Մարտի 9-ի երեկոյան Վրաստանի Քվեմո Քարթլի տարածաշրջանի Ծալկայի շրջկենտրոնում դանակի հարվածներից սպանվել էր հայկական Ղուշչի գյուղի 23-ամյա բնակիչ Գեւորգ Գեւորգյանը: Այս կապակցությամբ մարտի 11-ին Վրաստանի օմբուդսմեն Սոզար Սուբարին մամուլի ասուլիս էր հրավիրել: Սոզար Սուբարին նշել է, որ նախնական կարծիքն այն է, թե դեպքը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա: Վրաստանի օմբուդսմենը կոչ է արել հնարավորություն տալ իրավապահ մարմիններին առանց որեւէ ճնշման ավարտելու Ծալկայում տեղի ունեցած հանցագործության հետաքննությունը: Ի դեպ, Սոզար Սուբարին այցելել է նաեւ Թբիլիսիի Առաջին կլինիկական հիվանդանոց եւ տեսակցել մարտի 9-ի դեպքերի ժամանակ վիրավորված հայ երիտասարդներից Կարեն Բալոյանին: Վրաստանի իրավապահ մարմինների պաշտոնական տվյալներով, դեպքի առնչությամբ ձերբակալվել է 5 անձ, որոշները գտնվում են հետաքննության մեջ:
Ասուլիսի ժամանակ Վրաստանի համագործակցության հայկական կենտրոնի նախագահ Կարեն Էլչյանը նշել է կատարված հանցագործության տվյալ պահին գոյություն ունեցող երկու վարկած, որոնցից էթնիկ հողի վրա սպանության տարբերակին համաձայն է տուժող կողմը:
Վրաստանում Հայ առաքելական եկեղեցու առաջնորդարանը ներկայացրել է իր դիրքորոշումը, մասնավորապես առաջնորդի օգնական Լեւոն Իսախանյանը կողմ է արտահայտվել Էլչյանի տեսակետին, ավելացնելով, որ նման հանցագործությունները Վրաստանում երկրի հայ բնակչության եւ առաջնորդարանի դեմ զանգվածային լրատվամիջոցներով հակահայ հիստերիայի տրամաբանական հետեւանք են:
Իսկ ընդհանրապես Վրաստանում Ծալկայի միջադեպի առնչությամբ տարատեսակ արձագանքներ են եղել սկսած Ախալքալաքում, Ծալկայում եւ այլ տեղերում բողոքի ցույցերից մինչեւ վրաց պետական այրերի տարբեր գնահատականներ: Ընդ որում, կարծես թե բողոքի ակցիա են կազմակերպել ոչ միայն հայերը: Ախալքալաքում մարտի 12-ին փորձել են բողոքի ակցիա իրականացնել վրացի ուսանողները, բայց փոքրաթիվ լինելու պատճառով արդյունքի չեն հասել:
Մարտի 11-ին Ախալքալաքում տեղի ունեցած Սամցխե-Ջավախքի հայկական ՀԿ-ների խորհրդի նախաձեռնած հանրահավաքի մասնակիցները Վրաստանի իշխանություններին ուղղված հայտարարություն են ընդունել: Մասնավորապես կոչ է արվում Վրաստանի իշխանություններին դադարեցնել ազգամիջյան լարվածության միջոցով ճնշում գործադրելու քաղաքականությունը, այլազգիներին հայաբնակ շրջաններում բնակեցնելը, երաշխավորել հայության իրական անվտանգությունը եւ այլն: Հանրահավաքի մասնակիցները միեւնույն ժամանակ Վրաստանի հայությանը կոչ են արել լինել զուսպ, զգույշ եւ համախմբված, չենթարկվել սադրանքների:
Թերեւս անհիմն կարելի է համարել վրացական իշխանությունների մոտեցումը, թե վեճը կենցաղային հիմք է ունեցել, քանի որ նմանօրինակ միջադեպեր էլի են եղել եւ նույն Ծալկայում: Երբ 90-ականներին Ծալկայի շրջան վերաբնակեցվեցին աջար եւ սվան ընտանիքներ, որոնք տեղավորվեցին շրջանից ժամանակավոր կամ ընդմիշտ հեռացած հույների սեփական բնակարաններում, շրջանում ազգամիջյան իրավիճակը լարվեց եւ մի կողմից հույների ու հայերի, մյուս կողմիցՙ աջարների եւ սվանների միջեւ սովորական դարձան ընդհարումները:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ