«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#40, 2006-03-04 | #41, 2006-03-07 | #42, 2006-03-08


ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁ ԱՔՍՈՐԱԿԱՆՆԵՐԻ ԿՅԱՆՔՆ ԱԼԹԱՅՈՒՄ

Այս տարի լրանում է Մեծ հայրենադարձության (1946-1949 թթ.) սկզբի 60-ամյակը: Այս պատմական տարեդարձի նախորդ տարում, հեղինակային հրատարակությամբ Երեւանում լույս է տեսել Կարապետ Ղալամքերյանի (Կարո) «Ընդդեմ ճակատագրի» հետաքրքրական գիրքը:

Հեղինակը ծնվել է 1945 թ. սկզբին` Հալեպում, հաջորդ տարի ընտանիքի հետ հայրենադարձվել, 1949 թ. հունիսին ընտանիքի հետ աքսորվել Ալթայ, հայրենիք վերադարձել 1955 թ.: 1979 թվականից ապրում է Լոս Անջելեսում, թեեւ մինչ օրս իրեն հյուրի պես է զգում: Ըստ Կ. Ղալամքերյանի, «հայը, որտեղ էլ որ գտնվի, չի կարող կտրվել իր հայրենիքից, նրա սիրտն ու հոգին խոր արմատներով ձուլված են Հայաստանին» (էջ 4): Նա հույս ունի, որ «նորից կկանչի կռունկը եւ նորից հայության հոսք կլինի դեպի Հայաստան» (էջ 7): Մի խոսքով, նա Մեծ հայրենադարձության շուրջ 90 հազարանոց բազմության տիպական ներկայացուցիչ է, մարդիկ, որոնցից յուրաքանչյուրը յուրովի ապրեց սեփական երազների խորտակման ահավոր ողբերգությունը խորհրդային (մի մասը` նաեւ հետխորհրդային) տարիներին:

Ա-5 չափսի 238 էջ ծավալով հատորը բաղկացած է երեք մասից: Առաջինը «Հեղինակի կողմից» վերնագրված խոսքն է (էջ 3-8), ուր կան մտորումներ հայրենադարձների նկատմամբ խտրականության մասին: Ղալամքերյանը գտնում է, որ հայ իրականության մեջ պետք է ասվի, գրվի եւ ցուցադրվի ճշմարտությունը ոչ միայն այդ դառը պատմական իրողության, այլեւ, մասնավորաբար, հայրենադարձների մի մասին Սիբիր եւ Ալթայ աքսորի մասին:

Գրքի մնացյալ էջերը գրավում են «Ընդդեմ ճակատագրի» վեպն (էջ 9-168) ու «Անուրջներ» վիպակը (էջ 169-235): Վերջինս պատկերում է Կրասնոդարի երկրամասի Չուբաեւ գյուղի կյանքը Երկրորդ աշխարհամարտին հաջորդած առաջին տարիներին: Զուտ հայկական առումով, չափազանց կարեւոր է վեպը, որը ներկայացնում է դեպի Ալթայ աքսորին նախորդած կյանքը հայրենի երկրում, աքսորի 21-օրյա ճանապարհի եւ վեց տարիների դառնությունները Ալթայի աքսորավայրի 50-րդ եւ մանավանդ 51-րդ տեղամասերում, մարդկանց հույսը, հավատն ու լավատեսությունը: Վեպն ինքնակենսագրական բնույթ ունի. «Ես գրում էի իմ պատմությունը», հայտնում է հեղինակը (էջ 8): Վեպը հիմնված է իրական դեպքերի վրա, նրա հերոսները իրական մարդիկ են` Հալեպից հայրենադարձ Տիգրանն ու Օվսաննան (հավանաբար` նրանք հեղինակի ծնողներն են), Խաչիկն ու Գրիգորը իրենց ընտանիքներով, եգիպտահայ հայրենադարձ Արմենի եւ Մարիամի ընտանիքը, հոկտեմբերյանցի երիտասարդ Սարգիսը, աքսորավայրում նրա սեր Սուսանն իր ընտանիքով, աքսորական, նախկին կումունիստ, կնամոլությամբ եւ ծուլությամբ «փայլող» Գուրգենը, աքսորի ճանապարհին ձերբակալված ամուսնուն գտնելու համար ճիգ չխնայող եւ Վորկուտայի համակենտրոնացման ճամբարում նրան միացող Սեդան, տեղամասի պետ, բարյացակամ ռուսի կերպար Վասիլին, գայլերի հոշոտած երիտասարդ ուսուցիչ Պյոտրը եւ ուրիշներ: Վեպի հերոսներից է նաեւ խելացի, իր տարիքից շատ առաջ անցած չորսամյա Գոքոն, որը ենթագիտակցում է իր ընտանիքի հանդեպ ահավոր անարդարությունը, հալումաշ լինում եւ ի վերջո մահանում... Խեղված ճակատագրեր: Մյուս կողմից, ամբողջ վեպում դրվագվում են աքսորին ու մահվանը հաղթելու հայորդիների մի մասի պայքարն ու վճռակամությունը:

Հեղինակը վարպետորեն նկարագրում է ոչ միայն այս ապրումները, այլեւ Ալթայի եւ առհասարակ Ռուսաստանի բնությունը, հայ եւ ռուս մարդկանց բարքերը, սովորություններն ու ազգագրական-բանահյուսական այլ երեւույթներ: Այս արժանիքները, ինչպես նաեւ հեղինակի պատմողական, պարզ գրելաոճը վեպը դարձնում են մագնիս, իսկ նրա ընթերցումը` գրավիչ:

Հայտնենք, որ «Ընդդեմ ճակատագրի» գիրքը չի վաճառվում, այլ, հեղինակի որոշումով, նրա երեւանաբնակ հարազատները այն նվիրում են շահագրգիռ անձանց եւ հիմնարկներին:

ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4