Երեք ամսից ավելի հացադուլի մեջ գտնվող եւ զինծառայողներ Մովսես Մկրտումյանի եւ Ռոման Եղիազարյանի սպանության մեջ մեղադրվող Ռազմիկ Սարգսյանի ու նրա համածառայողներ Մուսա Սերոբյանի եւ Արայիկ Զալյանի գործով դատավարությունը վերաքննիչ դատարանում վերսկսվել է: Հիշեցնենք, որ զինծառայողների սպանության մեջ մեղադրվող 3 երիտասարդներն իրենց անմեղությունն ապացուցելու համար հացադուլ էին հայտարարել, որից ամենաերկարը Ռազմիկ Սարգսյանի ժամկետն էր: Երկար ժամանակ հացադուլի մեջ գտնվող երիտասարդի առողջական վիճակի խիստ վատթարացման պատճառով դեկտեմբերին դատավարությունն անժամկետ հետաձգվել էր: Միայն հունվարի 10-ին, բազմաթիվ հասարակական եւ մի քանի միջազգային կազմակերպությունների, ինչպես նաեւ ամբաստանյալների փաստաբանների եւ հարազատների հորդորներից հետո Ռազմիկը դադարեցրել էր հացադուլը եւ գտնվում էր Նուբարաշենի մեկուսարանի բուժմասում:
Վերսկսված դատավարության մոտ յոթ նիստերի ժամանակ դատարանը (նախագահող Մ. Արղամանյան) հրապարակել էր Ռազմիկ Սարգսյանի նախաքննության ընթացքում տրված ցուցմունքները, իսկ արդեն երեկվանից հրապարակեց Մուսա Սերոբյանի նախաքննական ցուցմունքներում եղած հակասությունները: Հաջորդը դատարանը պատրաստվում է անդրադառնալ Արայիկ Զալյանի նախաքննական ցուցմունքին:
Ցուցմունքներում առկա հակասություններն ու անճշտությունները Մուսա Սերոբյանը հիմնականում բացատրում էր նրանով, որ ցուցմունքները ինքը ստորագրել է առանց կարդալու` զուտ պաշտպանի խոսքերով, իսկ չի կարդացել, որովհետեւ ծեծված վիճակի հետեւանքով ի վիճակի չի եղել: Գրեթե նույնն էին պնդում նաեւ ամբաստանյալների հարազատներն ու փաստաբանները` նշելով, որ երիտասարդներից ցուցմունքները կորզվել են խոշտանգումներով: Փաստաբան Ստեփան Ոսկանյանն ասաց, որ իրենք ցանկանում են տղաների տված նախաքննական ցուցմունքներն ուղարկել լրացուցիչ ստուգման եւ գնահատման:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ