Թեեւ արշավը կանցկացվի, բայց ձախողում է նաեւ միասնական մոտեցման բացակայությունը
«Ազգը» մարտի 8-ի համարում «Թալեաթ փաշայի արշավին» անդրադառնալիս հանգել էր ձախողման եզրակացությանը: Դրա համար հիմք էր ծառայել այն, որ վարչապետ Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության պատգամավորները պաշտոնապես հրաժարվել էին մասնակցել արշավին, նրանց օրինակին հետեւել էին Գերմանիայում գործող թուրքական մի շարք կազմակերպություններ: Հատկանշական էր, որ պատգամավորները մինչ այդ ներկայացվում էին միջոցառման գործադիր խորհրդի կազմում: Իսկ վերոհիշյալ կազմակերպություններից «Բեռլինի թուրքական համայնք» կազմակերպությունն անմիջականորեն ստանձնել էր արշավի կազմակերպման պատասխանատվությունը:
Արշավին մասնակցելուց հրաժարվել է նաեւ Գերմանիայում գործող «Թուրք-իսլամական միությունը», որն իր հերթին ենթակա է կառավարությանն առընթեր կրոնական գործերի վարչությանը: Ավելին, միության ղեկավարությունը հատուկ հայտարարություն է արելՙ նշելով. «Չենք կարող մասնակցել այն միջոցառմանը, որի կազմակերպման համար որեւէ պատասխանատվություն չենք կրում: «Թուրք-իսլամական միությունը» որեւէ առնչություն չունի 2006 թ. մարտի 18-ին Բեռլինում նախատեսվող միջոցառման հետ, ոչ էլ միջոցառումն աջակցելու հայտարարություն է արել»:
Եթե վերոհիշյալ պատգամավորները ներկայացնում են Թուրքիայում իշխող կուսակցությանը, ապա այս կազմակերպություններին էլ հովանավորում է թուրքական կառավարությունը: Քանի որ դեռեւս մարտի 2-ին արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը Գերմանիայի թուրքական դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին արգելել էր «Թալեաթ փաշայի արշավին» մասնակցել, ուստի տրամաբանական է միջոցառմանը մասնակցելուց պատգամավորների հետ նաեւ կազմակերպությունների հրաժարվելը:
Դա պատահական չէ, թերեւս պայմանավորված է միջոցառմանը Գերմանիայի հակազդեցությամբ: Թերեւս փետրվարի սկզբներին Թուրքիայում Գերմանիայի դեսպան Բյորնը դեսպանատուն էր հրավիրել իշխող կուսակցության պատգամավոր, Թուրքիայի ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մեհմեդ Դյուլգերին եւ նախազգուշացրել. «Նախագծում առկա սպառնալից մոտեցումը, որում ներգրավված եք նաեւ ինքներդ, տարակուսանք է առաջացնում: Այս մոտեցումը չի նպաստի գերմանա-թուրքական հարաբերություններին»:
Խոսքը տվյալ դեպքում «Մեծ նախագիծ-2006»-ին կից կազմակերպչական կոմիտեի հայտարարության մասին է, որտեղ «Եվրոպայում բնակվող 5 միլիոն թուրքերին ոտքի հանելու եւ եվրոպական մայրաքաղաքները Փարիզի պես հրո ճարակ դարձնելու» սպառնալիքն էր հնչեցվում:
Ի դեպ, մարտի 1-ին «Թալեաթ փաշայի արշավի» գործադիր խորհրդի անդամները դիմել են Գերմանիայում Թուրքիայի դեսպան Իրթեմչելիքին, որն էլ նրանց ասել է. «Միջոցառման առնչությամբ ձեր ասածներն ինձ արդեն հայտնի են: Արշավի անցկացման որոշումից հետո մեզ դիմելը որեւէ իմաստ չունի: Պետք էր մինչ այդ դիմել: Հուսամ, որ այս միջոցառումը չի վնասի թուրք-գերմանական հարաբերություններին»:
Սա նշանակում է, որ արշավին դեմ է նաեւ Գերմանիայում Թուրքիայի դեսպանը: Այնուամենայնիվ, կազմակերպիչները միջոցառման համար գերմանական իշխանություններից թույլտվություն են ստացել, մարտի 18-ին արշավի մասնակիցներին Ստամբուլից, Անկարայից եւ Իզմիրից Բեռլին տեղափոխելու համար հատկացվել է երեք ինքնաթիռ, Գերմանիայում գործող Քեմալական մտածողության միություններն աջակցում են արշավին, որին անձնական նախաձեռնությամբ կմասնակցեն նաեւ գերմանաբնակ բազմաթիվ թուրքեր:
Այլ կերպ, արշավը տեղի կունենա: Պարզապես դա չի վայելի Գերմանիայում Թուրքիայի դեսպանության, ինչպես նաեւ թուրքական կառավարության աջակցությունը, եւ դրան չեն մասնակցի այն կազմակերպությունները, որոնց հովանավորում է կառավարությունը: Եթե արշավին դեմ են կառավարությունը, Գերմանիայում Թուրքիայի դեսպանությունն ու այնտեղ գործող թուրքական կազմակերպությունների գերակշռող մասը, ուրեմն կան միասնական մոտեցման բացակայությունից բխող հակասություններ կազմակերպիչների հետ, որոնք նույնպես ձախողման դրսեւորում են:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ