«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#44, 2006-03-11 | #45, 2006-03-14 | #46, 2006-03-15


ՆՎԻՐՈՒՄ ՈՍԿԵՊԱՐԻ ՄԱՐՏԵՐԻ 15-ԱՄՅԱԿԻՆ

1991 թ. մայիսի 6-ին, Ոսկեպար սահմանամերձ գյուղը շրջափակված էր խորհրդային բանակի զորքով ու օմօնականներով: Հրաման տրվեց գյուղը դատարկել պաշտպաններից` հիմնականում ոստիկաններից... Գյուղի ինքնապաշտպանության համար մղված կռվում ոստիկանությունը ապացուցեց, որ ինքը ոչ միայն երկրի ներսի կարգ ու կանոնը պահպանելու համար է, այլեւ զենքը ձեռքին կռվելու: Ոսկեպարը լինելով հարավային դարպասը, կարեւոր նշանակություն ու դեր խաղաց` թշնամուն հետ շպրտելով սահմանամերձ տարածքներից:

Գրող Իգնատ Մամյանի «Վիրավոր լեռան ճիչը» գիրքը նվիրված է Ոսկեպարի մարտերին: Գրքի շնորհանդեսը կայացավ երեկ գրողների միության լեփ-լեցուն դահլիճում: «Իմ այս գիրքը նվիրված է այն անկոտրում ոգուն, որ դրսեւորեցին մեր տղաները մայիսի 3-6-ը, որոնց խաբեությամբ խորհրդային զորքի մի ստորաբաժանում գերեվարեց ու հանձնեց Ադրբեջանի օմօնին եւ 101 օր պահեցին Գանձակի բանտում»: Երեք դաժան ու ծանր օրերը ճակատագրական եղան ոսկեպարցիների համար: Տալով 16 զոհ եւ մի քանի տասնյակ վիրավորներ, ոսկեպարցին մնաց անկոտրում ու կին գյուղապետի` Հրուշ Աղբալյանի հետ Կատարքա լեռան բարձունքում մահվանն ընդառաջ, պաշտպանեցին հայրենի հողը: 1991-ի Ոսկեպարի մայիսյան ողբերգությունից հետո բանաստեղծ Իգնատ Մամյանը հրատարակում է «Եղերական լուսաբաց» փոքրիկ գիրքը` նվիրված գյուղի զոհված պաշտպաններին, ավելի ուշ` փաստավավերագրական «Վիրավոր լեռան ճիչը» վեպը: «Առաջին անգամ այս գրքում ներկայացվում է հայ ոստիկանների սխրանքները», գրքի շնորհանդեսին նշեց ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արարատ Մահտեսյանը եւ խոստացավ բարելավել այն սոցիալական վատ պայմանները, որ ծառացել են զոհվածների ընտանիքների առջեւ: Ցավալիորեն, դեռ կան զոհվածներ, որ կարգավիճակ անգամ չեն ստացել:

Գրքի մասին գովեստի խոսքեր հնչեցրին ՀԳ միության նախագահ Լեւոն Անանյանը, Ներսես Աթաբեկյանը, իրավաբան Հովիկ Հախվերդյանը, Նելլի Շահսուվարյանը եւ ուրիշներ: Միջոցառումը իրենց ներկայությամբ պատվել էին հերոսաբար կռված Գեւորգ Հակոբջանյանը, Նիկոլայ Քոչարյանը, Հարություն Ղազինյանը, Շահում Մելքոնյանը, Տիգրան Սարգսյանը, Հրուշ Աղբալյանը եւ ուրիշներ:

Ամեն գարուն Կատարքա լեռան լանջին ծաղկող ձնծաղիկները ընծա են անմահ հերոսների հիշատակին ու ոսկեպարցիների անկոտրում կամքին: Այդ ծաղիկների փնջերից էլ զարդարվում է Ոսկեպարի կենտրոնում հերոսների հիշատակին կանգնեցված խաչքարը:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4