակցիաներ ենք անելու»:
Արտոն նույն տեղում երկար ժամանակ չի ապրում, ասում էՙ ամենից շատը 2-3 ամիս: «Հիմա այստեղ եմ, սա է իմ տունը: Քաղաքում ապրել չեմ սիրում, քաղաքում ի՞նչ կա սիրելու»: Զոլաքարում տուն է կառուցում: Առաջին հարկն արդեն կանգնած է: Այստեղ էլ չի շտապում: Երկրորդ հարկը երեւի այս տարի կավարտի: Կինը, որդին Հայաստան եկել են, սակայն Նյու Յորքում են ապրում: Նրանց էլ է կարոտում, միայնակ չի թողնում:
Աշխարհի ամենատարբեր ծայրերում նվագել ու երգել է «Հայկական նավատորմի նվագախումբը», Արտոն այդ ճանապարհներին ու համերգներին շուրջ 400 ստեղծագործություն է հորինել: «Մենք մեր ստեղծագործությունը, երաժշտությունը հանդիսատեսի աչքի առջեւ ենք ստեղծում, ասում է խմբի դաշնակահար Վահագն Հայրապետյանը, դա է նրանց հետաքրքրում: Հանդիսատեսը մասն է դառնում այն երաժշտության, որ վայրկյաններ հետո լսում է մեզանից»: Կենդանի, տեղում հորինված ու կատարված երգը ժամանակի մասին ու ժամանակի համար է: Դաշնակահարը գտնում է, որ իրենք հենց ժամանակի երգն են երգում, այդ պատճառով էլ հաջողության են հասնում: Իսկ արվածի գնահատականը այնքան հարազատ դարձած հանդիսատեսն է, որ արդեն 8 տարի լսում է «Հայկական նավատորմին» եւ հետեւում է նրա հաջողություններին: Արդեն 5 ձայնասկավառակ են թողարկել, 3-ը ձայնագրում են:
Արմեն Հյուսնունցի գնահատմամբ, այսօր Երեւանում ջազը դեռ ակումբային երաժշտություն է, պոպն ավելի մեծ պահանջարկ եւ լսարան ունի, սակայն «առաջընթացը նկատելի է, դաշտը կայունանում եւ ընդլայնվում է: Երեւանում ջազի նոր մոտեցումներ, ուղղություններ են ի հայտ գալիս, ասում է նա: Երիտասարդ ստեղծագործողների համար բավականին լավ հիմք է ստեղծված»:
Վահագն Հայրապետյանը նույնպես առաջխաղացում տեսնում է: «Հայ երգիչն ու երգչուհին հանկարծ հիշել են, որ հայ են, պետք է հայերեն երգեն: Հիշել են, որ կենդանի կատարումներ են հարկավոր»: Վահագնը մեր հասարակությունում ոչ միայն երաժշտության ընկալման, այլեւ մեր երկրի, հայրենիքի, քաղաքի հանդեպ աշխարհայացքային փոփոխություն է նկատում:
Արտոն լավատես է, դժվարությունները նա հաղթահարում ու առաջ է գնում: «Երեկը վաղվա համար լավ օրինակ է, բայց չպետք է անցյալ օրով ապրես: Երիտասարդ կմնաս, եթե այսօրը վաղվա երազով ապրես: Ինձ ապրեցնում է երիտասարդների աչքերում գտածս լույսը», ասում է Արտոն ու նոր երգեր գրում:
Սպասենք Լոնդոնին: Այնտեղ գուցե հայ երգը հաղթի: Իսկ եթե ոչՙ համերգներ ու մրցույթներ դեռ շատ կան, երիտասարդական եռանդ ու սերՙ նույնպես: «Հայկական նավատորմի նվագախումբն» ընթանում է հանդիսատեսի սիրո ջրերում:
ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ