«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#43, 2006-03-10 | #44, 2006-03-11 | #45, 2006-03-14


ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԻ ՓԱՌԱՀԵՂ ՆՎԱՃՈՒՄԸ

Լեւոն Արոնյանը շախմատային իր հարուստ կենսագրությունում նոր փառահեղ նվաճման հասավ: Նա դարձավ ավանդաբար ուժեղ կազմ ունեցող Լինարեսի գերմրցաշարի հաղթող` 14 հնարավորից վաստակելով 8,5 միավոր, ինչն իրոք գերազանց արդյունք է: Հայ գրոսմայստերը մեկ անգամ եւս ապացուցեց, որ այսօր համարվում է աշխարհի ուժեղագույն գրոսմայստերներից մեկը եւ որ անցյալ տարեվերջին Խանտի Մանսիյսկում աշխարհի գավաթակրի տիտղոսի նվաճումն օրինաչափ էր:

Լինարեսի մրցաշարի վերջնագիծն իրոք բավական հետաքրքրական ու դրամատիկ պայքարով առանձնացավ: Նախավերջին տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի ավարտեց պարտիան ֆրանսիացի Էթիեն Բաքրոյի հետ եւ վաստակեց 7,5 միավոր: Վճռորոշ նշանակություն ունեցող Թոփալովի եւ Լեկոյի մրցավեճն ավարտվեց աշխարհի չեմպիոնի հաղթանակով: Հունգարացի գրոսմայստերը, որ մինչ այդ 7,5 միավորով միանձնյա առաջատարն էր, մրցաշարում առաջին պարտությունը կրեց: Հաղթանակ տոնեց նաեւ ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը` պարտության մատնելով ռուսաստանցի Պյոտր Սվիդլերին: Իվանչուկն էլ հաղթեց Վալյեխոյին:

Այսպիսով, ավարտական տուրից առաջ միանգամից չորս շախմատիստներ` Արոնյանը, Թոփալովը, Ռաջաբովն եւ Լեկոն իրենց օգտին ունեին հավասար` 7,5-ական միավոր: Մրցաշարի հաղթող դառնալու ամենամեծ հնարավորությունը թվում էր թե ուներ Թոփալովը, որը վերջին տուրում սեւերով խաղալու էր հետնապահի դիրքում հայտնված իսպանացի Վալյեխոյի հետ: Գերադասելի էին թվում նաեւ Ռաջաբովի հաղթելու հնարավորությունները, որի մրցակիցը Էթիեն Բաքրոն էր: Իսկ ահա Լեւոն Արոնյանը սեւերով մրցելու էր Պետեր Լեկոյի հետ: Շատերն այն կարծիքին էին, որ վերջին մրցախաղում մրցակիցները խաղաղ դաշն կկնքեն: Սակայն նրանք սխալվեցին: Հենց այդ մրցախաղում գրանցվեց տուրի միակ արդյունավետ պարտիան, որն էլ վճռորոշ եղավ մրցաշարի հաղթողին ի հայտ բերելու գործում: Հայ գրոսմայստերն իրեն պարզապես հիանալի դրսեւորեց` ի վերջո ստիպելով մրցակցին անձնատուր լինել: Բաքրո-Ռաջաբով պարտիայում մրցակիցներն ընդամենը 20 քայլ կատարեցին եւ խաղաղ դաշն կնքեցին: Ոչ-ոքի ավարտ ունեցավ նաեւ Սվիդլեր-Իվանչուկ, Վալյեխո-Թոփալով պարտիաները:

Այսպիսով, Լեւոն Արոնյանը փայլուն հաղթանակով նշանավորեց իր նորամուտը Լինարեսի գերմրցաշարում: Անցկացրած 14 պարտիաներում Լեւոնը տոնեց 5 հաղթանակ, 7 հանդիպում ավարտեց ոչ-ոքի եւ կրեց ընդամենը 2 պարտություն (Թոփալովից ու Իվանչուկից): Աշխարհում ներկայումս 5-րդ վարկանիշն (2752) ունեցող Լեւոն Արոնյանի ցուցանիշը Լինարեսի մրցաշարից հետո էլ ավելի կաճի:

2-3-րդ տեղերը 8 միավորով բաժանեցին աշխարհի չեմպիոն Վեսելին Թոփալովը եւ Թեյմուր Ռաջաբովը: 4-րդ տեղում 7,5 միավորով Պետեր Լեկոն է, որը գրեթե մրցաշարի ողջ ընթացքում գլխավորում էր աղյուսակը, սակայն ավարտական տուրում կրած 2 անընդմեջ պարտությունները ճակատագրական եղան: Հաջորդ տեղերում են Վասիլի Իվանչուկն ու Պյոտր Սվիդլերը` 6,5-ական, Էթիեն Բաքրոն` 6 եւ Ֆրանսիսկո Վալյեխոն` 5 միավոր:

Մրցաշարի ավարտից անմիջապես հետո «Սպորտ Էքսպրեսի» թղթակիցը հարցազրույց է ունեցել Լեւոն Արոնյանի հետ, որն անշուշտ կհետաքրքրի մեր ընթերցողներին:

- Լեւոն, ինչպիսի՞ ապրումներ ունես աշխարհի գավաթակրի կոչմանը Լինարեսի մրցաշարի հաղթողի տիտղոսն ավելացնելուց հետո:

- Իմ բոլոր հարազատները երջանիկ են, բոլոր ընկերներս եւ Հայաստանի ողջ ժողովուրդն ուրախանում են: Եվ ինձ հաճելի է, որ իմ հաջողությունով նրանց նման հաճույք եմ պատճառել:

- Ինչպե՞ս ես գնահատում ելույթներդ Լինարեսում:

- Ավարտական տուրից առաջ հաղթողի հավակնորդներս չորսն էինք: Ինձ հաջողվեց հաղթել Լեկոյին, որը նախորդ տուրում Թոփալովից կրած ցավալի պարտությունից հետո դեռեւս ուշքի չէր եկել: Չէի ասի, թե գերազանցեցի մրցաշարի բոլոր մասնակիցներին, պարզապես ինձ հաջողվեց ավարտական տուրում չափազանց կարեւոր հաղթանակ տոնել:

- Մինչ այդ մասնակցե՞լ էիր երկու շրջանով մրցաշարի:

- Ոչ:

- Եվ ինչպիսի՞ն են տպավորությունները:

- Այստեղ ավելի դժվար է խաղալը, քան սովորական մրցաշարերում: Սպիտակներով ոչ-ոքի խաղալիս մտածում ես, որ երկրորդ շրջանում մրցակիցը կարող է քեզ պատժել:

- Եվ պատժո՞ւմ էին:

- Զիջել եմ միայն Թոփալովի եւ Իվանչուկի հետ մրցախաղերում, իսկ մյուս հինգ մրցակիցների հետ հանդիպումներում դրական արդյունքի եմ հասել:

- Թոփալովից պարտությունը շատ ցավագին ընդունեցիր: Իսկ Իվանչուկն իրո՞ք արժանի հաղթանակ տարավ:

- Թոփալովն ինձ գերազանցեց, ինչը բավական ժամանակ ոչ մեկին չէր հաջողվում: Իսկ ահա Իվանչուկին կարելի է ասել ինքս պարտվեցի: Սկզբնախաղում այնքան էլ լավ դիրք չստացա, սակայն հաջողվեց շտկել դրությունը: Հետո Իվանչուկը հայտնվեց ահավոր ցայտնոտում` հինգ քայլի համար ընդամենը 20 վայրկյան, իսկ ես բավական ժամանակ ունեի: Սակայն փոխանակ հանգիստ խաղայի, արագորեն մի քանի քայլ կատարեցի եւ սխալվեցի:

- Լեկոն ավարտական տուրի պարտիայում քեզ ոչ-ոքի առաջարկե՞լ էր:

- Նա առաջարկեց հաշտություն կնքել 17-րդ քայլից հետո:

- Եվ ի՞նչ պատասխանեցիր:

- Պատասխանեցի, որ կմտածեմ: Որպեսզի հասկանար, որ նրան լսեցի: Իսկ հետո հերթական քայլը կատարեցի:

- Ինչպե՞ս հաջողվեց սեւերով հաղթել հզոր մրցակցին:

- Նա ընկճված էր նախորդ տուրում Թոփալովից կրած պարտությունից: Չէ՞ որ այդ պարտիայում հեշտությամբ կարող էր ոչ-ոքի արդյունքի հասնել:

- Դու 23 տարեկան ես: Ինչ-որ նպատակներ քո առջեւ շախմատում դրե՞լ ես:

- Երբեք իմ առջեւ նպատակ չեմ դրել: Երջանիկ լինելու բոլոր հիմքերն ունեմ: Հարազատներս ինձնով հպարտանում են, բարեկամներս` ուրախանում: Էլ ի՞նչ է հարկավոր երջանիկ լինելու համար:

- Հարցն այլ կերպ ձեւակերպեմ: Կցանկանայի՞ր աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղ անցկացնել:

- Այդ մասին երբեք չեմ մտածել: Եթե հարկ լինի` կխաղամ: Սակայն ոչ վաղը (ծիծաղում է):

- Իսկ ի՞նչ կարծիքի ես Մագնուս Կառլսոնի հետ աշխարհի առաջնության հավակնորդների մրցախաղի մասին:

- Լավ կլիներ այն Նորվեգիայում անցկացվեր, դեռեւս այնտեղ չեմ եղել...

- Մագնուսն իր հայրենիքում պետության աջակցությունն է վայելում եւ եթե դու ցանկանաս, ապա սիրով մրցախաղը կկազմակերպեն Նորվեգիայում: Սակայն պատանուն հարկ կլինի հաղթել: Ափսոսանք չե՞ս զգա համակրելի տղային նեղացնելու համար:

- Եթե հաղթեմ, ապա հնարավոր է նաեւ արտասվեմ: Իսկ եթե պարտվեմ, ինձ կհամարեմ բարի կամքի դեսպան (ծիծաղում է): Ի դեպ, մրցախաղը կայանալու է աշնանը, ուստի դրա մասին դեռեւս լրջորեն չեմ էլ մտածում:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4