«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#43, 2006-03-10 | #44, 2006-03-11 | #45, 2006-03-14


ԴԱՆԻԵԼՅԱՆՆ ՈՒ ՄԿՐՏՉՅԱՆԸ ՀԱՂԹԱՀԱՐԵՑԻՆ ԱՌԱՋԻՆ ԱՐԳԵԼՔԸ

Լինարեսի մրցաշարի ավարտից հետո շախմատասերների ուշադրությունը բեւեռվել է Եկատերինբուրգին, որտեղ մեկնարկել է շախմատի աշխարհի կանանց առաջնությունը: Աշխարհի չեմպիոնուհու տիտղոսի համար մրցավեճը սկսեցին 64 շախմատիստուհիներ, որոնք վիճակահանությամբ բաժանվել են զույգերի: Մրցաշարն անցկացվում է նոկաուտ համակարգով եւ յուրաքանչյուր զույգում պարտվողը թողնում է մրցասպարեզը:

Հայաստանի երկու ներկայացուցիչներն էլ` Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը հաջողությամբ հաղթահարեցին առաջին փուլի արգելքը: Մրցակիցների` ռումինացի Քրիստինա Ֆոյսորի եւ չին շախմատիստուհի Ժուան Լուֆեյի հետ պարտիաներն ընթացան նույն սցենարով: Առաջին երկու պարտիաներում գրանցվեց ոչ-ոքի, իսկ արագ շախմատի կանոններով անցկացված լրացուցիչ մրցախաղում Դանիելյանն ու Մկրտչյանը հաղթանակներ տոնեցին երկրորդ պարտիայում, առաջինն ավարտելով ոչ-ոքի: Երկրորդ փուլում Դանիելյանի մրցակիցը կլինի ռուսաստանցի ուժեղագույն շախմատիստուհիներից մեկը` աշխարհի փոխչեմպիոնուհի Ալեքսանդրա Կոստենյուկը: Վերջինս 2-0 հաշվով պարտության էր մատնել Կանադայի չեմպիոնուհի Նատալյա Խուդգարյանին: Լիլիթը հաջորդ փուլում կհանդիպի Չմիլիտեի հետ: Հետաքրքրական է, որ եթե հայ շախմատիստուհիները հաջողությամբ հաղթահարեն նաեւ երկրորդ փուլը, ապա հաջորդում մրցելու են միմյանց հետ: Պայքարից դուրս մնաց մեր մյուս հայրենակցուհի, Եվրոպայի նախկին չեմպիոնուհի Էլմիրա Սկրիպչենկոն, որը 0,5-1,5 հաշվով պարտվեց Խուսկային: Անակնկալների շարքին պետք է դասել նաեւ Նադեժդա Կոսինցեւայի եւ Լախնոյի պարտությունները:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4