«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#43, 2006-03-10 | #44, 2006-03-11 | #45, 2006-03-14


ԿԱՆԱՅՔ ԲԱՐԿԱՑԵԼ ԵՆ

Կանանց հիմնախնդիրների մասին դեռ խոսում են

Պատրա՞ստ է արդյոք այսօր հայ հասարակությունը, որ կանայք քաղաքականությամբ զբաղվեն, մասնակցեն պետության եւ հասարակության կյանքում կարեւոր որոշումների կայացմանը, ակտիվ դերակատար լինեն քաղաքացիական հասարակության կայացման գործում: Այս հարցերը հնչում էին ՀՅԴ ԳՄ կանանց հանձնախմբի կազմակերպած «Կնոջ դերը քաղաքացիական հասարակության ձեւավորման գործընթացում» խորհրդաժողովի ժամանակ, «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցում, շաբաթ օրը:

«131 տեղից ո՞ր տեղերն եք պատրաստվում վերցնել», կուսակցական, ՀԿ-ների ղեկավար եւ գործադիր իշխանությունը ներկայացնող կանանցից կազմված լսարանին հարցրեց սոցիոլոգ Լյուդմիլա Հարությունյանը եւ Նորա Հակոբյանի «30» պատասխանին այսպես արձագանքեց. «6-ն էլ եք կուսակցությունների շնորհիվ վերցրել. խորհրդարանի մի տեղում գործարար է, որը 200 հազար է դրել` վերջում 600 հազար ստանալու հաշվարկով, մեկ ուրիշը տանիքի կարիք ունի, երրորդը շատ մեծ կլան ունեցողն է. հիմա կանայք ո՞ր տեղը վերցնեն»: Բայց նա, այնուամենայնիվ, հույսը չի կորցնում, որ բիրտ տնտեսական մտածելակերպն ի վերջո հնարավոր կլինի փոխարինել փափուկ սոցիալական մտածելակերպով, եւ այդ հույսի գոյության համար երեք գործոն է տեսնում` հասարակությունը գոյատեւման ժամանակահատվածից զարգացման հատված է մտնում, եվրոպական արժեքներով միայն կարող է հասարակությունը Եվրոպայի մաս դառնալ եւ կանայք արդեն բարկացել են:

Խորհրդաժողովին, որ բավական ներկայացված էր Հայաստանի ակտիվ կանանցով, կանանց վիճակի բարելավման կառավարության ազգային ծրագրի իրագործման խոչընդոտների ու ձեռքբերումների մասին եւս տեղեկացվեց: Հենց այդ ծրագիրն ավելի ուշ նկատի ուներ ՀՅԴ կանանց հանձնախմբից Հասմիկ Ավետիսյանը, երբ ասում էր, թե վստահ կլինեինք, որ չեն ձեւացնում, եթե այդ ծրագրերը ֆինանսավորված լինեին բյուջեից: Հանձնախմբից Մարիա Թիթիզյանն էլ համոզված էր, որ կանանց հիմնախնդիրների լուծումն ու իրավունքների պաշտպանությունը լիարժեք կարող է իրականացվել կառավարության, քաղաքական կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների համատեղ ջանքերով միայն: Զեկուցումների ընդհանուր հայտարարն այն էր, որ չնայած ոչ վատ օրենսդրությանը` անկախացման տարիներին կանանց մասնակցությունը հասարակության եւ պետության կյանքին համընթաց չի եղել, բարձր է կանանց գործազրկությունը, աշխատավայրերում նրանց հանդեպ խտրականություն եւ սեռական ոտնձգության դեպքեր են առկա, ընտանեկան բռնությունը եւս բացակա չէ մեր ընտանիքներում: Ըստ աշխատանքի եւ սոցապահովության նախարարության ներկայացուցիչ Լալա Ղազարյանի` գենդերային համաթվով աշխարհի 70 երկրների շարքում Հայաստանը 62-րդն է: Բոլոր ներկաները միասին պնդում էին, որ վիճակը փոխելու հրամայականն է առկա, եւ հենց հիմա է այն պահը, որ նպատակամետ քայլերով պետք է սկսենք փոխել իրավիճակը:

Մեկ երկու հետաքրքրական միտք խորհրդաժողովը ներկայացնող ՀՅԴ քաղաքական վերնախավի ողջույնի ելույթներից: ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյան. «Հասարակությունները, որոնց կանայք ստրուկ են, դաստիարակում են ոչ թե քաղաքացի, այլ ստրուկ»: Աշխատանքի եւ սոցապ նախարար Աղվան Վարդանյան. «Պետք չէ ծայրահեղացնել, պարբերաբար ունենում ենք նման պրոբլեմներ, ծայրահեղացնելով` ուշադրություն գրավել, մեր պարագայում չեմ կարծում, որ արդարացված է»:

Բոլոր բուռն ու վիճակը փոխելու պատրաստ բանախոսների խոսքին անընդհատ նոր ուտելիք համտես անող մարդու դեմքի արտահայտությամբ հետեւում էր խորհրդաժողովի պատվավոր հյուրը` Հայաստան ժամանած Սոցինտերնի կանանց կազմակերպության ղեկավարներից Մառլեն Հաասը:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հ.Գ. Վերջում բերենք Լյուդմիլա Հարությունյանի մի դիտարկում. «Հայաստանում նախընտրական ժամանակահատված է, եւ բոլոր կուսակցությունները կուզենան որպես կանանց իրավունքների ջատագովներ ժողովրդավարի իմիջ ձեւավորել: Բայց իրական արդյունքը կերեւա նրանց նախընտրական ցուցակներում. եթե, իհարկե, Հայաստանում ընտրությունները իրական ընտրություն եւ ոչ թե նշանակում լինեն»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4