Մեկն էլ գնաց...
Տարեմուտի շեմին իմ հին հոգեկից մի ընկերն էլ գնաց Հայաստանից: Գնաց Ֆրանսիա: Նա բանասիրական գիտությունների դոկտոր էր, արձակագիր, մանկավարժական ինստիտուտում հայ գրականության ամբիոնի վարիչ: Դեռ դպրոցական տարիներից իմ մտավորական ավագ ընկեր Հայկազը ինձ համար միշտ եղել է հայ ոգու զինվոր ու պահապան: Նրա մեկնումով (թեկուզ իր ընտանիքին միանալու ծանրակշիռ ու հարգելի պատճառով) այսօրվա մի բուռ Հայաստան-հայրենիքն իմ աչքին հերթական անգամ փոքրացավ-կծկվեց, ու ես չկարողացա գնալ հին ընկերոջս հրաժեշտ տալու... Հիմա ինքս ինձ նորից տալիս եմ այն մաշված հռետորական հարցը, թե ինչո՞ւ եւ մինչեւ ե՞րբ պիտի հայը շատ ավելի մեծ թվով ապրի օտար պաղ երկինքների ներքո, քան իր անկախության դարավոր երազանքին հասած Հայաստան երկրում:
Այսօր Հայաստանում տեղի ունեցող ու կատարվող համարյա ամեն ինչը հային հայից հեռացնում, խորթացնում, հային հայի դեմ է տրամադրում... Մեզ ամեն մեկիս մեր մերձավորին, մեր ընկեր-բարեկամին ու հարազատին կապող հոգեկան շաղախը եւս թուլացել, ամեն ոք հազիվ իր հոգսերի, իր ամենօրյա վազքի հետեւից ընկած մեկուսացել, մնացել է մենակ, առավել խոցելի, առավել սխալական: Ամանորի տոնական ու հետտոնական ավելի հանգիստ մի քանի օրերը հրաշալի առիթ են ե՛ւ հոգսերից մի կարճ միջոց վերանալու, ե՛ւ իրար հյուր գնալովՙ մեզ սիրող ու մեզ սրտակից մարդկանց հետ անշտապ, այնքան անհրաժեշտ մարդկային շփումներով ջերմանալու, ուժ առնելու: Ինչո՞ւ չէՙ նաեւ նոր տպավորություններով հարստանալու: Ինձ մինչեւ այսօր չի լքում այն ուրախացնող, հաճելի տպավորությունը, որ այս հունվարի 7-ին ընտանիքով հյուր լինելովՙ ստացա հին, բարի ժամանակների իմ մի մտերիմ ընկերոջ նոր բնակարանից: Ինձ կհասկանան նրանք, ում համար գլխի վերեւ սեփական ապահով ծածկ ունենալը, տարրական մարդկային պայմաններում ապրելու հնարավորությունը մնում է չիրականացող երազանք: Գյումրու կենտրոնում հառնող «Հույս» նոր մինի-թաղամասում, «Լինսի» 2003 թ. կառույց գեղեցիկ, եռահարկ շենքի երկրորդ հարկում գտնվող բնակարանը, չնայած իր երեք սենյակների ոչ մեծ չափերին, ընդհանուր առմամբ հարմարավետ ու տրամադրող էր իր հատակագծմամբ, ինքնավար ջեռուցման ու ջրատաքացման «Արիստոն» համակարգով, ճաշակով ու մաքուր հարդարմամբ: Այստեղ կարող ես մարդավայել ու հանգիստ ապրել, եթե, իհարկե, կա նաեւ դրա երկրորդ անհրաժեշտ պայմանըՙ պատշաճ աշխատանք: Տնտեսապես մի տեսակ դատապարտված Գյումրիում սա մեծամասնության համար վաղուց է դարձել չլուծված հարցերի հարցըՙ իր բոլոր տխուր հետեւանքներով: Իսկ ընկերսՙ բարձրակարգ մանկավարժ-մասնագետ, երկարամյա փորձառու դպրոցավար, դպրոցի տնօրեն, ակտիվ աշխատանքային տարիքում իր աշխատանքից հանիրավի զրկվել է երկուսուկես տարի առաջ, երբ «օպտիմալացման» կախարդական փայտիկի մի հարվածով, կառավարության որոշմամբ այս քաղաքում մեկ տասնյակ դպրոց փակվեց... Երբ նույնիսկ այս դեպքում իրեն դուրս թողեցին առանց որեւէ իրական անհրաժեշտության ու հիմքի, կամայականորեն, իբր աշխատանքի «նշանակելով» մեկ այլ դպրոցում եւ այդպես էլ այդ աշխատանքը... չտրամադրելով: Լուրջ պաշտոնատեր մարդիկ գուցե վերջապես ճշտե՞ն իրենց խոսքի ու որոշման արժեքը:
Իմ ընկեր Բաբկեն Մանուկյանը մեծ տոկունության, մեծ հոգու տեր մարդ էՙ 88-ի դեկտեմբերին ապրած անձնական անասելի արհավիրքին ու հաջորդած փորձություններին արժանապատվորեն դիմացած, ինքը մերձավորին հույս եւ կյանքի ճանապարհ հանող ամուր նեցուկ-հովանի եղած, վերընձյուղված... Նա հիմա էլ, փառք Աստծո, ձեռքից եկող բանվորական արհեստը բանեցնում, ընտանիքն ու դեռ Երեւանում էլ բժշկական համալսարանի ուսանողուհի զավակ է պահում: Բայց միեւնույն է, կյանքի իր ուղին, իր իրավունքը իրենից խլված է: Սա Հայաստանում եւս մի, ո՛չ մեկ-երկու մարդու խնդիր է: Իրավական պետություն համարվող մեր երկրում մարդն իր աշխատանքում որեւէ պահի ապահովագրված չէ նույնիսկ պետական մեքենայի ոտնձգությունից: Էլ ուր մնաց խոսել մասնավոր գործատուի մասին:
Հրաժեշտ տրոլեյբուսին կամ անտեր մալը գելը կտանի
Հունվարի երկրորդ տասնօրյակի սկզբներին մի օր գործադուլ էին արել Գյումրու ներքաղաքային ավտոբուսների վարորդ-սեփականատերերը: Պատճառը մոտավորապես այն էր, որ եթե իրենք մինչ այդ աշխատում էին որպես անհատ ձեռներեցներ, ապա այժմ նրանց պարտադրում էին մտնել մի նորահայտ ՍՊԸ-ի մեջ, որն էլ արդեն օրվա հասույթի իր նոր չափն էր սահմանել: Անգամ եթե ՍՊԸ-ով աշխատելու անցնելը սահմանված կարգ է, նշված դեպքում անհասկանալի էր մնում, թե ինչո՞ւ պիտի երթուղիները սպասարկողներն իրենք մտնեին ուրիշի «հովանու» տակ, իրենց գլխին մեկ էլ նոր «տերեր» պահեին, երբ մանավանդ կա քաղաքի արդեն երկար ամիսներ պարապուրդի մատնված ավտոբուսային ձեռնարկությունըՙ աճուրդով գնված հենց քաղաքապետարանի կողմից:
Եթե ասվածը մարդկանց գոնե մեկ-երկու խմբի անմիջական շահերի խնդիր է, ինչը նույնպես քիչ կարեւոր չէ, ապա այն, ինչ հետամանորյա առաջին իսկ օրերից սկսեց կատարվելՙ կապված Գյումրու քաղաքային տրանսպորտի երկրորդ «ավանդական» ոլորտի հետ, ուղղակի ապշեցուցիչ էր իր շուկայական ողջ այլանդակ դիմագծով: Ապամոնտաժում էին քաղաքի տրոլեյբուսի էլեկտրագծերը... Ում որոշմամբ, ինչուՙ ոչ ոք չգիտեր, ում ավերիչ ձեռքն էր այս անգամ արդեն դրանց հասելՙ նույնպես: Եղածը ասեղ չէր, բայց ոչ մի պաշտոնական ու անպաշտոն անձ որեւէ մեկին, հետաքրքրված լրատվամիջոցներին (իմաՙ հասարակությանը) որեւէ տեղեկություն, բացատրություն չէր տալիս. ամեն ինչ կատարվում էր դավադիր լռությամբ, անձայն եւ զարմանալիորեն արագ, չար երազի պես: Եվ այսօր քաղաքն արդեն կանգնած է կատարված փաստի առաջ. չկան տրոլեյբուսի գծեր, ուրեմն գործնականում չկա եւ երբեւէ նորից էլեկտրատրանսպորտ ունենալու հնարավորություն:
Պարզվում էՙ նման բան կարող էր կատարվել մի դատավորի, տնտեսական դատարանի մի որոշմամբ: Կոնտակտային ցանցի պղնձե էլեկտրալարերը լուծարվող տրոլեյբուսային վարչության պարտքերի դիմաց հանել-վաճառելու տրամաբանությամբ: Ակամա մտածում եսՙ ի՞նչ կլիներ, եթե համանման վիճակում հայտնված լինեին, օրինակ, էլցանցը, ջրմուղը... Ահա, թերեւս, շուկայի թելադրած իրավական օրենքի եւ պարզ բանականության հակադրության մի վառ օրինակ: Այդ ինչո՛ւ, ի՛նչ բարոյական իրավունքով պիտի վերջին տարիներին մեթոդաբար ինքնամարման հասցված տրոլեյբուսային վարչությունը այսօր լուծարվել-«գնալով» (կյանքը դրանով հո չվերջացավ)ՙ իր հետ տաներ եւ քաղաքի՛ ունեցվածքը... Այն էլՙ առանց նույնիսկ քաղաքային իշխանության կամքը հարցնելու:
Այսօր մեր երկրում այն ամենը, ինչից կարելի է անմիջական օգուտ ու շահ կորզելՙ կարող է հազար տեր ունենալ, իսկ ինչը ստեղծելու եւ մանավանդ պահպանելու էՙ հաճախ տեր չունի: Այս օր ցերեկով կատարված արտառոց անիրավությունը կանխող կամ կանգնեցնող պետական տե՛րը չկար: Եվ սա է ամենից ցավալին:
Իսկ ասում են նաեւ, թե այդ ավելի քան 60 կիլոմետր ընդհանուր երկարությամբ պղնձալարերի արժեքը մի քանի անգամ գերազանցում է տրոլեյբուսային վարչության բոլոր պարտքերը...
Եկողին ո՞վ կասիՙ բարո՛վ եկար
Թող բարձրագոչ չհնչի, բայց մեր երկիր-հայրենիքը երկիր կլինի ու ապագա կունենա, երբ իր պահպանող ու ստեղծող տերերն ավելի շատ լինեն, քան միակողմանի ու անվերջ կորզող-տանողները: Այդ ստեղծածը լինի մի լուցկի, մի շենք թե մի մնայուն հոգեւոր արժեք: Ես այս տարվա սկզբներին մի օր խանութից տասը տուփ փաթեթավորմամբ լուցկի առա եւ այնքան հաճելի անակնկալից զարմացա. լուցկին հայկական էրՙ «Գրանդ տոբակո»: Ես նախկինում երբեք հայկական լուցկի չէի տեսել: Եվ այն էլՙ բոլորից լավն ու որակով: Շնորհակալություն եւ հարգանք «Գրանդ» հոլդինգին այն ամենի համար, ինչ բոլոր այս տարիներին արեց եւ շարունակում է անել: Նա ամեն ինչից բացի նաեւ վերականգնեց այսօր մոռացված ու արհամարհված «աշխատավոր» հասկացությունը եւ հայ աշխատավորի հպարտությունը, ցույց տվեց, որ երկիր կառուցում են ոչ թե առնել-ծախելով ու խաբխբելով, այլ աշխատել-ստեղծելով, հայավարի արարելով: Այ սա քանի դեռ Հայաստանում նորից չի դարձել իշխող հոգեբանություն ու պետական քաղաքականություն, քանի դեռ այստեղ մարդն իր հողի վրա իրեն պաշտպանված ու հարկավոր տեր չի զգում, հայ արարող ձեռքերը պիտի շարունակեն գնալ ու այլոց ճրագը վառ պահել...
Իսկ գնացածներից ինչքան-ինչքանը հոգնել են օտարին ծառայելուց եւ կցանկանային վերադառնալ: Ինչպես, ահա, իմ մեկ այլ, մանկության ընկեր Մայիս Ումրշատյանըՙ 30 տարի Ռուսաստանում անցկացրած, այնտեղ որոշակի դիրք ու հեղինակություն վաստակած, բայց եւ հատկապես երկրաշարժից հետո մի ոտը միշտ այստեղ: Ինքը դիպլոմավոր շինարար-մասնագետ է, հիմնարկներ է ղեկավարել, այժմ էլ տնօրեն էՙ ընդունված, հարգված, շրջապատի տեր, բայց ասում էՙ մեկ է, այնտեղ քեզ ինչ-որ մի պահի էլի խորթ, օտար աչքով են նայում: Հիմա երկար արձակուրդ վերցրել, կնոջն առել եկել է հարազատ Գյումրի եւ ուզում է հիմնական մնալ, եթե կարողանա մի գործի մտնել: Պատրաստ է ձեռքից եկող ամեն աշխատանքի, սկսած վարորդությունից... Կա՞ այն պետական ու տնտեսական ղեկավարը, որ կուրախանա եւ ընդառաջ քայլ կանի հայրենի տուն վերադարձողին:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի