Շաբաթ օրը Հաագայի բանտում կասկածելի հանգամանքներում մահացած Սլոբոդան Միլոշեւիչի մարմինը կամփոփվի հարազատ Բելգրադում: Այս մասին երեկ հայտարարեց Հարավսլավիայի նախկին նախագահի իրավաբանը, հիմք ընդունելով Միջազգային քրեական դատարանից ի պատասխան իր նամակի ստացված պատասխանը: Հոր դին Բելգրադ կտեղափոխի որդինՙ Բակո Միլոշեւիչը: Սերբիայի նախագահ Թադիչը հայտարարել է, որ Միլոշեւիչի թաղումը պետականորեն չի կազմակերպվի: Սակայն ենթադրվում է, որ տասնյակ հազարավոր սերբեր կմասնակցեն թաղմանը, այդպես արտահայտելով նաեւ իրենց զայրույթը Մ. Նահանգների եւ եվրոպական կառույցների ու հատկապես Հաագայի դատարանի դեմ, որին շատ սերբեր համարում են իրենց նախկին նախագահի սպանության մեղավոր, մանավանդ որ դեռեւս անցյալ շաբաթ նույն բանտում կախված էին գտել Խորվաթիայի սերբերի նախկին նախագահ Միլան Բաբիչին:
Սլոբոդան Միլոշեւիչի մահվան հանգամանքների վերաբերյալ այժմ առաջ է քաշվում 3 պատճառ: Առաջինըՙ թե նա ինքն է սրտի անբավարարության համար նշանակված դեղերն ըստ կամս ընդունելով պատճառ դարձել սեփական մահվան: Երկրորդըՙ թե նա մահացել է սրտային անբավարարության պատճառով, եւ երրորդՙ թե նրան սպանել են: Երեկ նշանակվեց կրկնակի հերձումՙ այս անգամ Ռուսաստանից ժամանած բժշկի մասնակցությամբ:
Համենայն դեպս, ինչպես երեկ հայտարարեց Հաագայի դատարանի շվեյցարացի դատախազ Կառլոս դել Պոնտեն, Սլոբոդան Միլոշեւիչի դատը կշարունակվի, արդեն հետմահու: