«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#42, 2006-03-08 | #43, 2006-03-10 | #44, 2006-03-11


«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ ՉԻ ՎԱԽԵՆՈՒՄ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻՑ»

Արցախյան ազատամարտի մասնակիցների բաց նամակը Հայաստանին

ԼՂՀ բանակի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը, «Տիգրան Մեծ» գնդի ռազմական խորհրդի նախագահ Խաչատուր Գալստյանը, ԼՂՀ ՊԲ Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը, «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը, «Նարցիս» ջոկատի հրամանատար Փայլակ Կիրակոսյանը, դաշտային հրամանատար Ոսկան Գյուլումյանը, «Արցախ» գնդի հրամանատար Միքայել Ապրեսյանը, գնդապետ, դաշտային հրամանատար Պայքար Ղալումյանը, «Միացյալ Հայաստան» ջոկատի հրամանատար Արամայիս Մկրտչյանը, «Անկախության բանակ» ռազմաքաղաքական միավորման Հոկտեմբերյանի շրջանի հիմնադիր հրամանատար Լեւոն Սահակյանը երեկ բաց նամակով դիմել են Հայաստանի հասարակությանը` արձագանքելով փետրվարի 23-ին արցախցի մտավորականների, հոգեւորականների, հասարակական ու քաղաքական գործիչների հայտարարությանը, որոնք բողոքում էին ԼՂՀ հարցի շուրջն Ադրբեջանի հետ ՀՀ իշխանությունների բանակցելու փաստից եւ այդ ընթացքում դրսեւորած «պարտվողական վարքագծից»:

«Ստեփանակերտի փոխարեն Բաքվի հետ բանակցելը պաշտոնական Երեւանի մարտավարական սխալն էր, ինչը դիվանագիտական պարտությունների պատճառ դարձավ: Սակայն այսօր Ստեփանակերտի կողմից բանակցությունները շարունակելը նույնքան անընդունելի է: Հայ-ադրբեջանական երկխոսություն հնարավոր է միայն այն ժամանակ, երբ պաշտոնական Բաքուն կդադարեցնի հակահայկական հիստերիան, կընդունի Արցախի հայապատկանությունը, ինչպես նաեւ ադրբեջանահայության բռնի տեղահանման եւ ինքնավարության դեմ պատերազմի սանձազերծման իր պատասխանատվությունը: Դրանից հետո միայն իմաստ ունի, որ Ստեփանակերտն ընդառաջի Բաքվի բանակցելու առաջարկությանը», նշված է հայտարարության մեջ:

Առավել կտրուկ ու բազմանշանակ է հայտարարության վերջաբանը` «Որքան էլ որ «երեւանյան որոշ գործիչներ» երկու «բարձրաստիճան անձի» պատճառով իրենց «ատելությունը» փորձեն բոլոր արցախցիների վրա տարածել, միեւնույնն է, մենք միաբան ու վճռական ենք, եւ հարկ եղած դեպքում, միասնաբար հակազդելու ենք հակառակորդի հակահայկական բոլոր դրսեւորումներին»:

Կ. Դ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4