«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#41, 2006-03-07 | #42, 2006-03-08 | #43, 2006-03-10


ԱՉՔԻ ԱՆՎՃԱՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ ԱՆԱՊԱՀՈՎ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

Երեկ «Հայկական ակնաբուժական նախագիծ» բարեգործական կազմակերպությունը աչքի անվճար հետազոտություն անցկացրեց Նուբարաշենի թիվ 18 հատուկ դպրոցում: Դպրոցում սովորող իրավախախտ, ծնողազուրկ կամ անապահով ընտանիքների հետազոտված շուրջ 50 դպրոցականներից 8-ն աչքի խնդիրներ ուներ: Ինչպես տեղեկացրեց կազմակերպության լրատվության պատասխանատու Հրաչուհի Միրզոյանը, այդ երեխաները մոտ ապագայում ավելի մանրակրկիտ կհետազոտվեն եւ անհրաժեշտության դեպքում անվճար վիրահատման ուղեգիր կստանան:

Հետազոտությանը զուգահեռ դպրոցի 6-8-րդ դասարանցիների համար կազմակերպվել է թեմատիկ դաս աչքի խնամքի մասին: Դասի ավարտին աշակերտները գիտելիքները գնահատող աշխատանք կատարեցին, լավագույն տասը վկայականներ ստացան:

Ամերիկահայ ակնաբույժ Ռոջեր Օհանեսյանի ստեղծած այս կազմակերպությունը նպատակ ունի կանխարգելել ձեռքբերովի կուրությունը Հայաստանում: Այսօր կազմակերպությունը նմանատիպ ծրագիր կիրականացնի «Զատիկ» մանկատանը:

Թ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4