«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#43, 2006-03-10 | #44, 2006-03-11 | #45, 2006-03-14


ՀՐԱՉՅԱ ՌՈՍՏՈՄՅԱՆ. «ԲԱՍԿԵՏԲՈԼԻՆ ՊԵՏՔ Է ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՏԱԼ»

Այսօր Երեւանում տեղի կունենա ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի (ՀԲՖ) հաշվետու-ընտրական կոնֆերանսը, որտեղ կքննարկվեն ներկայիս հիմնախնդիրները: Կոնֆերանսը պետք է ընտրի նաեւ ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի:

Այս առիթով զրույց ունեցանք ՀՀ ԲՖ-ի նախագահի թեկնածու, բասկետբոլի միջազգային կարգի մրցավար Հրաչյա Ռոստոմյանի հետ: Նա 25 տարեկան է, Եվրոպայում առաջինն է, ով 22 տարեկան հասակում ստացել է միջազգային մրցավարի կոչում: Ի դեպ, Սարաեւոյում տեղի ունեցած մրցավարների քննության ընթացքում 4-րդն էր այն 6-ից, ովքեր 27 թեկնածուներից ընտրվեցին որպես մրցավարներ: Հ. Ռոստոմյանը Հայաստանի 5-ակի չեմպիոն է, ՀՀ բասկետբոլի հավաքականի ավագն էր: Մարզական աշխատանքը համատեղում է ատամնաբույժի պրակտիկայի, Երեւանի բժշկական համալսարանի օրդինատուրայում եւ ֆիզկուլտուրայի ինստիտուտում հեռակա ուսուցման հետ:

- Այսօր Հայաստանում բասկետբոլ ըստ էության համարյա չկա եւ այս սիրված մարզաձեւը ակտիվ աշխատանք է պահանջում,- ասաց Հ. Ռոստոմյանը.- ՀՀ ԲՖ-ի ուշադրությանն եմ ներկայացնելու ՀՀ բասկետբոլի զարգացման իմ ծրագիրը, ըստ որի նախՙ հատուկ ուշադրություն է դարձվելու մարզաձեւի հիմքինՙ մանկապատանեկան բասկետբոլին: ՀՀ ԲՖ-ն պետք է շատ լավ տիրապետի մարզաձեւի անցուդարձին, տեղյակ լինի, թե երկրում բասկետբոլի գծով որտեղ ինչ կա, ինչ պետք է արվի: ՀՀ ԲՖ-ն հիմնականում կատարում էր զուտ տեխնիկական ֆունկցիաներՙ մրցումների տեխնիկական ապահովում, մրցավարների տրամադրում, մինչդեռ առկա են բազմաթիվ հիմնախնդիրներ: Պետք է նպաստել բասկետբոլի լիարժեք կայացմանը եւ զարգացմանը, աջակցել ակումբներին եւ հավաքականներին, հատուկ ուշադրություն դարձնել մարզերին: Շատ սուր է մարզիչների եւ մրցավարների խնդիրը: Նրանց մեծամասնությունըՙ հանրաճանաչ Ռաֆայել Չոլախյանը, Կառլեն Մանուկյանը, Ալեքսանդր Վեհապետյանը եւ ուրիշները տարեց մարդիկ են եւ նրանց արժանի հերթափոխ պետք է պատրաստել: Ցածր աշխատավարձերի, որոշ սուբյեկտիվ պատճառների հետեւանքով շատ մասնագետներ հեռացել են բասկետբոլից, որում ընդհատվել է մեղմ սերնդափոխությունը, մինչդեռ ընդունակ տղաներ եւ աղջիկներ կան (Արմեն Հովհաննիսյան, էդգար Դավթյան եւ ուրիշներ): Ի դեպ, կանանց բասկետբոլը անհամեմատ ավելի ծանր վիճակում է: Թիմերի քանակը շատ քիչ է, տղամարդկանց մրցաշարի չեմպիոն «Գրանդ» ակումբը հաղթանակներ է տանում 50 եւ ավել միավորների տարբերությամբ: Մինչդեռ Արարատի մարզում կա «Ավարայր» թիմ, էջմիածնում նույնպես լավ խաղացողներ կան: ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը խոստացել է 4 միլիոն դրամ հատկացնել բասկետբոլի գույքի համար, Գյումրիում գործարար Ռոբերտ Զաքարյանը խոստացել է աջակցել քաղաքի թիմին:

Ի դեպ, բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԲԱ ) տնօրեն, բուլղարացի Կոստա Իլիեւի խոսքերով, ՖԻԲԱ-ն նույնպես կարող է աջակցել ՀԲՖ-ին:

Ռուսաստանի Վոլոգդա քաղաքի ակումբի նախագահ Արկադի Պողոսյանը պատրաստ է բազմակողմանի համագործակցության, լավ կապեր կան Իրանի բասկետբոլի հետ: Մարզական աշխարհը ակտիվորեն զարգանում է, նոր նախագծեր, մրցումներ են ծնվում, բասկետբոլը ավելի դինամիկ եւ գրավիչ է դառնում եւ Հայաստանը նույնպես իր տեղը պետք է ունենա այս գործընթացումՙ եզրակացրեց Հ. Ռոստոմյանը:

ԶԱՎԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ, ԱՐՄԵՆՊՐԵՍԻ թղթ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4