Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահի պաշտոնում իշխանավարած Բաբկեն Արարքցյանն այսօրվա Հայաստանը համարում է ՓԲԸ սկզբունքներով կառավարվող կորպորատիվ պետություն, ուր քաղաքական համակարգի դեֆոլտ է: Այս համատեքստում էլ այսօր «Արմատ» հասարակական կազմակերպության նախագահ Արարքցյանը Մամուլի ազգային ակումբում կարեւորեց պետության որակը եւ ոչ ումՙ Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի նախագահ դառնալը, քանի որ ազատ, արդար, թափանցիկ ընտրություններն է համարում որակ: ՀՀՇ վարչության անդամ Արարքցյանը հայրենական քաղաքական դաշտում չի տեսնում ընտրությունների այդ մակարդակն ապահովելու կամքը դրսեւորելու վճռականությունն ունեցող քաղաքական ուժ եւ չի պատրաստվում 2007 թվականին կայանալիք ընտրությանը մասնակցել, կուսակցության մասնակցության մասին խոսելու ժամանակն էլ չի եկել, ըստ նրա: Անգամ միջազգային կառույցները հայաստանյան ընտրությունների որակի խնդրում դերակատարում չեն ունենալու, Արարքցյանի դիտարկմամբ, քանի որ ճշգրիտ գնահատական տալովՙ ի վերջո կարձանագրեն, որ առաջընթաց քայլ է արվել:
Միջազգային կառույցների եւ հզոր տերությունների նույն դերակատարումն է տեսնում Արարքցյանը նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում եւ գտնում է, որ դա նրանց հարցը չէ, հատկապես որ տարածաշրջանում տնտեսական գլոբալ խնդիրները լուծված են, եւ Հայաստանն արդեն այնչափ մեկուսացված է, որ այլեւս գործոն չէ, իսկ կողմերից որեւէ մեկի վրա արտաքին ճնշում չի գործադրվում, դա որեւէ մեկին անհրաժեշտ չէ: ԱԺ նախկին նախագահին ԼՂ խնդրի կարգավորման բանակցությունների ընթացքը ի սկզբանե պարզ է եղել որպես խնդիրը փակուղի բերելու նպատակով բանակցությունները ձգձգելու, ստատուս քվոյի պահպանման քաղաքականություն: Ռազմական գործողություններում հաղթած կողմի ագրեսիվ հայտարարություններն ընդամենը պատերազմի վտանգի լույսի ներքո հասարակությանը համախմբելու եղանակով իշխանությունը պահպանելու տրիվիալ, բայց գործող միջոց են Արարքցյանի համոզմամբ, որից օգտվում են նաեւ Ադրբեջանի իշխանություններըՙ մերոնցից խելացիությամբ չտարբերվելով: Արարքցյանը ներկայիս իշխանություններին մեղադրեց նույնիսկ ռազմական գործողություններով ձեռք բերված առավելությունները քաղաքական ձեւակերպումներով չամրագրելու մեջ: Ըստ երեւույթին նա մոռացել է, որ ՀՀՇ-ն իշխանավարեց մինչեւ 1998-ի փետրվարը, իսկ հրադադարը կնքվել էր 1994 թվականի մայիսին:
Ակամա հարց է ծագումՙ այս ամենի կարեւորությունը հստակ գիտակցելով հանդերձ, ինչո՞ւ ժամանակին չամրագրեց ռազմական գործողություններում ձեռք բերված առավելությունները քաղաքական ձեւակերպումներով: Ո՞վ էր խանգարում:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ