Բուհերի կառավարման նոր համակարգով ընտրված Երեւանի 4 բուհերի ռեկտորներին երեկ ընդունել է նախագահ Քոչարյանը: Պետական բժշկական համալսարանի ռեկտոր Գոհար Քյալյանի, պետական տնտեսագիտական ինստիտուտի ռեկտոր Յուրի Սուվարյանի, ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ռեկտոր Հովիկ Թոքմաջյանի եւ թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Հրաչյա Գասպարյանի հետ զրույցի ընթացքում նախագահն անդրադարձել է բուհական համակարգի բարեփոխումներին, միաժամանակ ցանկություն հայտնելով լսել նրանց առաջիկա ծրագրերի մասին: Ռեկտորներն առաջնային են համարել կրթության որակի բարձրացումը, կառավարման համակարգի կատարելագործումն ու դրա համապատասխանեցումը ժամանակակից պահանջներին, գիտական կադրերի պատրաստումը:
Նախագահը նշել է, որ բարեփոխման յուրաքանչյուր ծրագիր ունի որոշակի դժվարություններ, եւ բուհերի ղեկավարներից պահանջվում է դրանք հաղթահարելու կամքի բավարար ուժ:
Հատկանշական է, որ նորընտիր ռեկտորների հետ նախագահի առաջին հանդիպումը կայացել է առանց կրթության ու գիտության նախարար Սերգո Երիցյանի մասնակցության: