«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#43, 2006-03-10 | #44, 2006-03-11 | #45, 2006-03-14


ԱՆԴՐԵԻ ԾՆՆԴԱՎԱՅՐԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՍՐՏՈՎԸ ՉԷ

Մարտի 12-ին ադրբեջանական «Դեյ.ազ» լրատվական գործակալությունը տարածել էր Ադրբեջանի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության մամուլի ծառայության հայտարարությունը, որի համաձայն նախարարությունը «չափազանց մտահոգված է» այն փաստով, որ Եվրոպական հեռարձակողների միության ինտերնետային էջում նշված է, որ «Եվրոտեսիլ» միջազգային երգի մրցույթին Հայաստանը ներկայացնող երգիչ Անդրեն ծնվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Նախարարությունն այս մասին նամակ է հղել մրցույթի կազմակերպիչներին:

«Այս փաստը կարելի է գնահատել որպես անհարգալից վերաբերմունք Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը եւ որպես սադրանք, եւ կարելի է մեկնաբանել մրցույթի կազմակերպիչների աջակցություն Հայաստանի ագրեսիվ քաղաքականությանը», նշված է նամակում: Ինչպես հաղորդում է ադրբեջանական գործակալությունը, նամակում ընդգծված է, թե «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի Հանրապետության անբաժանելի մասն է»: Ադրբեջանցիներն առիթը բաց չեն թողել հերթական անգամ տարածելու տեղեկատվությունը, թե իբր 1988 թ.-ից Հայաստանն ագրեսիայի է ենթարկել Ադրբեջանին, ռազմական գործողություններով գրավել Լեռնային Ղարաբաղը եւ դրան հարող Ադրբեջանի Հանրապետության շրջանները, որոնք Ադրբեջանի տարածքի 20 տոկոսն են: Ադրբեջանցիները մեկ անգամ եւս օգտագործել են այս առիթը եւ հայտարարել, թե իբր գրավյալ հողերից վտարվել է ավելի քան 1 մլն մարդ:

Նամակի հեղինակները համոզվածություն են հայտնել, թե «մրցույթի կազմակերպիչները, որ արժանապատվորեն ծառայում են մշակույթների երկխոսությանը, կշտկեն այդ թյուրիմացությունը եւ հարգանքով կվերաբերվեն միջազգային հանրության կողմից ճանաչված Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը»: Երեկ երեկոյան ադրբեջանական աղբյուրները, վկայակոչելով ադրբեջանական «Lider» հեռուստաընկերությանը, տեղեկատվություն տարածեցին, որ Եվրոպական հեռարձակողների միության երաժշտական մրցույթների ղեկավար Սվանտես Ստոկսելիուսը հայտարարել է, որ մոտ ապագայում «Եվրոտեսիլի» պաշտոնական էջում Անդրեի մասին տեղեկատվությունում փոփոխություններ կմտցվեն: «Մրցույթը քաղաքական միջոցառում չէ, այդ պատճառով «Եվրոտեսիլի» պաշտոնական էջում տեղադրված տեղեկատվությունը քաղաքական ենթատեքստ ունենալ չի կարող», ասել է նա:

Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի նախագահ Ալեքսան Հարութունյանն Ադրբեջանի այս քայլը դիտարկում է իբրեւ Բուդապեշտում, Ջուղայում իրականացրած անհեթեթությունների շղթայի հերթական օղակ: «Ադրբեջանի քայլերը վերջին շրջանում բավականին հիստերիկ դրսեւորումներ ունեն, «Ազգի» հետ զրույցում ասաց Ալեքսան Հարությունյանը: Այս բողոքը նույն անհեթեթությունների շարքն է»:

Ադրբեջանը, որ Եվրոպական հեռարձակողների միության անդամ չէ, «ո՛չ մասնակցում է «Եվրոտեսիլին», ո՛չ էլ առաջիկա տարիներին դրա հնարավորությունն ունի, ասաց պրն Հարությունյանը: Կարծում եմ, անհեթեթություններով զբաղվելու փոխարեն ավելի լավ կլինի, որ փորձեն այս միության անդամ դառնալ եւ Հայաստանի ու մյուս երկրների երգիչների հետ երգով մրցեն», ասաց Ալեքսան Հարությունյանը:

ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4