«Պայքարի համար վախենալու որեւէ խնդիր չկա, երբ տեսնում են, որ ամուր կանգնած պայքարում ես, կհարգեն»
Վերջերս պարզ դարձավ, որ վրաց եկեղեցին Հայաստանում թեմ ունենալու որոշում է կայացրել: Ընդ որում, նման որոշում կայացնելու հիմք է ներկայացվում «պատմական թեմը» վերականգնելու մտադրությունը: Եվ սա արտաքուստ արվում է մի քանի տասնյակ վրացիների եւ վրացախոս հայերի համար: Մինչդեռ մոտ 400 հզ. հայերի համար Վրաստանում կրոնական խնդիրների առումով իրավիճակը մնում է նույնն արդեն տասնյակ տարիներ: Վրաստանի խորհրդայնացումից հետո հայ հոգեւոր-եկեղեցական եւ մշակութային ժառանգության նշանակալի մասը անցավ պետությանն ու վրաց եկեղեցուն: Այսօր քիչ բան է փոխվել: Թբիլիսիում 5 (Նորաշեն, Ս. Նշան, Ս. Մինաս, Մուղնեցուց Ս. Գեւորգ եւ կիսափուլ Շամխորեցոց Ս. Աստվածածին) եւ Ախալցխայում 1 (Ս. Նշան) հայկական եկեղեցիների հարցը մնում է խնդրահարույց: Թե ինչով է պայմանավորված Հայաստանում վրաց եկեղեցու թեմի ձեւավորումը, թե ինչ է արվում հիշատակված եկեղեցիների վերադարձման առնչությամբ եւ ինչ այլ խնդիրներ ունի Վիրահայոց թեմը, «Ազգի» հետ զրույցում տեղեկացրեց թեմի առաջնորդ, Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Սրբազան, ի՞նչ կասեք վերջերս հայտնի դարձած այն տեղեկության մասին, որ վրաց եկեղեցին որոշել է Հայաստանում թեմ ունենալ: Ո՞րն է դրա հիմնավորումը եւ ի՞նչ դիրքորոշում կարող է ունենալ հայ եկեղեցին` տեղեկացված չլինելով վրաց սինոդի նման որոշման մասին:
- Դա որոշել է վրաց եկեղեցու օրենսդիր գերագույն մարմին սուրբ սինոդը: Ընդ որում, այդ որոշումը միանգամից գործի է դրվում, եւ Հայաստանում վրաց եկեղեցու թեմը կցված է Դմանիսիի թեմին: Թե հետագայում իրենք կգան Հայաստան եւ Հայաստանի պետության միջոցով կվավերացնեն իբրեւ առանձին թեմ, չեմ կարող ասել: Սա երկրորդ օրինակն է, առաջինը եղել է Թուրքիայի տարածքում հռչակված թեմը, որ կոչվում է Թաոկլարջեբի եւ կցված է Ախալցխայի թեմին, բայց Թուրքիայի կողմից իրավական ճանաչում չունի: Ըստ իրենց, սինոդի նման որոշմամբ վերականգնում են պատմական թեմը, բայց ըստ մեր պատմաբանների, իրենք երբեք Տաշիրում թեմ չեն ունեցել: Եղել են պատմական քաղկեդոնիկ (վրացադավան) եկեղեցիներ, որոնց հոգեւոր սպասավորների մի մասը եղել են հայազգիներ, բայց առանձին թեմ չի եղել: Թեմ եղել է Անիում, Կարսում, բայց Տաշիր-Ագարակում չեն ունեցել: Հայ եկեղեցին դեմ չէ, որ որեւէ քույր եկեղեցի մեզ մոտ թեմ ունենա: Խնդիրն այն է, որ կա ավանդություն, որ եթե մի տարածքում թեմ պիտի ստեղծվի, նոր հոգեւորական նշանակվի, տվյալ երկրի մեջ եկեղեցու պետին տեղյակ են պահում, մինչդեռ իրենք արել են սա հույժ գաղտնի վիճակում, անգամ վրաց հասարակությունը չգիտի այդ որոշման մասին: Վիրահայոց թեմն էլ դեմ չէ թեմ ստեղծելուն, ուղղակի լավ կլիներ պատշաճությունը պահվեր եւ Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը տեղյակ լիներ: Եվ երկրորդ, Վրաստանի ներսում իրենք նպաստեին, որ 400000 հայության կրոնական իրավունքները պաշտպանվեին:
- Իսկ ներկա պահին ի՞նչ խնդիրների հետ է կապված, այսպես կոչված, վիճահարույց եկեղեցիների հարցը, եւ ի՞նչ է անում թեմն այդ ուղղությամբ:
- Երկու խնդիր կա: Առաջինը եկեղեցիների` շենքերի եւ դրանց հողերի վերադարձն է: Երկրորդը` Վրաստանում կրոնի օրենքի չգոյությունն է, որով, բացի վրաց եկեղեցուց (2002 թ.-ին պետության հետ սահմանադրական պայմանագրով ունեցավ բարձր կարգավիճակ), մյուս կրոնական կազմակերպությունները չունեն իրավաբանական կարգավիճակ: Սրանք չլուծել նշանակում է մշտապես թողնել այս խնդրահարույց վիճակը, որը խանգարում է ինչպես տեղում, այնպես էլ Վրաստանից դուրս հայ-վրացական հարաբերություններին:
- Որքանո՞վ են թեմի բարձրացրած հարցերը արձագանք ստանում Վրաստանի իշխանությունների, վրաց եկեղեցու կողմից:
- Կարծում ենք, վերջին շրջանում թեմի բարձրացրած հարցերը արդեն ուշադրության են արժանանում: Օրինակ, վերջերս Նորաշեն եկեղեցու արձանագրություններից մեկ տառ ջնջվել էր, դիմեցինք մշակույթի նախարարություն, արագ արձագանքեցին եւ ստանձնեցին այդ տառի վերականգնումը: Եվ նաեւ հասարակական մթնոլորտում արդեն հնչում է, որ հայության հարցը պիտի լուծվի: Հայերը ինչպես խորհրդային տարիներին ունեին երկու գործող եկեղեցի Թբիլիսիում, այդպես էլ մնաց, մինչդեռ հայտնի է, որ խորհրդայնացումից առաջ Թբիլիսիում գործում էր 27 եկեղեցի: Կան նաեւ եկեղեցիներ, որոնք հատկապես 90-ականների սկզբին վրացականացվել են, դրանց հետ պահանջելու հարցը բավական բարդ է: Մենք առայժմ այդ խնդրին չենք անդրադառնում: Մեզ մեր ժողովրդի հոգեւոր կարիքները հոգալու համար հարկավոր են այս հինգ եկեղեցին Թբիլիսիում եւ Ս. Նշան եկեղեցին Ախալցխայում:
- Ի՞նչ պետական կառույցների եք դիմել, ինչպե՞ս է հնարավոր լուծել հայկական եկեղեցիների հարցը, եւ արդյոք կա՞ նման պատրաստակամություն:
- Բացի երկրի օմբուդսմենի մեծ մասշտաբով հարցը բարձրացնելուց, առայժմ որեւէ արձագանք չկա: Այստեղ ավանդույթ կա նամակներին չպատասխանելով պատասխանել: Բայց մենք շարունակում ենք հարցերն առաջ քաշել եւ հավատում ենք, որ ժողովրդավարությունը այստեղ` Վրաստանում կզարգանա եւ հարցի լուծման դրական տրամադրություններ կլինեն: Վրաստանում, ի տարբերություն Հայաստանի, ձեւավորված է քաղաքացիական հասարակություն: Այստեղ որեւէ խնդրի շուրջը ձեւավորվում է հանրային կարծիք, եւ դրա միջոցով էլ հարց է լուծվում: Ներկա դրությամբ հանրային կարծիքը հօգուտ հայության չէ: Եվ այն քաղաքական իրադարձությունները, որ տեղի են ունեցել եւ ունենում Կովկասում, առայժմ չեն տանելու նրան, որ նման տրամադրություններ լինեն: Սակայն որոշ քաղաքագետների, հասարակական կարեւոր գործիչների եւ վրաց եկեղեցու առաջադեմ բարձրաստիճան հոգեւոր սպասավորներ գիտակցում են, որ այս հարցերը լուծել է պետք: Մյուս կրոնական համայնքները` իսլամական, կաթոլիկ եկեղեցին, հրեական համայնքը, բապտիստական, լյութերական եկեղեցիները, նույնպես կողմ են, որ առանձին օրենք ընդունվի կամ էլ օգտագործվի կոնկորդատի տարբերակը:
- Ի՞նչ հավանականություն կա, որ հայկական եկեղեցիների հարցը կարող է դրական լուծում ստանալ: Արդյոք հասարակությունը պատրա՞ստ է նման հարցերին պատասխան տալ:
- Հայաստանում կրոնական դաշտը շատ ազատ է, կրոնական կամ ազգային փոքրամասնությունները եթե որեւէ խնդիր են բարձրացնում պետության առաջ, դրանք բավականին լավ եւ հեշտ լուծվում են: Վրաստանում այդպես չէ: Այստեղ մարդիկ մտահոգություն ունեն, թե դրանով կարող է վտանգվել պետության կամ ազգի անվտանգությունը, մտածում են, եթե հայությունը ունենա իր թեմն ու համապատասխան կարգավիճակը, ապա կարող է որպես պահանջատեր հանդես գալ խորհրդային տարիներին հայությունից վերցված բազմաթիվ մշակութային-հոգեւոր օջախների խնդիրներով: Սակայն մենք բազմիցս բացատրել ենք, որ աշխատում ենք միայն մեր էթնոսի հետ, այսինքն` մարդորսության խնդիր չունենք: Այսօր ծրագիր ունենք մեր ունեցածը պահպանելու, նորոգելու, որի համար դեռ շատ աշխատանքներ կան կատարելու: Ուրիշ հարցերի կանդրադառնանք իր ժամանակին, երբ համապատասխան մթնոլորտ կլինի: Այս հարցերի լուծումով մթնոլորտը բավական կլավանա, որովհետեւ Վրաստանը գրեթե կրոնապետության է վերածված: Ի տարբերություն Հայաստանի, որտեղ, մեղմ ասած, կրոնի հանդեպ սառը վերաբերմունք կա, այստեղ ամբողջ ժողովրդով եկեղեցու մեջ են, եւ եկեղեցին մեծ դեր ունի երկրի եւ ժողովրդի կյանքում: Ուստի վրաց եկեղեցու եւ հայության միջեւ լավ հարաբերությունները կբերեն նաեւ վրաց-հայկական հարաբերությունների լավացմանը:
- Ի՞նչ վիճակում են հայկական եկեղեցիներն ընդհանրապես Վրաստանում եւ մասնավորապես Թբիլիսիում: Արդյոք դրանք նորոգվո՞ւմ են, միջոցներ կա՞ն կանգուն պահելու առանց այն էլ սակավաթիվ գործող եկեղեցիները Վրաստանում:
- Ջավախքի տարածքում եկեղեցիների նորոգությունը շարունակվում է. միայն անցյալ տարի երեք եկեղեցի ենք վերաօծել: Այս տարի երեք-չորսը նորոգության ընթացքի մեջ են: Այդ ամենն իրականացնում են տեղի համայնքները: Մայրաքաղաքի երկու եկեղեցիների` Ս. Գեւորգի եւ Ս. Էջմիածնի նորոգությունը կսկսվի այս տարի: Մայր աթոռը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ եւ հիմնադրամի արգենտինյան մասնաճյուղը անձնական միջոցներ են հայթայթում Ս. Էջմիածին եկեղեցու ամբողջական նորոգության, համապատասխան սրահների կառուցման համար, որպեսզի եկեղեցին լինի ոչ միայն հոգեւոր օջախ, այլեւ հայ տուն: Սա ամենայն հավանականությամբ կսկսվի ապրիլ ամսից: Իսկ Ս. Գեւորգի վերականգնման եւ նոր առաջնորդարանի կառուցման նախագծերը պատրաստ կլինեն գարնան վերջին, եւ աստծու ողորմածությամբ Ս. Գեւորգը կնորոգվի, ու առաջնորդարանը կկառուցվի Լոս Անջելեսի հայության օգնությամբ: Այս գործի անմիջական հետեւողը Վեհափառ հայրապետն է, ում նախանձախնդիր հետեւողական աշխատանքով էլ հայթայթվել են միջոցները:
- Մոտ երկու տարի առաջ «Ազգի» հետ զրույցում նշեցիք մեկ այլ կարեւոր հարց` կադրային վիճակը: Ի՞նչ է փոխվել այս ընթացքում եւ արդյոք հայ եկեղեցին բավարար սպասավորներ ունի՞ Վրաստանում:
- Շատ ճիշտ հարց եք բարձրացնում: Եկեղեցին պահպանվում է ժողովրդով եւ հոգեւորականով: Այստեղ ժողովուրդը նախանձախնդիր է իր եկեղեցու, իր հավատքի, մշակույթի հանդեպ, բայց ունենք հոգեւորականի պակաս: Այս հարցերը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի եւ կաթողիկոսության առջեւ բարձրացված են եւ կամաց-կամաց լուծվում են: Այս տարի մենք ունեցանք նոր քահանա, հավանաբար տարվա ընթացքում եւս երկու-երեք հոգեւոր սպասավորներ կգան ծառայության, սակայն դա էլ քիչ է: Ծալկայի շրջանում, որտեղ 13 հայկական գյուղ կա, հոգեւորական չունենք, Մառնեուլում եւ Բոլնիսում հոգեւորական չունենք, այսօր նույնիսկ Բաթումում չունենք, Ջավախքի տարածքում Ախալքալաքի 60-ից ավելի գյուղերը սպասարկում է մի քահանա, Նինոծմինդան ունի մեկ քահանա, Ախալցխան` նույնպես մեկ քահանա: Այսուհանդերձ, 10 հոգեւորական ունենք Վրաստանում, Սամցխե Ջավախքի 6 շրջանները հանդես են գալիս փոխառաջնորդությամբ` հայր Բաբկեն վարդապետ Սալբյանն է երեք քահանաների հետ: Ախալքալաքում գործում է փոխառաջնորդարանի գրասենյակ: Իսկ առաջնորդարանում ձեւավորում ենք տարբեր հանձնախմբեր` մշակութային, սպորտի, երիտասարդության: Գործում է նաեւ տեղեկատվական կենտրոն, որը զբաղվելու է հայության մասին հրապարակումների եւ հաղորդումների վերլուծությամբ: Մինչեւ այսօր լուռ ունկնդիր էինք, մեր ցասումն արտահայտում էինք տարբեր կերպ, այսօր մենք ուժեր ենք հավաքում պատասխան տալու հակահայկական հոդվածներին: Կան թերթեր, որ շատ հակահայկական հոդվածներ են տպագրում, զավեշտ է, բայց հայկական հարցը վրացական ԶԼՄ-ների համար վերածվել է բիզնեսի: Որոշ խմբագիրներ հայության հետ որոշ հանդիպումներում մտերմաբար ասում են, որ եթե հայկական թեմաներ չշոշափեն, թերթը չի վաճառվի: Հակահայկական վերտառությամբ նյութերը ապահովում են վաճառքը:
- Կարելի՞ է ասել, որ նման տրամադրություն կա միայն հայկական հարցի առնչությամբ, թե՞ նման երեւույթների են առնչվում նաեւ իսլամական կողմը, հրեական համայնքը կամ այլք:
- Հակահայկական նյութերի ծարավ հասարակության մեջ կա: Օրինակ, մի թերթում գրված էր, թե աբխազները չեն սպանել վրացիներին, այլ հայերը, թեեւ բովանդակության հիմնական մասն այն էր, թե ինչպես վրացիները դավաճանել են վրացիներին, կարեւորությունը, սակայն, տրված էր հենց հայերին վերաբերող մասին: Կամ էլ ինչ-որ վրացի պատմաբան գրում է, թե շատ լավ են արել թուրքերը, որ կոտորել են հայերին: Կամ 1918 թ. մի կիրճում լավ արեցին վրացիները, որ կոտորեցին Ջավախքից փախած հայերին, երբ թուրքերը հարձակվել են Ջավախքի վրա: Լուրջ գիտնականները նման հայտարարություններ չեն անում, բայց ոմանք օգտագործում են իրավիճակը:
Երկու հարց եւս. Հայաստանում վրացահայ կամ հայ-վրացական հարաբերությունները մի քանի հոգի են վերլուծում, մեկնաբանում իրենց տեսանկյունից, որ արդեն հոգնեցուցիչ է: Կյանքը փոխվել է, գործիչները փոխվել են, նաեւ մթնոլորտը, դրա համար ամեն բան չէ, որ պիտի իրենց իրավունք վերապահեն ամեն անգամ վերլուծելու` ելնելով իրենց սուբյեկտիվ տեսանկյունից եւ իրականությունից կտրված: Իսկ Հայաստանի լրատվամիջոցները պիտի ուշադիր լինեն վրացահայությանը, եկեղեցուն կամ Վրաստանին վերաբերող նյութերի հանդեպ: Նույնիսկ Հայաստանի առաջին ալիքով լսում ենք չճշտված տեղեկություններ: Այսինքն` Հայաստանի լրատվական դաշտը մնացել է շատ բաց, ինչ նետվում է, անմիջապես առանց ճշտելու դրվում է, եւ դա օգտագործում են այստեղի որոշ ուժեր իրենց նպատակների համար: Բացի այդ, Հայաստանում շատ մտահոգ են, որ վրացահայությունը եթե իր հարցերն այսօր բարձրացնում է, դրանով կրակի վրա բենզին է լցնում: Թող չվախենան: Պայքարի համար վախենալու որեւէ խնդիր չկա, երբ տեսնում են, որ ամուր կանգնած պայքարում ես, կհարգեն:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Թբիլիսի-Երեւան