«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#42, 2006-03-08 | #43, 2006-03-10 | #44, 2006-03-11


«ՎԻՎԱՍԵԼՆ» ԸՆԴԴԵՄ «ԱՐՄԵՆՏԵԼԻ»

Տնտեսական մրցակցության հանձնաժողովը որոշեց պատժել «Արմենտելին»

Գոյության ոչ այնքան երկար ժամանակում «Վիվասելն» ակնհայտ հաջողությունների հասավ` շուրջը հավաքելով սպառողների ծանրակշիռ քանակ: Թերեւս այս նոր իրողությունը «Արմենտելին» ստիպեց դիրքերը պաշտպանելու միջոցներ ձեռնարկել: 2005 թվականի դեկտեմբերի 31-ին «Արմենտելը» հայտարարեց մեկ տարվա բաժանորդներին աննախադեպ նվեր անելու մասին` իր ցանցով զանգահարելիս մինչեւ ապրիլի 30-ը նրանց նվիրվում է խիստ ցածր սակագնով (1 րոպեն` 2 դրամ) խոսելաժամանակ: Այս իրողությունը հարուցեց «Վիվասելի» դժգոհությունն այն աստիճան, որ նա դիմեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին բողոքով, որ «Արմենտելը» գերիշխող դիրքի չարաշահում է թույլ տալիս, եւ ինքը հարկադրաբար հայտնվել է խտրական միջավայրում: «Ղ-Տելեկոմի» պնդմամբ, մրցակցի բարեսիրական ակցիան նվազեցրել է իր եկամուտներն ու բաժանորդների քանակը:

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նիստում, ինչպես եւ նախապես տեղեկացրել էինք, երեկ քննարկվեց «Ղ-Տելեկոմ» («Վիվասել») ընկերության դիմումն ընդդեմ «Արմենտելի»: Բնականաբար, 2 կողմերն էլ պաշտպանության սեփական փաստարկները ներկայացրին: «Ղ-Տելեկոմի» հավաստմամբ, «Արմենտելը» չարաշահում է գերիշխող դիրքը, քանի որ շուկայում ի հայտ են եկել հանգամանքներ, որոնք ակնհայտորեն հարվածում են մրցակցի շահերին եւ ակնհայտորեն շահեկան են նախաձեռնողի համար: Նախ` «Արմենտելը» բջջային ցանցից բացի զեղչված սակագինը կիրառում է նաեւ իր մենաշնորհը հանդիսացող ֆիքսված հեռախոսացանցում զանգերի նկատմամբ:

Հետո` այդ սակագներն օրինական չպետք է համարել, որովհետեւ «Ղ-Տելեկոմն» ինքը եթե ուզենա էլ, չի կարող ոտք գցել մրցակցի հետ եւ նույնպիսի ցածր սակագներ սահմանել: Միայն փոխկապակցման համար «Արմենտելին» նա վճարում է անհամեմատ ավելի բարձր սակագներ` Երեւանի ֆիքսված հեռախոսացանցի համար` 9,96 դրամ/րոպե, մարզերի ֆիքսված հեռախոսացանցի համար` 19,93 դրամ/րոպե (ծանրաբեռնված ժամերին) եւ 14,04 րոպե (ոչ ծանրաբեռնված ժամերին): Այսինքն, առկա է մրցակցային անհավասար միջավայր:

Ըստ «Արմենտելի», «Ղ-Տելեկոմի» դիմումը լիովին անհիմն է, քանի որ իր հայտարարած ակցիան կոմերցիոն առաջարկ է, որ գործելու է սահմանափակ ժամկետում եւ սահմանափակ խոսելաժամանակով: Եվ «քանի որ ակցիան ժամանակավոր բնույթ է կրում, իր առաջարկով ոչ մի բաժանորդի ոչ մի չհիմնավորված գին չի պարտադրվում, հետեւաբար չկա գերիշխող դիրքի չարաշահում»:

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը սեփական դիտարկումներն ուներ: Նրա գնահատականների համաձայն, 2 օպերատորներն էլ բջջային կապի շուկայում գերիշխող դիրք ունեն: Սակայն եթե «Արմենտելը» զեղչ է տրամադրել բաժանորդներին, ապա թիվ 60 լիցենզիայի համաձայն, որեւէ խախտում թույլ չի տվել:

«Արմենտելը» վրիպել է այլ հարցում` «Էլեկտրոնային հաղորդագրության մասին» օրենքի համաձայն, այդ սակագների իջեցման թեկուզ ժամանակավոր միջոցառումը պետք է հաստատվեր կարգավորող մարմնի կողմից, որը տվյալ դեպքում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է: Այդ հանձնաժողովին նա չի դիմել: Բայց տվյալ դեպքում ցածր սակագինը բաժանորդի համար պարտադրանք չպետք է համարել, քանի որ նա զրկված չէ ընտրության այլ հնարավորությունից, այսինքն, կարող է օգտվել այլ օպերատորի հեռախոսային քարտից: Թիվ 60 լիցենզիայի համաձայն, «Արմենտելը» իր ծառայությունները վերաբալանսավորելու իրավունք, ուրեմն եւ միջազգային հեռախոսային ծառայություններից ստացված եկամուտներն այլ ծառայությունների մատուցման հետ կապված ծախսերը հոգալու հնարավորություն եւս ունի:

«Արմենտելին» հանձնաժողովի գլխավոր մեղադրանքն այն է, որ «Փոխկապակցման վճարն ավելի բարձր է, քան «Արմենտել» ընկերության կողմից տրամադրվող զեղչված գինը, եւ «Ղ-Տելեկոմ» ընկերությունը հնարավորություն չունի զեղչի ժամանակահատվածում իր բաժանորդներին եւս տրամադրել համանման զեղչեր, ուստի վերջինիս համար ստեղծվում են մրցակցային անհավասար պայմաններ»:

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն արդարացված համարեց «Ղ-Տելեկոմի» մեղադրանքն առ այն, որ ունենալով մենաշնորհ հանրային համակցված ցանցում, «Արմենտելը» 2 օպերատորների բաժանորդների համար անհավասար միջավայր է ստեղծել: Եվ առաջարկեց տուգանել նրան անցած տարվա բջջային կապի շուկայում ունեցած հասույթի 1 տոկոսի չափով, եւ որ ամենակարեւորն է` «Արմենտելին» պարտավորեցնել ստեղծելու այնպիսի պայմաններ, որ մրցակիցն էլ նման մարդասիրական ակցիաներ իրականացնելու հնարավորություն ունենա:

«Արմենտելի» ներկայացուցիչները վճիռը բողոքարկելու վերաբերյալ ոչինչ չհայտարարեցին:

Այս ամբողջ պատմության մեջ տարօրինակն այն է, որ տարիներ շարունակ, չնայած բաժանորդների դժգոհությանն ու բողոքներին, բարձր սակագների պատճառով, «Արմենտելն» այսքան հեշտ ու արագ չի պատժվել: Իսկ «Վիվասելի» պարագայում այդպես չեղավ:

Ընկերությունը տուգանվեց ողջ շարժական կապի 2005 թվականի եկամտի մեկ տոկոսի չափով, չնայած իր սահմանած զեղչը վերաբերում էր միայն շարժական կապի պայմանագրային` «սիմ» քարտերի բաժանորդներին:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4