Երեւանում են Համաշխարհային բանկի փորձագետները, որոնց հետ այս օրերին գյուղնախարարության, բնապահպանության նախարարության պաշտոնատարները բանակցում են թռչնագրիպի դեմ համընդհանուր պայքարի հայաստանյան ծրագրի ֆինանսավորման համար: Հավանաբար 2 օր անց բանակցությունների արդյունքները պարզ կլինեն եւ կհրապարակվեն: Ինչպես տեղեկացանք թռչնագրիպի դեմ հանրապետական միջգերատեսչական օպերատիվ շտաբի պետ, գյուղատնտեսության փոխնախարար Լեւոն Ռուխկյանից, Հայաստանը 6 մլն դոլարի ակնկալիք ունի: Այդ գումարը կծախսվի լաբորատոր սարքերի ու սարքավորումների, ախտորոշիչ նյութերի, մասնագետների վերապատրաստման ու ուսուցման ծրագրերի, պատվաստանյութերի ձեռք բերման նպատակով: Տեխնիկական աջակցության շրջանակներում սպասվում է, որ դրամաշնորհ կտրամադրի նաեւ ճապոնական կառավարությունը:
ԱՄՆ դեսպանի եւ գյուղնախարարի մակարդակով երեկ նշվեց նաեւ ԱՄՆ կառավարության կողմից պաշտպանական արտահագուստի 1500 փաթեթների տրամադրումը Հայաստանին: Դրանք նախատեսված են թռչնագրիպի դեմ կանխարգելիչ միջոցառումների կամ հիվանդության առկա փաստերի դիտարկումների ժամանակ կրելու համար: Փաթեթում վերնահագուստ է, կոշիկներ, լատեքսային ձեռնոցներ, ակնոցներ ու դիմակներ:
Ի դեպ, գյուղնախարարի տեղակալը կրկին հավաստեց, որ Հայաստանում թռչնագրիպ չկա, եւ իրենց մնում է դատական գործ հարուցել այն լրատվամիջոցների դեմ, որոնք բնակչությանը խուճապահար անելովՙ ժամանակ առ ժամանակ կեղծ ահազանգեր են հնչեցնում:
Կ. Դ.