«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#40, 2006-03-04 | #41, 2006-03-07 | #42, 2006-03-08


ՀՈՂ ԿԱՄ ՄՈԽԻՐ ԴԱՌՆԱԼՈՒ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ

Սուրբ գիրքըՙ մերժում, օրենքն ընձեռում է

«Հող էիրՙ հող դարձիր», ասված է Սուրբ գրքում:

«Հայաստանի Հանրապետության տարածքում հուղարկավորությունը իրականացվում է մահացածի մարմինը գերեզմանատների սահմաններում տրամադրած գերեզմանատեղերում հողին հանձնելու կամ դիակիզման միջոցով», ամրագրված է «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքում: Փետրվարի 27-ին ընդունված վերոհիշյալ օրենքը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու հող կամ մոխիր դառնալու այլընտրանք է տալիս, դիակիզում չի պարտադրում: Այն կարող է իրականացվել մահացածի կամ հուղարկավորությունը ստանձնողների կամքի գրավոր արտահայտությամբ եւ պարտադիր է միայն սանիտարահամաճարակային վտանգի դեպքում: Այդ պարագայում մահացածների մարմինները պետք է դիակիզվեն երկու օրվա ընթացքում: Դիակիզման անհրաժեշտությունը մեր երկրում բացատրվում է տարածքների ազատման, սանիտարահիգիենիկ եւ էկոլոգիական խնդիրների լուծմամբ: Դիակիզումը նաեւ համեմատաբար էժան է: «Կարճ ժամանակ անց Երեւանի տարածքի 30-40 տոկոսը գերեզմանատուն դառնալու հեռանկար կունենարՙ առանց դիակիզման ինստիտուտի ներմուծման եւ հետո այդ դեպքում հողը հարյուր անգամ ավելի ուշ է ծերանում», այս վստահեցում-բացատրությունը երեկ «Հայելի» ակումբում տվեց օրենքի հեղինակ, ԱԺ պատգամավոր Վլադիմիր Բադալյանը:

Այլ երկրների փորձը մեջբերելով օրենքի հեղինակն ընդգծեց, որ տարածքը հնարավոր է նպատակային ու խնայողաբար օգտագործել, հատկապես որ «ունեցած-չունեցածն այնքան մեծ չէ, որպեսզի ծախսենք եկեղեցու համար էլ մերժելի դամբարանաշինության ու մեռելապաշտության վրա»:

Վերջին մասով համակարծություն հայտնեց նաեւ Հակոբ քահանա Խաչատրյանըՙ մերժելով շիրմապաշտության տեղը հավատավոր մարդու կենցաղում եւ փաստեց. «Որպես այլընտրանք կարող է լինել դիակիզումը, ինչպես որ բարոյական կենցաղավարությանը այլընտրանք է շնանալը... Կարեւոր է բացատրել մարդկանց դրա էությունն ու քրիստոնեության համար դիակիզման մերժելի լինելը: Կարեւոր է մարդկանց հաղորդակից դարձնել քրիստոնեական արժեքներին»: Քահանայի հավաստմամբ դիակիզումն ընտրած մարդը չի կարող հոգեհանգստի ծես ակնկալել. «Մարդու ստեղծումն ինքնին փրկագործական ծրագիր է, որն ընդհատվում է դիակիզմամբ», համաձայն Հակոբ քահանա Խաչատրյանի բացատրության: Դիակիզման անհրաժեշտության մասին էլ հասարակությանը մտադիր է տեղեկացնել համապատասխան հասարակական կազմակերպությունը, որը, Բադալյանի տեղեկացմամբ, դեռ պետք է ստեղծվի: Հայ առաքելական եկեղեցին էլ իր գործը կշարունակի, Խաչատրյան քահանայի հավաստմամբ, ոչ մի դեպքում չօրհնելով դիակիզումը. «Ինչ է, մասնավոր եկեղեցինե՞ր են հիմնելու օրհնություն ստանալու համար»:

Դիակիզարանները, որ լինելու են պետական եւ պատգամավորի հավաստմամբ, բացառված չէ, որ որոշակի փուլում լինեն նաեւ մասնավոր, գործելու են 2008 թվականից, իսկ մինչ այդ քաղաքապետարանի որոշմամբ տարածքներ պետք է հատկացվեն ե՛ւ դիակիզարանների, ե՛ւ նոր գերեզմանատների համար: Եվ եթե իրեն քրիստոնեական հավատի գիտակ եւ ընդունված կարգի համաձայն հավատավոր չհամարող, բայց Աստծո գոյությանը հավատացող Վլադիմիր Բադալյանը հավաստիացրեց, որ իր համար կընտրի դիակիզման տարբերակը (իհարկե, Աստված հնարավորինս հեռու պահի այդ ընտրության ժամանակը), ապա լրագրողների մի ստվար խումբ հանդիպման ավարտից հետո էլ շարունակեց երկար եւ ակտիվորեն պնդել հայկական իրականությունում դիակիզման անհարիր, մերժելի լինելը: Հընթացս լրագրողները համաձայնում եւ սեփական փաստարկներն էին բերում, որ ներկայիս գերեզմանատներում տիրող իրավիճակն անտանելի էՙ գերեզմաններն արդեն ճանապարհներն են գրավել: Օրենքի համաձայն մեկ գերեզմանատեղի համար պետությունն անվճար տրամադրելու է 2,5, ընտանեկանի համար 12,5 քմ տարածք:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4