«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#42, 2006-03-08 | #43, 2006-03-10 | #44, 2006-03-11


ՎԱՐՈՒԺԱՆ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԽՄԲՈՒՄ Է

Շախմատի ԱՄՆ-ի այս տարվա առաջնությունը բավական մեծ թվով մասնակիցներ է ընդգրկել: Պայքարի են ելել 64 շախմատիստներ, որոնց մեծամասնությունը նախկին Խորհրդային Միությունից են: Մասնակիցների թվում են հայազգի երեք շախմատիստներՙ գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը, միջազգային վարպետ, անցյալ տարվա փոխչեմպիոնուհի Տաթեւ Աբրահամյանը եւ Շուշանիկ Հայրապետյանը: Մասնակիցները բաժանվել են 2 խմբի, որոնցում առաջին տեղն զբաղեցրած շախմատիստները արագ շախմատի կանոններով անցկացվելիք 2 պարտիայում կորոշեն չեմպիոնին:

Ի դեպ, կանայք հավասարապես մասնակցում են մրցաշարինՙ հանդիպելով նաեւ տղամարդկանց հետ, սակայն չեմպիոնուհուն որոշելու համար առանձին հաշվարկ է կատարվում: Երկու խմբերում շախմատիստուհիներից լավագույն արդյունքի հասած մասնակիցները եզրափակիչում նույն սկզբունքով կորոշեն չեմպիոնուհուն: Նշենք, որ ընդհանուր առմամբ մրցաշարին մասնակցում է 14 շախմատիստուհի, յուրաքանչյուր խմբումՙ 7-ական:

Հայազգի շախմատիստներից առավել հաջող է խաղում Վարուժան Հակոբյանը, որն ընդգրկված է առաջին խմբում: Նա անցկացրած 7 պարտիաներում վաստակել է 5 միավոր եւ ընթանում է 2-րդ տեղում: Վարուժանն անհաջող սկսեց մրցաշարըՙ զիջելով Էմորի Տաթեին: Դա միակ պարտությունն էր: 2-րդ տուրում Հակոբյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան Իգոր Շնայդերի հետ, այնուհետեւ հաղթեց Ալեքս Լենդերմանին: Հաջորդ տուրում միավորը կիսելով Ալան Սթեյնի հետ, հայ շախմատիստն այնուհետեւ երեք անընդմեջ հաղթանակ տարավՙ հաջորդաբար պարտության մատնելով Կամիլա Բագինսկայթեին, Յես Կրային եւ Դմիտրի Գուրեւիչին: 8-րդ տուրում Վարուժան Հակոբյանն ուժերը կչափի Ալեքսանդր Օնիշչուկի հետ, որը 6 միավորով գլխավորում է առաջին խմբի մրցաշարային աղյուսակը: Այնպես որ այդ հանդիպման ելքից շատ բանով պայմանավորված կլինի առաջին տեղի հարցը:

Մյուս խմբում առայժմ բոլորից հաջող է հանդես գալիս Յուրի Շուլմանը, որը եւս 6 միավոր ունի: 2-րդ տեղում Գատա Կամսկին է (5 միավոր):

Կանանց մրցապայքարում առաջին խմբում լավագույն արդյունքն ունի վրաց շախմատիստուհի Ռուսուդան Գոլեթիանին, որն ունի 3,5 միավոր: 2-րդ խմբում նույնքան միավոր են վաստակել Աննա Զատոնսկիխը եւ Բաթխիմեգ Թուվշինթուգսը: Այս խմբում հանդես եկող Տաթեւ Աբրահամյանը վաստակել է 3 միավոր, իսկ Շուշանիկ Հայրապետյանի օգտին գրանցված է 2,5 միավոր:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4