«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#43, 2006-03-10 | #44, 2006-03-11 | #45, 2006-03-14


«ԱՆԻԿԱ ՄԵԾ ԱՍՏՂ ՄԸՆ Է»

1984 թ. մարտի 14-ին Հովհաննես Շիրազը հրաժեշտ տվեց երկրային կյանքին, եւ մարտի 17-ին նրա աճյունն ամփոփվեց Մեծերի Պանթեոնում:

«Անիկա մեծ աստղ մըն է»: Վիլյամ Սարոյանի գնահատանքն է, եւ այդ գնահատանքի մեջ բոլորիս համար խրատական մի խոսք էլ կա. «...մենք պետք է հպարտ զգանք եւ մեծ պատիվ համարենք անոր հետ ծանոթ ըլլալը»: Շիրազի ընթերցող բանակի (իր բառերն են) համար հիրավի պատիվ էր նրա ժամանակակիցը լինելը, նրան մոտիկից իմանալն ու նրա հետ շփվելը, նրա պոեզիայի լույսի ճառագումներն իր հոգում ու տրամադրության վրա զգալը: Սակայն իմ այսօրվա գրելիքը պոետի թողած գրական ժառանգությանը գնահատական տալը չէ` ես չէ, որ պիտի անեմ դա: Պարզապես նրա վախճանի օրը, չգիտեմ ում, չգիտեմ ինչու, կրկին ու կրկին պիտի տամ այն հարցը, թե ինչու՞ եւ ինչպե՞ս կարող էր համաժողովրդական սեր, համազգային ճանաչում ու համակրանք վայելող հայ պոետն իր երկրում դժվարություններ ունենալ: Եվ թե ինչու՞ էր Հայաստանում հաճախ սրտնեղունք տանող Շիրազն իր անտիպ գործերն ուղարկում սփյուռք` այնտեղ տպագրված տեսնելու:

Երբեւէ կգա այն գրականագետը, այն քննադատը, ով հանձն կառնի ներկայացնել «Շիրազը եւ սփյուռքը» մոտավորապես այսպիսի խորագիր ունեցող ծավալուն մենագրությունը, ուր հավուր պատշաճի պիտի ներկայացվի սփյուռքի գուրգուրանքն ու քնքշանքը «ընթերցողի ճանապարհին աշխարհսփռված ու փռված» (Գուրգեն Մահարի) Շիրազի հանդեպ: Եվ Հայաստան-Սփյուռք զուգահեռումների մեջ, ավաղ, պիտի նկատվի խորհրդային օրերի եւ Սփյուռքի` առ Շիրազ ունեցած վերաբերմունքի տարբերությունը: Խոսքը, անշուշտ, ընթերցողի մասին չէ, այլ` գրականությանը «ճամփա տալը» իրենց մենաշնորհը համարող մի քանի վայ ղեկավարների ու քննադատների, որոնք «չորս աչքով էին նայում» պոետի գործերը: Շիրազը դառնությամբ էր տանում այս տարօրինակ վերաբերմունքը, եւ սփյուռք ուղարկված նրա նամակներում խնդրանք էր ու առանձնակի ջերմություն: Եվ հիմա, այսօրը, հենց այսօրը ուզում եմ «Ազգ»-ի ընթերցողներին շատ համառոտ պատմել սփյուռքահայ շիրազասեր բյուրավոր մարդկանցից մեկի մասին, որի հետ Շիրազն ամենաակտիվ նամակագրությունն է ունեցել:

Իրանի Նոր Ջուղայի 7 հազար հայ ունեցող համայնքն առանձնակի գորովանքով է վերաբերվել Հովհաննես Շիրազին. նախաձեռնել է «Բիբլիական», «Սիամանթո եւ Խջեզարե» պոեմների, «Հուշարձան մայրիկիս» ժողովածուի եւ առանձին բանաստեղծությունների պարսկերեն թարգմանությունները, բազմաթիվ հոդվածներ եւ հուշեր տպագրել մասնավորապես «Ալիք» թերթում: Այդ ամենի նախաձեռնող եւ իրականացնողներից է ջուղայաբնակ բանաստեղծ, Ս. Ամենափրկիչ վանքի գրադարանի տնօրեն Լեւոն Մինասյանը` մի խենթ հայ, մի խենթ շիրազասեր, որն իր կյանքի բախտավորությունն է համարել «Հայ մեծանուն պոետի ձեռագրերն ունենալը, նամակներ գրել ու ստանալը, Շիրազի հետ հոգեւոր կապեր պահելը»:

Նոր ջուղայեցիները, որ 1970 թ. գարնանը քաղաքի բանուկ փողոցներից մեկը կոչեցին Շիրազի անունով, բազմաթիվ անգամներ անհատական ու խմբակային նամակներով, պաշտոնական գրություններով Շիրազին հրավիրել են Նոր Ջուղա. «...պատիվ ունենանք Ձեզ հետ քայլել Ձեր անվան պողոտայով, հայրենիքոտվենք ու կարոտներս առնենք Ձեզանից ու Հայրենիքից»:

«Շնորհապարտ եմ եւ ուրախ,- այդ լուրն առնելով նամակ էր գրել Շիրազը,- որ իմ անունը` թեկուզ մի շշուկի չափ, սատարանք է դառնալու ցրված իմ հայերի մեջ` ազգահայապահպանման դժվարին ու զորակարոտ սուրբ ու աստվածընծա գործում»:

Հովհաննես Շիրազը չհասցրեց գնալ Նոր Ջուղա (կուզեք փոխեք «չհասցրեց» բառը` չկարողացավ, չթողեցին...), եւ վերոնշյալ նամակն ավարտվում է միայն իրեն հայտնի մարդկանց դիմող պոետի մեծ ափսոսանքով. «...Գեթ իմ Շիրազով թողնեիք` անցնեմ»:

Հովհաննես Շիրազը ջերմագին սիրով էր կապված Նոր Ջուղայի հայերի հետ` նրա յուրաքանչյուր նամակ կամ էլ Ամանորի շնորհավորանքի բացիկ լրացվում էր «Այստեղի երբեմնակի նեղվածություններս փարատվում են ձեր ջերմության մեջ» խոսքերով եւ անպայման մի գողտրիկ ձոնով. «Իմ ողջույնը հայոց ոգու շափյուղային` իմ հայաշեն Նոր Ջուղային,-/ Թող Մասիսվեն Հայոց իղձերն աստեղային, նոր կյանք բերեն հին Ջուղային/ Հայահավաք մեծ Մասիսով մայր Արաքսն էլ չմռնչա էլ ջղային...»:

Վերջերս Գյումրիում Շիրազի հուշատուն-թանգարանը ստացավ Լեւոն Մինասյանի ուղարկած երկու ստվարածավալ թղթապանակ` Շիրազի տարբեր տարիների նամակները, Նոր Ջուղա ուղարկված բանաստեղծությունների բնագրերը, լուսանկարներ` դրանց վրա արված մակագրություններով, որոնցից յուրաքանչյուրը մի բանաստեղծություն է, մի պատգամ է, մի ողջույն ու սրտի խոսք.

«Ցրված հայեր, երգս ձեր մեջ ոսկե կամուրջ է կառուցում,

...Հազար կողմից, թոռներ Հայկյա, կամրջվեցեք բանաստեղծին:

Ցրվածներիս փնջել կուզեմ Մասիսի շուրջ եւ իմ ծոցում,

Թե չէ Հայոց վերջն էլ կգա, հավատացեք բանաստեղծին»:

Հովհաննես Շիրազի վախճանը շատ ծանր տարան Նոր Ջուղայի հայերը: Մինչ այդ նրանք փայփայում էին այն հույսը, թե մի օր պոետի այցելության հնարավորությունը կստեղծվի: Եվ 84-ին, երբ այդ հույսը վերջնականապես կորավ, Լեւոն Մինասյանն իր անձնական միջոցներով Շիրազի բրոնզաձույլ կիսանդրին տեղադրեց Ս. Ամենափրկիչ վանքի` Ներսես Շնորհալու անվան գրադարանի մուտքին (Քանդակագործ Ջաֆար Նաջիբի, նկարիչ` Վարդգես Տեր-Հարությունյան):

Կիսանդրու պատվանդանին փորագրված է Շիրազի տողերը, որ պոետը Ամանորի բացիկի վրա գրել էր` որպես շնորհավորանք համայն սփյուռքահայերին. «Մեծ ես, ազգ իմ, հոգով, երգով,/ Բայց թվով էլ դարձիր մեծ,/ Որ քեզ փրկես դու քո ձեռքով,/ Գալիքներում հողմամեծ»:

Ի դեպ, այդ նույն տեղում 1971-ին տեղադրվել էր վաղամեռ Պարույր Սեւակի կիսանդրին:

...1972 թ. Լեւոն Մինասյանը այցելեց Հայաստան, եւ Հովհաննես Շիրազին հանդիպելն իր կյանքի ամենաբախտավոր պահը համարեց:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՊԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4