Արցախում թռչնագրիպ չկա. վստահեցնում են ԼՂՀ գյուղնախարարությունում: Թռչնագրիպի դեմ միջոցառումների շրջանակներում վերահսկողություն է տարվում չվող թռչունների վայրէջքի վայրերում, որոնք հիմնականում ջրային տարածքներն են: Գյուղնախարարության, առողջապահության նախարարության եւ արտակարգ իրավիճակների վարչության ներկայացուցիչներից բաղկացած խումբը շաբաթը երկու անգամ շրջայցեր է կազմակերպում Վարանդա գետի ներքին հոսանքի, Սարսանգի, Խաչենի ջրամբարների եւ ջրային մյուս տարածքներում: Հատուկ հսկողություն է իրականացվում նաեւ ԼՂՀ-ում գործող երկու թռչնաֆաբրիկաներում: Այստեղ թռչուններին մեկուսացված են պահում, իսկ նրանց խնամում են սահմանափակ թվով մարդիկ, որոնք եւս պարբերաբար ենթարկվում են ստուգման ու ախտահանման:
Այսուհանդերձ, վերջին շրջանում Արցախում թռչնի անկման 120 դեպք է արձանագրվել: Պաշտոնական մեկնաբանությամբՙ իրականացվել են փորձաքննություններ, 96-ի մոտ հայտնաբերվել է թռչնային խոլերա, իսկ մնացածի անկումը պայմանավորված է եղել ճիճվային հիվանդություններով եւ թունավորմամբ: Թռչնանկման այս դեպքերի կապակցությամբ, սակայն, բնակչության մեջ խուճապային տրամադրություններ չկան, թեպետ որոշ տանտիրուհիներ ապահովության նպատակով իրենց բակում պահվող ընտանի թռչուններն արդեն սկսել են մորթել:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ