«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#42, 2006-03-08 | #43, 2006-03-10 | #44, 2006-03-11


«ԱԶԱՏՈՒԹՅԱՆ» ԽԱՓԱՆՈՒՄՆԵՐԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ԴԻՏԱՎՈՐՅԱԼ ՉԵՆ ԵՂԵԼ

ԱՄՆ պետդեպարտամենտի աշխարհում ժողովրդավարության վիճակի ամենամյա զեկույցում նշված է. «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակումները սահմանադրական հանրաքվեի օրվանից երեք օր շարունակ պարբերաբար լսելի չեն եղել: Հայաստանի Հանրային ռադիոն հայտարարել է, որ խափանումները տեխնիկական բնույթի են, սակայն որոշ դիտորդներ կարծիք են հայտնել, որ խափանումները քաղաքական դրդապատճառներ ունեին»:

Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» ծրագրի մեզ տրամադրած տեղեկությամբ, Հանրային հեռուստառադիո ընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը նշել է, որ զեկույցի հեղինակներին թյուրիմացության մեջ են գցել, ավելի կոնկրետՙ «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հրայր Թամրազյանը: Ըստ Ալեքսան Հարությունյանի, խափանումներ եղել են, բայց հաղորդակի փոփոխության պատճառով: Ընդ որում ոչ թե երեք օր, այլ մեկ շաբաթՙ տարբեր ժամերի, որոնցից մեկ-երկու դեպքում է համընկել «Ազատության» հաղորդման հետ:

«Իմ կարծիքով, Պրահայում նստած այդ անձնավորությունը (Հրայր Թամրազյանը-Ա. Հ.) անընդհատ նման բաներ է սարքում, որպեսզի, ասենք, ամերիկացիները մտածեն, թե ինքը ճնշված է»: Նման դեպքում արդարացվում է «Ազատություն» ռադիոկայանի գոյությունը որեւէ երկրում: Հարությունյանը նշել է նաեւ, որ Թամրազյանը սովոր է Հանրային ռադիոյի հետ կապված սուտ մատնագրեր գրել տարբեր հասցեներով:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4