«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#42, 2006-03-08 | #43, 2006-03-10 | #44, 2006-03-11


«ԳՐԱԳԵՏ ԵՐԵԽԱՆԵՐԸ ԹՈՂ ԳՆԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ»

Վերջին տարիներին հայկական հեռուստաեթերը մեզ մատուցում է զարմանալի անակնկալներ, իհարկե, ամենաանսպասելին գովազդներն են: Այդ ոլորտը մեր հեռուստադիտողի համար նորույթ էր, սակայն հայտնի է, որ նման ճանապարհով համաշխարհային հեռարձակումը կարողանում է պահպանել իր գոյատեւումը: Գովազդը, միեւնույն ժամանակ, տվյալ երկրի դեմքն է:

Դժվարանում եմ ասել, որ հայկական եթերի գովազդները անորակ են, բայց անճաշակ, գռեհիկ լեզվով գովազդները գերիշխում են:

«Արմենիա» հեռուստաալիքը մեզ մատուցում է մաստակի գովազդ, երբ սիրունիկ աղջնակը, որին ներկայացրին որպես «արդեն կայացած աստղ», գովազդը ավարտում է ասելով. «Գժվում ա ինձ համար»:

Լինելով դասախոս եւ շփվելով ձեւավորվող սերնդի հետ` չեմ կարող չարձագանքել նման երեւույթին: Զանգեցի «Արմենիա» հեռուստաալիքի ինֆորմացիոն բաժին, եւ ինձ պատասխանեցին. «Եթե ձեր երեխաները խոսում են գրագետ, թող գնան Հայաստանից»: Նման պատասխանն ինձ է՛լ ավելի հուսահատեցրեց, քան մաստակի գովազդի գռեհիկ լինելը: Հարգելի՛ պարոն, ուրեմն դուք մեր վաղվա հայրենիքում չե՞ք տեսնում կիրթ եւ գրագետ հայերենով խոսող մարդկանց...

Պարզ է, որ լեզվի մաքրությունը մեծ դեր ունի յուրաքանչյուր ժողովրդի մակարդակը արժանավայել պահելու խնդրում: Եվ ինչո՞ւ չօգտագործել մեր եթերը, որպես ամենամատչելի հաղորդակցման ձեւ` գրագետ, գեղեցիկ մեր մայրենի լեզվով գովազդելու համար: Թող օրենք դարձած մեր լեզվի տոնը դառնա փաստ:

Ծ. ՀԱԿՈԲՅԱՆ, Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4