Լուծարվելու դեպքումՙ ամբողջությամբ, գործունեությունը շարունակելու դեպքումՙ մասնակիորեն
2003-2005 թթ. սոցապ վճարների եւ եկամտահարկի գծով նվազագույն գումարների պարտքեր եւ դրանց վրա տուգանքներ կուտակած անհատ ձեռներեցները դրանցից ազատվելու հնարավորություն ստացան, երբ անցյալ տարվա նոյեմբերին Ազգային ժողովն ընդունեց «Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի եւ պարտադիր սոցապվճարների արտոնություններ սահմանելու մասին» օրենքը: Ի՞նչ է նախատեսում այդ օրենքը եւ ինչպե՞ս են անհատ ձեռներեցները օգտվում դրա ընձեռնած հնարավորություններից: Այս մասին տեղեկություններ ստանալու նպատակով դիմեցինք հարկային պետական ծառայության սոցիալական վճարների եւ եկամտահարկի հսկողության վարչության պետ Արտաշես Բեյբությանին:
Վարչության պետը հայտնեց, որ անհատ ձեռնարկատերերը, համաձայն «Եկամտահարկի մասին» եւ «Սոցապվճարների մասին» օրենքների, անկախ գործունեություն ծավալելու կամ չծավալելու հանգամանքից, պարտավոր են ամսական որոշակի նվազագույն վճարներ վճարել: Անհատ ձեռներեցի նվազագույն վճարը 1 տարվա համար 60 հազար դրամ է, չհաշված տույժերը: Այդ մարդկանցից շատերը գործունեություն չեն իրականացրել եւ հարկեր էլ չեն վճարել, առանց տեղյակ լինելու, որ անգամ այդ դեպքում պետք է վճարեն նվազագույն սոցիալական վճարներ: Ինչի հետեւանքով էլ կուտակվել են պարտքեր եւ տույժեր: Ահա այդ խավին նոր ընդունված օրենքը պարտքից եւ հաշվարկված տույժերից ազատվելու երկու տարբերակ է առաջարկում: Առաջինը լուծարվելն է:
Մինչեւ մայիսի 1-ը պարտքեր ունեցող անհատ ձեռներեցները լուծարվելու դիմում են ներկայացնում տարածքային հարկային տեսչություններ, դիմումի հետ հանձնելով իրենց անհատ ձեռներեցի վկայականը: Այդ դեպքում նրանք ամբողջությամբ ազատվում են պարտքերից: Արտաշես Բեյբությանն ընդգծեց, որ չնայած հարկային ծառայությունը օրենքով իրազեկման պարտավորություն չունի, բայց ծառայության պետի հրամանով տարածքային տեսչությունները գրավոր ծանուցում են տալիս անհատ ձեռնարկատերերին, ներկայացնելով, թե ինչ իրավունքներ է նրանց ընձեռում օրենքը: Ներկա պահին ներկայացվել է լուծարման 1700 դիմում:
Ինչ մնում է նրանց, ովքեր ցանկանում են շարունակել իրենց գործունեությունը, ապա նրանք կարող են ազատվել պարտքերի մեծ մասից եւ շարունակել գործունեությունը: Դրա համար այդ անհատ ձեռներեցները 2006 թ.-ի հունվարի 1-ից մինչեւ մայիսի 1-ը պետք է վճարեն սոցվճարների գծով իրենց պարտավորությունների 30 տոկոսը, ազատվելով սոցվճարների մնացած մասից, տույժերից, ինչպես նաեւ եկամտահարկի նվազագուն գումարներից եւ տույժերից: Այդ դեպքում արդեն այս տարվա հունվարի 1-ից նրանք ընդհանուր կարգով կվճարեն օրենքով սահմանված հարկերը եւ կշարունակեն իրենց գործունեությունը:
Այս դեպքում մնում է մեկ այլ խումբ, որը չի դիմել հարկային տեսչություն լուծարվելու, ոչ էլ վճարել է սոցվճարների 30 տոկոսը գործունեությունը շարունակելու համար: Նոր օրենքով նախատեսվում է այդ անհատ ձեռնարկատերերին նույնպես լուծարել, բայց մեկ սահմանափակում դնելով: Նրանք չեն կարող մինչեւ 2009 թ. հունվարի 1-ը նորից գրանցվել որպես անհատ ձեռներեց եւ սկսել գործունեությունը, առանց 2003-2005 թթ. ընթացքում իրենց կուտակած պարտքը, որը պետությունը պատրաստ է զիջել, ամբողջությամբ վճարելու:
«Որքա՞ն է պարտքեր կուտակած անհատ ձեռներեցների ընդհանուր թիվը» հարցին Արտաշես Բեյբությանը պատասխանեց, որ մոտ 30 հազար է: Մինչդեռ ներկա պահին, երբ օրենքով նախատեսված ժամկետի ավելի քան մեկ երրորդն անցել է, ինչպես արդեն նշվեց, լուծարման դիմում են ներկայացրել միայն 1700-ը: Մինչդեռ հարկային ծառայությունը բազմիցս իրազեկել է ԶԼՄ-ներով, հիշեցման թերթիկներ, ծանուցագրեր ուղարկել, կոչ արել օգտվելու օրենքի ընձեռած հնարավորությունից: Մեր զրուցակիցն, առիթն օգտագործելով, հերթական անգամ նույն կոչն ուղղեց անհատ ձեռներեցներին, բացառելու համար վերջին օրերին հնարավոր հերթերն ու կուտակումները տարածքային տեսչություններում, եւ վերստին հիշեցրեց, որ դիմումներ ներկայացնելու վերջին ժամկետը մայիսի 1-ն է:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ