Սակայն խմբագիր Վան Բայբուրթյանը լավատես է թերթի ապագայի առնչությամբ
Վերջերս Վրաստանում սկսված սեփականաշնորհման ընթացքի մեջ տեղ է գտել նաեւ երեւանյան «մամուլի շենքը» հիշեցնող վրացական տարբերակը, որ գտնվում է Թբիլիսիի Կոստավայի 14 հասցեում` Ռուսթավելու պողոտայի հարեւանությամբ: Այդ շենքում է գտնվում նաեւ հայալեզու «Վրաստան» թերթի խմբագրությունը: Ըստ մեր տեղեկությունների, բավականին մեծ տարածք զբաղեցնող շենքը թեեւ գնահատվում է մոտ 20 մլն դոլար, սակայն որոշ փորձագետներ ավելի իրատեսական են համարում 6-7 մլն դոլար գինը: Շենքի սեփականաշնորհման եւ «Վրաստան» թերթի գործունեության հետագա ճակատագրի մասին «Ազգը» զրուցել է թերթի խմբագիր Վան Բայբուրթյանի հետ:
- Պրն Բայբուրթյան, ինչպիսի՞ն է թերթի վիճակը, եւ որքանով են հավաստի թերթի զբաղեցրած ներկա հասցեի փոփոխության մասին տեղեկությունները` կապված վրացական իշխանությունների շենքը վաճառելու մտադրության հետ:
- Թերթի վիճակը նորմալ եմ համարում, որեւէ համար բաց չենք թողնում չնայած ծանր ֆինանսական պայմաններին: Ներկա դրությամբ խնդիր է շենքը: Պետությունն ուզում է վաճառել «Սամշոբլո» (թարգմանաբար «Հայրենիք») հրատարակչությունը: Ցավոք, այդ որոշումը, իմ կարծիքով, վերջնական է, չնայած հույսեր կան, որ պետությունը կարող է կրկնել Մոսկվայի, Հայաստանի, մերձբալթյան երկրների օրինակը եւ մամուլի շենքը թողնել տասնյակ տարիներ այստեղ աշխատած խմբագրություններին:
Ես համոզված եմ, որ եթե այս շենքը վաճառվի, Վրաստանի պետությունը ինքը կհոգա, որպեսզի մեզ խմբագրության համար տարածք տրամադրեն: Համոզված եմ, քանի որ «Վրաստանը» միակ հայատառ հանրապետական թերթն է (պետական 51 տոկոս մասնակցությամբ) եւ թերթի կարեւորությունը պետությունը հասկանում է: Վրաստանում բնակվող շուրջ 500 հզ. հայերի մոտ 60 տոկոսը չի տիրապետում վրացերենին, ասենք, Սամցխե Ջավախեթիում, Քվեմո Քարթլիում, Մառնեուլի շրջանում (16 հայաբնակ գյուղ), Ծալկայում (17 հայաբնակ գյուղեր), Բոլնիսի, Թեթրի Ծղարոյի շրջաններում եւս, որտեղ մեր հայրենակիցների համար լրատվության միակ աղբյուրը «Վրաստան» թերթն է, եւ այդ կարեւորությունը պետությունը գիտի:
Իհարկե, ամեն ինչ սպասելի է: Ոչ լավ ելքի դեպքում լուծում կգտնենք, քանի որ հայերս ավելի լավ ենք գործում, երբ ճգնաժամային, էքստրեմալ իրավիճակ է եւ կարողանում ենք ավելի հարմար շահավետ որոշումներ ընդունել: Համենայն դեպս, «Վրաստան» թերթը, որ անցյալ տարի նշեց իր 85-ամյակը, էլի երեւի մի 200-300 տարի կապրի, թող ոչ ոք կասկած չունենա:
- Ի՞նչ հնարավոր սցենարներ են քննարկվում, հնարավո՞ր է արդյոք, որ շենքը գնվի եւ քանդվի կամ չունենա մեկ սեփականատեր:
- Այս շենքում մոտ 300 կազմակերպություններ են գործում, դրանցից` մոտ 35-40 հանդես, մեկ հեռուստաընկերություն, մնացյալն էլ հիմնականում զբաղված են հրատարակչությամբ: Եթե շենքը վաճառվի, բոլորի համար մեծ պրոբլեմ է: Միեւնույն ժամանակ, կանոնների խախտում չի եղել: Ցավոք սրտի, երբ Վրաստանը դարձավ անկախ պետություն, մենք եւ մյուս խմբագրություններն էլ ոչ մի փաստաթուղթ վարձակալության կամ այլ բանի չունենք, չենք արել: Փաստաբաններն ասում են, որ եթե 90-ական թվականներին նման մի փաստաթուղթ ստորագրեինք, ապա այս խմբագրություններին այսպիսի ողբերգական վերջ չէր սպասի: Կարծում եմ, որ պետությունը պարտավոր է հոգալ մեր մասին ոչ թե զուտ ձեւականորեն, այլ կոնկրետ: Հաշվի առնելով նաեւ թերթի լսարանը` ես չեմ սպասում տագնապալի ինչ-որ վիճակ:
- Լուրերի համաձայն, նախատեսվում է մինչեւ այս տարվա վերջ լուծել շենքի սեփականաշնորհման հարցը: Եվ ամենայն հավանականությամբ, վաճառքի հանվելու դեպքում շենքը կարող է գնվել, քանի որ զգալի տարածք է զբաղեցնում եւ գտնվում է քաղաքի կենտրոնում: Ի՞նչ եք մտադիր անել, դիմե՞լ եք արդյոք իշխանություններին` թերթի համար տարածքի հարցը լուծելու համար:
- Եթե պետությունը չփոխի որոշումը, ապա շենքը հաստատապես կվաճառվի: Եվ մենք դիմել ենք նամակներով երկրի նախագահին, վարչապետին, խորհրդարանի նախագահին, ակցիաներ են կազմակերպվել: Սա, իրոք, մամուլի հանդեպ ոչ այնքան կոռեկտ քայլ է, բայց, մյուս կողմից, պետությունը ոչ մի հակաիրավական քայլ չի անում: Ամեն դեպքում, ես որոշ քննարկումներ տարել եմ երկրի ղեկավարության հետ: Հավանական է, որ այստեղ ներկայումս գործող թերթերը քաղաքի կենտրոնում տարածք չեն ունենա: Մյուս կողմից, իմ խոսակցությունների ընթացքում ես տեսա, որ, համենայն դեպս, մեզ եւ ադրբեջանական «Գյուրջիստան» թերթին, որը եւս 51 տոկոսով պետական է, տարածք կտրամադրվի:
- Հնարավո՞ր է արդյոք որեւէ այլ տարբերակի իրականացում շենքի վաճառքի դեպքում, ասենք, որպես սեփականություն ձեռք բերել որեւէ այլ տարածք կամ տարածք հենց այս շենքում:
- Իհարկե, լավ տարբերակ կլինի, եթե սեփական տարածք ունենանք: Այս շենքում «Վրաստանի» խմբագրությունը զբաղեցնում է մոտ 180 քմ տարածք, եւ երեւի այդ չափով էլ մեզ տարածք տրամադրվի: Հնարավոր է նաեւ սեփական տարածքի ձեռքբերում, բայց դա կարելի է անել միայն դրսի օգնությամբ: Այստեղ նման հնարավորություններ ունեցող հայեր չկան:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Թբիլիսի-Երեւան