«Կալիֆոռնիա կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը «Ազգին» երեկ ուղարկած հոդվածում նշում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հայտարարություն անելու համար Հայաստանում Մ. Նահանգների դեսպան Ջոն Էվանսին հետ կանչելու կոշտ որոշումը վիրավորել է աշխարհում սփռված հայերին եւ զայրացրել Կոնգրեսի շատ անդամների: Չնայած դրան, այդ որոշումը հաստատող պաշտոնական պատասխան առայժ չի հնչել:
Պետքարտուղարության խոսնակի մարտի 8-ի, 10-ի եւ 13-ի ճեպազրույցների ժամանակ թղթակիցների պարզաբանումներ պահանջող հարցերին տրվել են անորոշ պատասխաններ, հարցն ուսումնասիրելու խոստումներ: Մարտի 13-ի ասուլիսում հնչել է գրեթե նույն պատասխանը, ինչ Հայաստանում Մ. Նահանգների դեսպանատանը մարտի 8-ին հրավիրված Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Մեթյու Բրայզայի ասուլիսի ժամանակՙ «Մեր երկրի դեսպանները մեր երկրի նախագահին են ծառայում: Դեսպան Էվանսն ու նրա կարողունակ թիմը վայելում են ադմինիստրացիայի լիարժեք վստահությունը»:
Սասունյանն անդրադարձել է հիշյալ ասուլիսի ժամանակ տեղ գտած թարգմանական անճշտություններին, որոնց մասին հիշատակվել է «Ազգի» մարտի 10-ի համարում:
Իր հոդվածում խմբագիրը նշել է, որ Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի մարտի 8-ին տարածած հաղորդագրության մեջ ասվել է, որ կոմիտեի նախագահը խիստ նամակ է գրել պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսին, պահանջելով արձագանքել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար Էվանսին դիվանագիտական աշխատանքից հետկանչելու վերաբերյալ տարածված հայտարարություններին:
Պետքարտուղարին դիմել են նաեւ բազմաթիվ կոնգրեսականներՙ Գրեյս Նապոլիտանոն, Ֆրենկ Փալոնը, Ադամ Շիֆը: