«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#41, 2006-03-07 | #42, 2006-03-08 | #43, 2006-03-10


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԿՀԱՍՏԱՏԻ՞

«Արմենտելի» գերիշխող դիրքի չարաշահման փաստը «Վիվասելի» նկատմամբ

Ինչպես տեղեկացանք տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, այսօր հանձնաժողովում կքննարկվի «Ղ-Տելեկոմ» («Վիվասել») ընկերության բողոքն ընդդեմ «Արմենտել» ընկերության: Հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ ըստ «Ղ-Տելեկոմի» դիմումի, «Արմենտելն» իր գործողություններով թույլ է տվել գերիշխող դիրքի չարաշահում, 2005 թ. դեկտեմբերի 31-ից մինչեւ 2006 թ.-ի ապրիլի 30-ը հայտարարելով իր ցանցում 1 տարվա ընթացքում խոսակցության չափազանց ցածրՙ 1 րոպեն 2 դրամ (առանց ԱԱՀ) սակագին: Ընդ որում, նշված սակագինը կիրառվում է ոչ միայն իր բջջային ցանցում, այլեւ դեպի իր լարային հեռախոսացանց կատարվող զանգերի նկատմամբ: Ըստ «Ղ-Տելեկոմի», «Արմենտելի» առաջարկած սակագները չեն կարող համարվել հիմնավորված եւ օրինական, քանի որ անգամ ցանկության դեպքում «Ղ-Տելեկոմը» չի կարող առաջարկել նման ցածր սակագներ, որովհետեւ միայն փոխկապակցման համար «Ղ-Տելեկոմի» կողմից «Արմենտելին» վճարվող սակագինը արդեն իսկ զգալիորեն բարձր է 1 րոպեն 2 դրամ սակագնից: Երեւանի լարային հեռախոսացանցի համար այդ վճարը 9.96 դրամ է 1 րոպեի համար, իսկ մարզերի լարային հեռախոսացանցի համարՙ 19,93 դրամ (ծանրաբեռնված ժամերին) եւ 14,04 դրամ (ոչ ծանրաբեռնված ժամերին): Այսինքն, «Արմենտելի» այս նախաձեռնությունը գերիշխող դիրքի չարաշահում է «Ղ-Տելեկոմի» նկատմամբ:

«Արմենտելը», բնականաբար, այլ կարծիքի է: Համաձայն այս ընկերության ներկայացրած բացատրությունների, այս նախաձեռնությունը հատուկ կոմերցիոն առաջարկ է, որը գործելու է սահմանափակ ժամկետում եւ սահմանափակ խոսելաժամանակով: Ըստ «Արմենտելի», դեմպինգային սակագներ կիրառելու վերաբերյալ «Ղ-Տելեկոմի» պնդումն անհիմն է, քանի որ թ. 60 լիցենզիայով «Արմենտելն» իրավունք ունի մինչեւ 2010 թ. հունվարի 1-ը փոխադարձ սուբսիդավորել ներպետական եւ միջազգային բոլոր ծառայությունները: Եվ քանի որ նախաձեռնությունը կրում է ժամանակավոր բնույթ, կոմերցիոն առաջարկով ոչ մի բաժանորդի չի պարտադրվել «չհիմնավորված գին», հետեւաբար գերիշխող դիրքի չարաշահում էլ տեղի չի ունեցել: «Արմենտել» ընկերությունը նշել է նաեւ, որ այս նախաձեռնությամբ չի կարող ներգրավել նոր բաժանորդներ եւ ավելացնել իր բաժանորդների քանակը, ինչն էլ հիմք է տվել նրան պնդելու, որ «Ղ-Տելեկոմի» դիմումն անհիմն է:

Տեղի է ունեցել գերիշխող դիրքի չարաշահում, թե՞ ոչ` վերջնականապես կորոշի հանձնաժողովը: Այդ առթիվ արդեն հեռահաղորդակցության ոլորտի կարգավորող մարմինըՙ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում կայացրել է, որը հօգուտ «Արմենտելի» չէր: Հարկ ենք համարում մեկ անգամ էլ անդրադառնալ համապատասխան օրենքի այն դրույթին, որի մասին նշել էինք մեր նախորդ հրապարակումներից մեկում, եւ որը կարող է կիրառվել «Արմենտելի» վերոնշյալ նախաձեռնության նկատմամբ: «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 7-րդ «Գերիշխող դիրքի չարաշահումը» հոդվածի գ ենթակետում նշված է, որ գերիշխող դիրքի չարաշահումն արտահայտվում է «առանձին գործընկերների նկատմամբ խտրական պայմանների կիրառմամբՙ նրանց համար ստեղծելով մրցակցային անհավասար պայմաններ»:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4