«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#41, 2006-03-07 | #42, 2006-03-08 | #43, 2006-03-10


ՎՐԱՑ ԵԿԵՂԵՑՈՒ ԹԵՄ ՀԱՅԱՍՏԱՆՈ՞ՒՄ

«Պատմականություն»` առանց փաստերի

Մարտի 7-ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվեց Գերագույն հոգեւոր խորհրդի հայաստանյան անդամների ժողով, որի ժամանակ զեկույցով հանդես եկավ նաեւ Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանը: Նա արձանագրեց թեմում տիրող հոգեւոր վերաշխուժությունըՙ միաժամանակ ընդգծելով թեմում եւ հատկապես Ջավախքի փոխառաջնորդությունում նոր եկեղեցականներ ունենալու անհրաժեշտությունը: Նա նաեւ անդրադարձավ, որ դեռեւս լուծում չեն ստացել Վրաստանի պետական իշխանություններին ներկայացված դիմումներըՙ թեմին հանրային իրավունքի կարգավիճակ շնորհելու եւ հայոց պատմական վեց եկեղեցիները վերադարձնելու մասին: Սրբազանը հայտնեց, որ Վրաստանում շարունակվում են զանգվածային որոշ լրատվամիջոցներով հակահայկական բովանդակությամբ հրապարակումներն ու ելույթները: Վազգեն եպիսկոպոսը հաստատեց, որ Վրաց ուղղափառ եկեղեցու սինոդը փետրվարի 6-ի որոշմամբ «...պատմական իր թեմը վերականգնելու նպատակով» Տաշիր-Ագարակ անունով նոր թեմ է հռչակելՙ այն ենթարկելով Վրաստանի Դմանիսի թեմի եպիսկոպոսի հոգեւոր իշխանությանը:

Գերագույն հոգեւոր խորհուրդը տարակուսանք հայտնեց նախ, որ Վրաց ուղղափառ եկեղեցին թեմի հռչակման մասին չի տեղեկացրել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին, նկատի ունենալով, որ այն հաստատվում է Հայաստանի Հանրապետության հյուսիսային շրջանում, եւ երկրորդ, որ սինոդը նոր թեմ է հռչակում մի տարածքում, որտեղ Վրաց եկեղեցին չունի հավատացյալներ, այն դեպքում, երբ Վրաստանում անտեսվում է Վիրահայոց թեմին իրավաբանական համարժեք կարգավիճակ շնորհելու եւ հայկական եկեղեցիները վերադարձնելու հարյուր հազարավոր հավատացյալ հայորդիների արդար իրավունքը:

Ս. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4