«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#42, 2006-03-08 | #43, 2006-03-10 | #44, 2006-03-11


ԻՐԱՆ-Մ. ՆԱՀԱՆԳՆԵՐ. ՓՈԽԱԴԱՐՁ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ

Բուշի վարչակարգի ներքին շրջանակների նման արմատական խմբավորումների վարքագիծը կանխատեսելիս մեծագույն ծուղակը, որի մեջ կարող ես ընկնել, այն է, որ հանկարծ նրանք իրոք իրագործում են այն, ինչ անընդհատ սպառնալից ձեւով խոստանում են անել, անգամ եթե համոզված լինես, որ աղետալի հետեւանքները հաշվի առնելով, որեւէ խելոք մարդ չի դիմի նման քայլի:

«(Իրանցիները) պետք է իմանան, որ ամեն ինչ սեղանի վրա է արդեն: Նրանք պետք է հասկանան, թե դա ինչ է նշանակում», Ամերիկա այցելած բրիտանացի քաղաքագետների առաջ խոսք առնելով հայտարարեց ՄԱԿ-ում Մ. Նահանգների դեսպան Ջոն Բոլտոնը: «Մենք կարող ենք հարվածել տարբեր կետերի: Նրանց միջուկային ծրագրի ընդամենը մեկ օղակը շարքից դուրս հանելով հնարավոր կլինի ամբողջ ծրագիրը տապալել»: Սա նշանակում է ինքնիշխան, անկախ պետության վրա անօրինական հարձակում կատարել, օգտագործելով հավանաբար միջուկային զենք:

Իրանի ճահճուտում խրված բանակով, Մ. Նահանգների ցամաքային ուժերը չեն կարող նվաճել Իրանը, որն իր մեծությամբ գերազանցում է Իրաքին: Բայց օդային հարձակումներ իրականացնելը, իհարկե, հնարավոր է: 2002-ի սեպտեմբերին ընդունված Ազգային անվտանգության մարտավարությունը թույլ է տալիս «կանխարգելիչ» պատերազմներ մղել այնպիսի երկրների դեմ, որոնք ապագայում վտանգ կարող են ներկայացնել Ամերիկայի շահերին:

Ի՞նչ տեղի կունենա ուրեմն, եթե նրանք ձեռնարկեն նման հարձակում Իրանի վրա: Հազարավոր մարդիկ կմահանան անշուշտ: 70 միլիոն իրանցիներ չափազանց գրգռված վիճակում կլինեն, բայց կարո՞ղ են արդյոք նրանք հակահարված տալ Ամերիկային: Իհարկե ոչ: Իրանը չունի այնպիսի հզոր զենք, որ հասնի Մ. Նահանգներին: Իրանը չի կարող նաեւ լուրջ վնաս հասցնել Ծոցի տարածքում տեղակայված ամերիկյան բանակին: Բայց Իրանն ունի 2 ուժեղ զենք, որ պետք է հաշվի առնել. նավթը եւ շիա հավատը:

Իրաքում նա երկարաժամկետ խաղ է ձեռնարկել խրախուսելով շիա կրոնական խմբավորումներին համագործակցելու Ամերիկայի հետ, որպեսզի Բաղդադում կառավարությունը գերազանցապես շիաների ձեռքն անցնի: Սա Իրաքը կդարձնի իր համար վստահելի գործընկեր, երբ ամերիկացիները հեռանան այնտեղից: Բայց եթե Իրանը խրախուսի շիաներին հարձակվելու ամերիկյան զորախմբերի վրա, ապա վերջիններիս կորուստները մեծապես կաճեն, եւ դիրքերն զգալիորեն կնվազեն:

Իրանը նաեւ կարող է դադարեցնել նավթի արտահանումը, որը օրական մոտ 4 մլն բարելի է հասնում: Ներկա պայմաններում այդ քայլը կստիպի, որ մեկ բարելի գինը հասնի 130-150 դոլարի: Ավելին, Իրանը կարող է երկար ժամանակով դադարեցնել արտահանումը, քանի որ նավթի ներկա գները հնարավորություն են տվել նրան բավականին պատկառելի մի գումար դիզել: Անցյալ տարի նա արտահանումներից վաստակել է 45 միլիարդ դոլար, որը երկու անգամ ավելի է իր 2001-2003 թվերի եկամուտներից:

Այնպես որ որեւէ «կանխարգելիչ» հարձակում կարող է առաջացնել տնտեսական գլոբալ ճգնաժամ, իսկ միջուկային զենքի կիրառումը կխախտի համընդհանուր «զինադադարի» վիճակը, որն աշխարհում պահպանվում է 1945-ից: Ավելին, աշխարհի մյուս հզոր պետություններին վերջնականապես կհամոզի, որ Մ. Նահանգները սրիկա պետություն է, որին պետք է «զսպել»:

Խելամիտ ոչ մի ամերիկացի դիվանագետ, կարծում ենք, չի մտածի նման աղետ առաջացնել: Բայց, դժբախտաբար, մենք ոչ մի երաշխիք չունենք, որ դա տեղի չի ունենա:

ԳՈՒԻՆ ԴԱՅԵՐ, Լոնդոն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4