«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#43, 2006-03-10 | #44, 2006-03-11 | #45, 2006-03-14


ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ Է

2006 թ. գարունը կարեւոր պահ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում: Այս մասին, ըստ «Թրենդ» գործակալության ATV հեռուստաընկերությանը կատարած հղման, հայտարարել է երեկ Բաքու ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, ԱՄՆ պետդեպարտամենտի Եվրասիայում հակամարտությունների հարցով հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Մանը: Նա նշել է նաեւ, որ ըստ համանախագահների, 2006 թ.-ին հնարավոր է հասնել մեծ արդյունքների: Երկօրյա իր այցելության ընթացքում Մանը կհանդիպի Ադրբեջանի նախագահին, արտգործնախարարին: Նախատեսվում են նաեւ հանդիպումներ գործարարների եւ ՀԿ-ների ներկայացուցիչների հետ:

Հիշեցնենք, որ Մանն ուղեկցում է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հետ կապերի գծով տեղակալ Դանիել Ֆրիդին Ադրբեջան, Վրաստան, Հայաստան եւ Թուրքիա տարածաշրջանային այցելության շրջանակներում: ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն Ադրբեջանում այցելությունն ավարտելուց հետո այսօր կլինի Վրաստանում: Երկօրյա պաշտոնական այցելությունից հետո Դանիել Ֆրիդը կհանդիպի Երեւանում մարտի 15-16-ին: Մարտի 16-ին Ֆրիդը կուղեւորվի Անկարա, իսկ մարտի 17-ին կվերադառնա Միացյալ Նահանգներ:

Տարածաշրջանային այցելության շրջանում Դանիել Ֆրիդը բարձրաստիճան տարբեր այրերի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հակամարտություններին առնչվող հարցեր, իսկ Թուրքիայում բացի երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերից կքննարկվեն նաեւ կովկասյան երկրների հետ Թուրքիայի ունեցած հարաբերությունները:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4