Ամերիկյան «Վաշինգտոն փոստ» թերթում հրապարակված «Ռուսաստանի ստվերային կայսրությունը» հոդվածի հեղինակներ, Իսպանիայի նախկին արտգործնախարար Աննա Պալասիոն եւ ԱՄՆ Մարշալի հիմնադրամի գերմանական բաժնի խորհրդատու Դանիել Տվայնինգը գտնում են, որ Ռուսաստանի քաղաքական եւ ռազմական ազդեցությունն ուժեղանում է Լեռնային Ղարաբաղում Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտության ստվերում: «Երկու երկրների բանակները, որոնք 90-ականներին արյունահեղ պատերազմ էին մղում այդ վիճարկելի անկլավի համար, այժմ կրակում են միմյանց ուղղությամբ»: Ըստ հոդվածի հեղինակների, «դժվարությամբ սառեցված հակամարտությունը սպառնում է կատաղի պատերազմով, որը կարող է ամայացնել այդ տարածաշրջանը»: Մյուս կողմից, ըստ «Պանարմենիան.նեթ» ինտերնետային կայքէջի, հեղինակները նշում են, թե հենց Լեռնային Ղարաբաղի հարցում դիվանագիտական ճեղքումն իրատեսական է այն տրամաբանությամբ, որ արեւմտյան կառավարությունները կարող են աջակցել մի համաձայնության, ըստ որի «Հայաստանը կվերադարձներ Ադրբեջանին գրավյալ տարածքները եւ թույլ կտար ադրբեջանցի փախստականներին վերադառնալ այդ տարածքներ»: Ընդ որում այդ դեպքում Լեռնային Ղարաբաղը կարող էր ինքնավար մնալ, մինչեւ մոտ ապագայում հանրաքվեով որոշվի նրա կարգավիճակը:
«Ադրբեջանի կողմից այդ հակամարտությանը վերջ դնելու համագործակցության դիմաց Արեւմուտքը պետք է գնա մերձեցման այդ երկրի հետ, որն ընթանում է բարեփոխումների ճանապարհով եւ կասեցնի պատժամիջոցների կիրառումը, որոնք կիրառվում են նրա հանդեպ 1991-94 թթ. պատերազմի պատճառով: Արեւմուտքը պետք է նաեւ պահանջի փակել ռուսական ռազմակայանները Հայաստանի տարածքում, որոնք սպառնում են Ադրբեջանին, առաջարկի ինքնատիպ «Մարշալի պլան» ողջ Հարավային Կովկասի համար եւ ուղղորդի այդ երկրներին դեպի միասնական Եվրոպա տանող ճանապարհին», նշում են հոդվածի հեղինակները:
Ա. Հ.