«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#44, 2006-03-11 | #45, 2006-03-14 | #46, 2006-03-15


ԹԵԹԵՎ ՀՈՎԻԿԻՑ ԱԴՐԲԵՋԱՆՆ ԷՅՖՈՐԻԱՅԻ ՄԵՋ Է

Չլինելով Եվրոպական հեռարձակողների միության (ԵՀՄ) անդամ եւ «Եվրոտեսիլ» մրցույթին մասնակցելու իրավունք չունենալովՙ Ադրբեջանը հակահայ քարոզչություն փորձում է նույնիսկ այնտեղ իրականացնել: Հիշեցնենք, որ անդրկովկասյան 3 հանրապետություններից միայն Հայաստանը, լինելով հեռարձակողների միության լիիրավ անդամ, «Եվրոտեսիլին» մասնակցելու հնարավորություն ունի: «Եվրոտեսիլի» պաշտոնական կայքում տեղադրված են Հայաստանը ներկայացնող երգիչ Անդրեի կենսագրական տվյալները, որտեղ նշված է նրա ծննդավայրըՙ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտ: Կիրակի օրը Ադրբեջանի մշակույթի նախարարի բողոքի նամակին ի պատասխան «Եվրոտեսիլի» կայքէջում երգչի ծննդավայրի անունը հանվեց:

Սա, սակայն, չի բավարարում ադրբեջանցիներին: Չնայած նախորդ օրերին մրցույթի կազմակերպիչները հայտարարել էին, որ «Մրցույթը քաղաքական միջոցառում չէ, այդ պատճառով «Եվրոտեսիլի» պաշտոնական էջում տեղադրված տեղեկատվությունը քաղաքական ենթատեքստ ունենալ չի կարող» (տես «Ազգ», 14.03.2006), մեր հարեւանները այն փորձում են քաղաքականության վերածել: Երեկ «Դեյ.ազ» լրատվական գործակալությունը տեղեկություն տարածեց, որի համաձայն Ադրբեջանի արտգործնախարարը համապատասխան ցուցում է ներկայացրել Եվրոմիությունում Ադրբեջանի դեսպանին: Արիֆ Մամեդովը եվրոպական կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպումներ կունենա` ներկայացնելու խնդրի վերաբերյալ Ադրբեջանի տեսակետը: Առավել ծիծաղելի է իրեն «Ղարաբաղի ազատագրության կազմակերպություն» հռչակող մի կառույցի ղեկավարի առաջարկը` արգելել Անդրեի ելույթը «Եվրոտեսիլում»:

Մեր հարեւանները պատրաստ են թեթեւ հովիկից այսքան ոգեւորվել: Այսպիսով, տեղեկատվությունը տարածվում է, Անդրեի վարկանիշը` բարձրանում:

Թ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4