«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#41, 2006-03-07 | #42, 2006-03-08 | #43, 2006-03-10


ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄԸ ՄՈՏ Է

Շախմատի Լինարեսի մրցաշարը մոտենում է ավարտին: Եվս երկու տուր եւ կտրվեն շախմատասերներին հուզող բոլոր հարցերի պատասխանները: Բնականաբար, վերջնագծի մատույցներում պայքարի լարվածությունը զգալիորեն աճել է: Յուրաքանչյուր պարտիա, յուրաքանչյուր միավոր կարող է ճակատագրական լինել մասնակիցների համար:

Լեւոն Արոնյանը շարունակում է աղյուսակը գլխավորող Պետեր Լեկոյի հետապնդումը: 11-րդ տուրում նա գեղեցիկ ոճով հաղթեց իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոյին: Արոնյանը շախմատային իր պրակտիկայում առաջին անգամ կիրառեց սլավոնական գամբիտի հետաքրքրաշարժ մի կոմբինացիա, որը 1978 թ. Թբիլիսիում կայացած ԽՍՀՄ առաջնությունում առաջինը ցուցադրել էր Միխայիլ Տալը: Հաջորդ տուրում Արոնյանը սեւերով ոչ-ոքի խաղաց Պյոտր Սվիդլերի հետ: 12 տուրից հետո հայ գրոսմայստերը վաստակել է 7 միավոր եւ զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը: Ավարտական տուրերում նա նախ սպիտակներով խաղալու է Էթիեն Բաքրոյի հետ, իսկ վերջին տուրում սեւերով մրցելու է Պետեր Լեկոյի հետ: Հենց այս վերջին պարտիայի ելքն էլ կարող է անվանել մրցաշարի հաղթողին: Փաստորեն, հանգուցալուծումը տեղի կունենա ավարտական տուրում:

Աղյուսակը 7,5 միավորով գլխավորող Լեկոն շարունակում է առաջ ընթանալ ոչ-ոքի արդյունքներով: Նա հերթական անգամ հաշտություն կնքեց Իվանչուկի եւ Բաքրոյի հետ: 6,5-ական միավորով 3-4-րդ տեղերն են բաժանում Վեսելին Թոփալովն ու Թեյմուր Ռաջաբովը: 11-րդ տուրում նրանց միջեւ կայացած պարտիան ավարտվեց ոչ-ոքի: Հաջորդ տուրում Թոփալովը միավորը կիսեց Իվանչուկի, Ռաջաբովը` Վալյեխոյի հետ: Հաջորդ տեղերում են Սվիդլերը` 6 միավոր, Իվանչուկն ու Բաքրոն` 5-ական, Վալյեխոն` 4,5:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4