«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#42, 2006-03-08 | #43, 2006-03-10 | #44, 2006-03-11


ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՊԱՅԹՅՈՒՆ ՎԱՆՈՒՄ

Մարտի 9-ին Վանի կենտրոնում տեղի է ունեցել ահաբեկչական պայթյուն, որի հետեւանքով սպանվել է 3 մարդ, 19 վիրավորվել է, որոնցից 7-ի վիճակը ծանր է: Սպանվածներից 2-ը պետավտոտեսուչներ են, 3-րդի ինքնությունը հայտնի չէ: Չի բացառվում, որ նա լինի այն մահապարտը, որն իրականացրել է ահաբեկչական պայթյունը: Այդ մասին նախորդ օրը տեղեկացրեց թուրքական հանրային հեռուստատեսությունը: Երեկվա համարում «Զամանը» տեղեկացնում է, որ ահաբեկչության թիրախը թուրքական ոստիկանությունն էր, օրերս Վան են ներթափանցել երեք մահապարտներ, մեկը մահացել է գործողության ընթացքում, նրանք PKK-ականներ են եւ Թուրքիա են գործուղվել հարեւան երկրից:

Երկրի անունը չի նշվում, պարզապես ասվում է, որ մահապարտներից մեկը կին է, եւ պայթյունի իրականացումից հետո մյուս երկուսն անհետացել են: Այդ ընթացքում անվտանգության ուժերն արտակարգ միջոցառումներ են ձեռնարկել Վանում հատկապես նահանգապետարանի, քաղաքապետարանի եւ ոստիկանատների մոտակայքում: Ի դեպ, Թուրքիայում ահաբեկչական պայթյունի իրականացումը մահապարտի միջոցով PKK-ի համար աննախադեպ է: Իսկ մարտի 21-ին Նովրուզի տոնակատարություններն են, որոնք մշտապես խժդժությունների են վերածվում երկրի քրդաբնակ շրջաններում:

Օգտվելով առիթից նշենք, որ երեկ քրդաբնակ Շըրնաք նահանգում PKK-ի գրոհայինների հետ բախումներում սպանվել է մեկ ավագ լեյտենանտ եւ մեկ զինծառայող, վիրավորվել է հինգը:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4